Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Սամվել Մարտիրոսյանը՝ վարչապետի հարցազրույցի դիսլայքերի մասին․ «Րոպեում 10-20 դիսլայքը Հայաստանի համար նորմալ թվեր չեն»․ «Հայկական ժամանակ»

Հունիս 15,2019 10:10

«Շանթ» հեռուստաընկերությանը տված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հարցազրույցը «գրոհի» թիրախ է դարձել: Բանն այն է, որ «Շանթ»-ի «Youtube»-ի ալիքում տեղադրված տեսանյութը ունի մոտ 1600 հավանում կամ լայք՝ ինչպես ընդունված է ասել, որը գրեթե մի քանի ժամ է՝ լուրջ փոփոխությունների չի ենթարկվում, փոխարենը՝ կտրուկ բարձրանում, հետո իջնում, այնուհետեւ կրկին բարձրանում են դիսլայքերը: Մոտ կես ժամ առաջ այն 230 դիսլայք ուներ, որը 5-6 րոպեում հասավ 560-ի, իսկ րոպեներ անց նվազեց մի քանի տասնյակով:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը պատմեց, թե ինչպես է հնարավոր այս վայրիվերումը:

«Մեխանիզմները հիմնականում երկուսն են: Առաջինն այն է, որ մարդիկ շատ գրանցված էջեր ունեն, «Youtube»-ը նորմալ է ընդունում մի քանի էջ ունենալը: Կարող են, օրինակ, մի քանի հարյուր հոգով հրահանգ ստանալ եւ լցնել դիսլայքերը: Մյուս տարբերակը այդ ծառայությունը գնելն է նման ծառայություններ մատուցող կազմակերպություններից, որոնք աշխարհում շատ են: Նրանք դա անում են կամ ձեռքով կամ ավտոմատացված: «Youtube»-ը, իհարկե, փորձում է դրանց բռնել, անջատել, բայց նրանք անընդհատ նոր մեխանիզմ են գտնում դա աշխատեցնելու համար: Սկզբունքորեն կարող է «Youtube»-ը մի քանի ժամ կամ մի քանի օր հետո տեսանյութի վրայով անցնի, եւ ստուգի դիսլայքերը ու օրինակ դրանցից մի մասը հանի, նույնը եւ լայքերի դեպքում: Այսինքն, եթե նրանք նկատում են, որ լցոնում է՝ կարող են հանել, բայց գուցե եւ չնկատեն, որովհետեւ պատկերացնում եք, թե ինչքան տեսանյութեր են լինում: Դա աշխարհում նմանատիպ ծառայությունների մեծ շուկա է»,- ասաց Մարտիրոսյանը:

Հարցին՝ ճի՞շտ է, որ օրինակ ռուսական հարթակում տարածված նման կայքեր կան՝ գումար աշխատելու համար, որտեղ պայմանականորեն 1 ռուբլու դիմաց կարող են առաջարկել ընդամենը 1 տեսանյութ դիսլայք անել, Մարտիրոսյանը պատասխանեց. «Այո, որ ասում են՝ աշխատանք ինտերնետում՝ դրա 90 տոկոսը երեւի հենց սա է: Մարդը հատուկ ծրագիր է դնում, իրեն անընդհատ հրահանգներ են գնում՝ մտիր սա լայքիր, սա դիսլայքիր, այստեղ քվեարկիր: Իսկ այդ կազմակերպությունը ինչ-որ քանակի համար ընդհանուր գումար է վերցնում»:

Անդրադառնալով հարցին, որ փաստորեն այդքան էլ լուրջ չեն վերահսկվում այսպիսի լցոնումները, Մարտիրոսյանը ասաց. «Չէ, ուղղակի չեն հասցնում: Շատ դեպքերում չի էլ կարող իմանալ: Եթե օրինակ դա գնված ծառայություն է, այնքան տարբեր տեղերից է լցվում՝ ուղղորդվածությունը չի երեւում: Այստեղ կա նաեւ երրորդ տարբերակը. գուցե ինչ-որ ընդդիմադիր հայացքներով լրատվամիջոց տեղադրել է, կամ ինչ-որ մի խմբում են տեղադրել եւ կոչ արել դիսլայքել: Րոպեում 10-20 դիսլայքը Հայաստանի համար նորմալ թվեր չեն: Կարող եք նայել այլ տեսանյութեր ու կտեսնեք, որ գերակտիվություն քիչ է լինում: Չի բացառվում, որ սա նաեւ սպոնտան բան է, որովհետեւ ապացույց չունենք ընդհանրապես»:

 

Նիկոլայ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930