Լրահոս
Օրվա լրահոսը

«Սովետա-ասիական քիմիա»

Հունիս 15,2019 10:00

Հայաստանում Ռուսաստանի դեսպանը հանդիպել է ծանր հանցագործության մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահի հետ, իսկ ՌԴ-ն, մեղմ ասած, չի շտապում արտահանձնել նույնպես լուրջ հանցագործության մեջ կասկածվող Միհրան Պողոսյանին: Դրանք, իհարկե, տհաճ երեւույթներ են, որոնք շատերը գնահատեցին որպես մեր երկրի նկատմամբ ոչ բարեկամական վերաբերմունքի դրսեւորում: Բայց պետք է հասկանալ, որ գոյություն ունի այն, ինչ Ռոբերտ Քոչարյանը շատ դիպուկ գնահատել է որպես «քիմիա»:

Այդ «քիմիան», այսինքն՝ միեւնույն արժեհամակարգի վրա հիմնված հոգեւոր մտերմությունն իսկապես գոյություն ունի Պուտինի եւ Քոչարյանի միջեւ: Խոսքի ազատության խիստ սահմանափակում, քաղաքական մրցակցության բացակայություն, ընտրությունների ինստիտուտի վերացում՝ ահա այն արժեքները, որոնք դավանում են այդ երկու լիդերները: Սակայն դա ռուսական պետական մշակույթի անբաժանելի մասն է, եւ ամենեւին էլ փաստ չէ, որ այդ հսկայական, բազմազգ երկիրը հնարավոր է տանել մեկ այլ ճանապարհով:

Ռուսաստանի հետ բոլոր դեպքերում մենք պետք է ունենանք բարեկամական հարաբերություններ, բայց դա ամենեւին չի նշանակում, որ մեր երկիրը պետք է նմանվի Ռուսաստանին. ամեն մի ժողովուրդ իր ընտրությունն է անում:
Ընդհանրապես պետք է գիտակցել, որ տարածաշրջանը, որում բախտի բերմամբ, թե պատահմամբ մենք՝ հայերս, հայտնվել ենք, ունի մի շարք առանձնահատկություններ: Նազարբաեւը Պուտինին ու Լուկաշենկոյին պարգեւատրում է Նազարբաեւի անվան շքանշանով, եւ դա մեր կողմից որպես զավեշտ է ընկալվում: Ավելի զավեշտալի կլիներ, իհարկե, եթե Նազարբաեւը նման շքանշան տար Հայաստանի վարչապետին՝ շատ լավ է, որ չի տվել, չնայած ուրիշ կարծիքներ նույնպես կային:

Բայց Ղազախստանի, Ռուսաստանի եւ Բելառուսի քաղաքացիների մեծամասնության համար այն, որ մարդն իր անվան շքանշան է տալիս, ամենեւին էլ անեկդոտ չէ. նրանք դա ընկալում են որպես հարգանքի նշան, որպես իմաստուն քայլ, որը կամրապնդի պետությունների միջեւ բարեկամական հարաբերությունները: Կարո՞ղ ենք ասել, որ մեր ընկալումը ճիշտ է, նրանցը՝ սխալ: Կարծում եմ՝ ոչ: Ամեն ազգ ունի իր մշակույթը, իր անցած պատմական ուղին, եւ այդ տարբերություններին պետք է վերաբերվել հարգանքով: Պարզապես այդ մշակույթը մեզ համար խորթ է, եւ դա, ի դեպ, արտահայտվում էր նաեւ Խորհրդային շրջանում, երբ Կարեն Դեմիճյանի վարքագիծը տարբերվում էր Ադրբեջանի եւ միջինասիական հանրապետությունների լիդերների վարքագծից:

Ռոբերտ Քոչարյանն այդ, պայմանականորեն ասած, «սովետա-ասիական» մշակույթի կրողն է, եւ նրա «քիմիան» Պուտինի հետ ինձ միանգամայն բնական է թվում: Ուրիշ հարց, որ վերջին 20 տարիների ընթացքում այդ մշակույթը պետական մակարդակով սերմանում էին Հայաստանում, եւ այնպես չէ, որ այն մեր երկրում հող չունի: Բայց 30 տարում մեր երկրում մեծացել է նոր սերունդ, որը շատ հեռու է այդ մշակույթից: Քոչարյանի երկրպագուները, անկախ իրենց գործողությունների մոտիվացիայից, պետք է դա, համենայնդեպս, հաշվի առնեն:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Լուսանկարը՝ Sputnik-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Պարգեւատրման լուրն առաջին անգամ երբ լսեցի, միանգամից ինքս ինձ ասացի. «Ի՜նչ լաւ է, որ Փաշինեանին չի տուել։ Քաղաքակիրթ աշխարհում խայտառակ էինք լինելու»։ 😊

    Բայց եկէք հաճելի բաներից խօսենք։ Վարչապետի հետ Ձեր հարցազրոյցում Դուք փայլում էինք։ Այդպիսի՛ լրագրութիւն եմ ուզում տեսնել Հայաստանում։
    Շաբաթ շալոմ 😊

  2. Մարգար Մախսուդյան says:

    Գոհունակությամբ պետք է նշեմ, որ հետհեղափոխական ժամանակահատվածում պրն Աբրահամայանի հոդվածներում ավելի ու ավելի քիչ են հանդիպում մտքեր, ձևակերպումներ, գնահատականներ, որոնք ինձ համար խիստ անընդունելի են։ Սույն հոդվածը ևս դրանց թվում է, ուստի կուզեմ ոչ թե հակադարձել, այլ ընդամենը ներկայացնել իմ տեսակետը արտահայտված մտքերից մեկի վերաբերյալ՝
    «Կարո՞ղ ենք ասել, որ մեր ընկալումը ճիշտ է, նրանցը՝ սխալ: Կարծում եմ՝ ոչ։»
    Հակիրճ լինելու նմատակով պարզապես կվերաձևակերպեմ նշյալ միտքը․
    «Կարո՞ղ ենք ասել, որ մեր ընկալումը առաջադմական է, նրանցը՝ ո՛չ: Կարծում եմ՝ այո՛։»
    Հիմա փորձեմ պարզաբանել, թե ըստ իս՝ որն է առաջադիմական երկիրը, իսկ որը՝ ո՛չ։
    Առաջադիմական է այն երկիրը, որտեղ իշխանությունը ձևավորվում է ժողովրդի ազատ կամարտահայտմամբ, որտեղ իշխանությունները փոփոխելի են, որտեղ դատարաններն այքան անկախ են, որքան հնարավոր է մարդ արարածի հանրույթում, որտեղ կոռուպցիան հետապնդելի է, որտեղ մարդու իրավունքներն ու ազատությունները պաշտպանված են հռչակված իրավական ակտերով և դրանցով ձևավորված հանրային ընկալմամբ, որտեղ մարդկանց կյանքի որակը շարունակ աճում է ազատ, մրցակցային տնտեսության պայմաններում և այլն։
    Եվ քանի որ խոսք գնաց Ռուսաստանի մասին / Լուկաշենկոյին և Նազարբաևին դեռ հանգիստ թողնենք /, ասեմ, որ պուտինյան Ռուսաստանը չի համապատասխանում վերը նշածս չափանիշներից որևէ մեկին։ Այսօրվա Ռուսաստանի իշխանությունը խարսխված է Ռոսգվարդիա և Ոստիկանություն կոչվող պատժիչ և քրեականացված կառույցների վրա, սակայն, բարեբախտաբար՝ այդ բռնապետության վերածված երկրի կոռուպցիայի ու ապօրինությունների մեջ թաթախված իշխանական կոոպերատիվը սկսել է ցնցող հարվածներ ստանալ քաղաքացիական հասարակության կողմից, և ինչպես հայտնի բլոգերն է եզրափակում իր հաղորդումները, ես և հույս եմ հայտնում, որ՝ Россия будет свободной!, դրանից բխող բոլոր դրական զարգացումներով։

    • Մարգար Մախսուդյան says:

      Հ․Գ․ ФСБ կառույցի՝ նախկինում՝ КГБ, մասին էի մոռացել նշել։ Պարզվում է՝ սրանք ուժայինների մեջ ամենակոռումպացվածն են, և պատահական չէր, որ ի պաշտպանություն լրագրող Իվան Գոլունովի երթի մասնակիցները շարունակ վանկարկում էին․ “ФСБ – позор России”․․․

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930