«Ներկայիս խորհրդարանական մեծամասնությունն ընտրվել է հիմնականում վարչապետ Փաշինյանի անձնական բարձր հեղինակությամբ պայմանավորված և այժմ վարչապետի վարկանիշի նվազման ֆոնին այլևս չի ներկայացնում մեր հասարակության մեծամասնությանը և աստիճանաբար հայտնվելու է իրական քաղաքական գործընթացների լուսանցքում»,- «Առավոտի» զրուցակիցն է «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Արա Գասպարյանը:
– Հեղափոխությունից մեկ տարի անց ի՞նչ արձանագրումներ կանեք, ի՞նչ իրավիճակ ունենք:
– Մեկ տարի է անցել երկրում իշխանության փոփոխությունից և հասարակությունն ակնկալում էր նոր վարչապետից համակարգային փոփոխությունների իրականացում: Թվում էր, թե երկիրը մտել է անցումային փուլ, սակայն այս ընթացքում խորքային, համակարգային փոփոխությունների հիմքեր այդպես էլ չդրվեցին: Դրական սպասումների մթնոլորտից բացի, փոփոխություններ չենք տեսնում ոչ տնտեսական (մոնոպոլիստներն ուղղակի դարձել են սեփականատեր, «հերթ կանգնած ներդրողների» պատճառով էլ օտարերկրյա ներդրումները կրճատվել են 10 անգամ), ոչ էլ քաղաքական համակարգերում: Ընդամենը դերակատարներն են փոխվել, բայց ոչ դերային պահվածքներն ու դրանք պայմանավորող նորմերը:
Ակնկալվում էր՝ կձևավորվեն իշխանության թևերի միջև ավելի հավասարակշռված հարաբերություններ և իշխանության օրենսդիր, գործադիր ու դատական թևերի միջև իրական տարանջատում և փոխզսպումներ կլինեն: Սակայն ներկայիս վարչակազմն այլևս չի ցանկանում փոխել նախկինում իրենց իսկ կողմից այդքան քննադատված Սահմանադրությամբ ձևավորված սուպերվարչապետական ինստիտուտը: Իսկ գործադիր իշխանության աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու խոստումները վերջին կառուցվածքային փոփոխությունների արդյունքում դարձան խիստ կասկածելի, քանի որ կրճատվեցին Սփյուռքի, մշակույթի, գյուղատնտեսության նախարարությունները, որոնք կարևորագույն գործառույթներ պետք է իրականացնեին:
Կարդացեք նաև
Փոխարենը, ստեղծում են ներսում միանգամից տարբեր և իրար հետ կապ չունեցող ոլորտներ ներառող սուպերնախարարություններ, որոնք անխուսափելիորեն կանգնելու են կառավարելիության հիմնախնդրի առջև: Եվ, ընդհանուր առմամբ, վարչական համակարգի արդյունավետությունը սկսում է նվազել, ինչը լուրջ խնդիր է դառնում պատերազմի սպառնալիքի տակ գտնվող երկրի համար: Վարվող անհասկանալի կադրային քաղաքականության մասին էլ, կարծում եմ, ծույլերը միայն չեն խոսում:
– Ձեր բնութագրմամբ` վարչական համակարգի անարդյունավետությունն անհասկանալի կադրային քաղաքականության հետևա՞նք է նաև, թե՞ միայն կառավարման համակարգի:
– Խնդիրն այն է, որ իշխանության է եկել անփորձ, համակարգային կառավարման կարողություններից զուրկ ուժ, որն ընդամենը հենվում է հասարակության մի մասի պահային տրամադրությունների վրա: Պետության կառավարման վերաբերյալ այդ ուժի պատկերացումները բավականին հեղհեղուկ են և այն հետամուտ է իր իշխանության ամրացման մարտավարական մանր հարցերի: Երկրի առջև ծառացած ռազմավարական և նորացման հիմնախնդիրները լուծելու փոխարեն՝ օրվա քաղաքական իշխանությունը խորացնում է հասարակության ներսում առկա բաժանարար գծերը, իշխանության թևերը հանում իրար դեմ, արհեստական սրացումներ մտցնում Երևանի և Ստեփանակերտի միջև, քաղաքական ընդդիմադիրների դեմ կիրառում վարչական ռեսուրս ու արդեն նշմարվում են քրեական տարրերի օգտագործման միտումներ, որոնք հիշեցնում են նախորդ ռեժիմի արատավոր գործելաոճը:
Կառավարող ուժը չունի աշխարհաքաղաքական կենտրոնների հետ լուրջ հարաբերություններ (ոչ ԱՄՆ-ի, ոչ ՌԴ-ի, ոչ Եվրամիության կողմից համենայնդեպս աջակցություն չենք տեսնում): Ռուս-ամերիկյան հարաբերությունների սրման ֆոնին էլ չունենք մշակած քաղաքականություն, թե ինչպե՞ս պետք է մեզ դրսեւորենք` չունենք վարքի ալգորիթմ: Վերոնշյալ ուժը չի վայելում հայության ազդեցիկ հատվածների վստահությունը և ստեղծվել է տարօրինակ վիճակ, երբ Փաշինյանի վարած քաղաքականության արդյունքում բոլորն ընդդիմադիր կեցվածք են ստանձնել, այնինչ նրանց ուժերը և կարողությունները կարող են ի սպաս դրվել երկրի զարգացմանը։
Վերոնշյալ իրողություններն, ի վերջո, հանգեցնելու են լուրջ ներքաղաքական և արտաքին քաղաքական սրացումների ու դրանցից հնարավորիս անկորուստ դուրս գալու համար անհրաժեշտ է իրականացնել խոստացված փոփոխություններն առնվազն «ՀՀ ընտրական օրենսգրքում» և «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքում, այնուհետև լուծարել ներկայիս Ազգային ժողովն ու նոր ձևաչափով կազմակերպել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, որից հետո հնարավոր կլինի հասնել զսպումների և հակակշիռների մեխանիզմով իշխանության ճյուղերի ճշգրիտ հավասարակշռման: Ներկայիս խորհրդարանը նպատակ չունի, ինչպես նաև ունակ չէ հակակշռելու գործադիր իշխանությանն ու ապահովելու երկրի խնդիրների ծավալներին և բարդությանը համարժեք քաղաքական ու իրավական բովանդակություն: Հարկ է նկատի ունենալ, որ ներկայիս խորհրդարանական մեծամասնությունն ընտրվել է հիմնականում վարչապետ Փաշինյանի անձնական բարձր հեղինակությամբ պայմանավորված և այժմ վարչապետի վարկանիշի նվազման ֆոնին այլևս չի ներկայացնում մեր հասարակության մեծամասնությանը և աստիճանաբար հայտնվելու է իրական քաղաքական գործընթացների լուսանցքում։
– Նոր խորհրդարանական ընտրությունների անցկացումը կնշանակի, որ վարչապետն իր դիրքերը կկորցնի: Համենայնդեպս, դատելով վերջին շրջանի հանրային տրամադրություններից, չարդարացված սպասումներից եւ Աբովյան քաղաքում կայացած քաղաքապետի ընտրություններից, վարչապետի ղեկավարած ուժն այլեւս հնարավոր է 80 և ավելի տոկոսներ չհավաքի: Ինչո՞ւ պիտի Նիկոլ Փաշինյանը զիջի դիրքերը:
– Մեր, որպես հասարակության և պետության խնդիրը քաղաքական մշակույթի, համակարգի և գործելակերպերի արդիականացումն է, այլ ոչ թե քաղաքական այս կամ այն ուժի դիրքերի ուժեղացումը կամ թուլացումը։ Այժմ հնարավորություն կա քաղաքական դաշտում մեկը մյուսին ոչնչացնելու սուր կոնֆլիկտային գործելակերպերից անցնելու մրցակցային և համագործակցային մոդելի, որում անշուշտ իր դերակատարումը կունենա նաև Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժը, եթե կիսի երկրի կառավարման պատասխանատվությունն այլ կարող ուժերի հետ։ Բանն այն է, որ մեր երկրի հիմնախնդիրները բարդ են և բազմաշերտ ու ակնայտ է, որ մեկ քաղաքական ուժ, ինչքան էլ դրա առաջնորդը բարձր վարկանիշ ունենա, չի կարողանալու դրանց ճշգրիտ լուծումներ տալ, իր վրա կենտրոնացնելով հուսախաբ հանրության զայրույթը (հիշենք ՀՀՇ-ի օրինակը):
Հայաստանյան քաղաքական համակարգի հիմնական արատը եղել և մնում է իշխանության մենաշնորհը, որն ինքնըստինքյան առաջացնում է նաև այլ ոլորտներում մենաշնորհներ և քաղաքական ու տնտեսական միջավայրերի սերտաճում (այդ իմաստով ներկայումս ՀՀԿ-ին ընդամենը փոխարինել է ՔՊ-ն)։ Ուստի համակարգի արդիականացման տեսանկյունից շատ կարևոր է, որ որևէ քաղաքական ուժ չունենա իշխանության թևերում մենաշնորհ, իշխանության օրենսդիր և գործադիր թևերը դառնան առավել ներառական՝ ներկայացնեն հասարակության լայն շերտերի շահերը, և միաժամանակ իրական տարանջատում ու փոխզսպումներ լինեն իշխանության օրենսդիր, գործադիր և դատական թևերի միջև:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
15․06․2019 թ․