Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Վրաստանը սուվերեն պետություն է, ինքն է որոշում իր քաղաքականությունը».

Հունիս 15,2019 13:00

Դավիթ Բաբայանը՝ Վրաստանի՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության ընդլայնման մասին

«Վրաստանը սուվերեն պետություն է, ինքն է որոշում իր քաղաքականությունը, բայց նրա մասնակցությունը միգուցե ավելի հավասարակշռի այդ թուրք-ադրբեջանական տանդեմը»,- «Առավոտի» հարցին՝ վտանգավոր չէ՞ այն, որ Վրաստանն ընդլայնում է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ ռազմական համագործակցությունը, այսպես պատասխանեց ԱՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
Հիշեցնենք՝ հունիսի 12-ին Վրաստանը պաշտոնապես հայտարարել է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ ռազմական համագործակցության ընդլայնման մասին եւ միանալու է այս տարի պլանավորված թուրք-ադրբեջանական զորավարժություններին: Ադրբեջանի Գաբալա քաղաքում կայացած` երեք պետությունների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ արձանագրվել է, որ ռազմական ոլորտում եռակողմ համագործակցության մեխանիզմը նպաստում է տարածաշրջանում կայունության եւ անվտանգության մեծացմանը:

Դավիթ Բաբայանի կարծիքով՝ ընդհանուր առմամբ թուրք-ադրբեջանական համագործակցությունը միանշանակ ուղղված է մեր դեմ: Բայց միեւնույն ժամանակ ասաց, թե չի կարծում, որ Վրաստանը շահագրգռված է հայոց պետականության թուլացմամբ. «Միշտ եղել է այդպես, երբ հայոց պետականությունը թուլացել է, մենք տեսել ենք` ինչպիսի սպառնալիքներ է եղել նաեւ Վրաստանի համար, hետեւաբար այստեղ Վրաստանի մասնակցությունը ինչ-որ տեղ միգուցե նաեւ մեզ համար վտանգ չի ներկայացնում: Վրաստանի հետ ունենալով բարիդրացիական հարաբերություններ՝ կարող ենք ավելի քիչ վտանգներ սպասել»:

Ըստ Դավիթ Բաբայանի՝ ընդհանուր առմամբ ցանկացած այդպիսի զարգացում նույնիսկ, եթե մարտահրավերներ է պարունակում, պարունակում է նաեւ հնարավորություններ, քանի որ հայոց պետականությունը Թուրքիայի ակտիվ ագրեսիվ քաղաքականության ներքո շատ ավելի մեծ կարեւորություն է ստանում այլ ուժային կենտրոնների համար: Ըստ նրա՝ մենք պետք է սա անպայման օգտագործենք, շարունակենք զարգացնել, էլ ավելի խորացնել բարեկամ եղբայրական երկրների հետ մեր կապերը՝ Ռուսաստան, Իրան, ԱՄՆ, բուն Վրաստանի հետ եւ, ամենակարեւորը, երբեք իրականությունից չկտրվենք, քանի որ Ադրբեջանն ու Թուրքիան այն երկրներն են, որոնք շահագրգռված անում են ամեն ինչ հայոց պետականության կործանման համար: Այնուհետեւ շարունակեց. «Թեպետ նույն Թուրքիայի համար, եթե խորը մտածենք, հայոց պետականության կորուստը նույնպես մեծ վտանգներ է ներկայացնում, չնայած կարող է նաեւ օգուտ էլ բերել պանթյուրքիզմի գաղափարով, բայց նույն դեպքում լուրջ այլ խնդիրներ է ստանալու Թուրքիայի ներսում: Հարցն այն է, որ միշտ պետք է լինենք միասնական, որ դիմակայենք այս ամենին»:

Մեր հարցին՝ ի՞նչ հակաքայլեր պետք է ձեռնարկենք դիմակայելու համար, Դավիթ Բաբայանը պատասխանեց. «Պետք է խորացնենք հարաբերությունները Վրաստանի, Ռուսաստանի, Չինաստանի, ԱՄՆ-ի հետ: Այս ամենը հնարավորություն է տալիս հավասարակշռել մեզ համար վտանգավոր հոսանքները»:

Փաստեցինք՝ բավականին վտանգավոր եւ անհասկանալի գործընթաց է ընթանում համանախագահ երկիր Ֆրանսիայում, երբ դատարանները մեկը մյուսի ետեւից կայացնում են վճիռներ՝ չեղարկելով Ֆրանսիայի տարբեր քաղաքների եւ Արցախի բնակավայրերի միջեւ կնքված՝ բարեկամության մասին հուշագրերը: Այնուհետեւ հետաքրքրվեցինք՝ սա ի՞նչ վտանգներ է պարունակում, Դավիթ Բաբայանը պատասխանեց. «Սա վտանգ է նախեւառաջ Ֆրանսիայի համար: Մենք նախ շատ բարձր ենք գնահատում ֆրանսիացի մեր բարեկամների, սփյուռքի մեր համայնքի, քույրերի եւ եղբայրների բոլոր այն ջանքերը, որոնք նրանք այս տարիներին ուղղել են Արցախի հետ կապերի հաստատման ու զարգացման ուղղությամբ, բայց այն, ինչ տեղի է ունենում, վտանգ է նաեւ Ֆրանսիայի, ֆրանսիական ժողովրդավարության ու արդարադատության համար, քանի որ նման վճիռները հետեւանք են Ադրբեջանի խավիարային դիվանագիտության: Եթե խավիարը գերակշռում է արժեքներին, լուրջ վտանգ է ցանկացած պետության համար: Մենք պետք է ակտիվորեն հակազդենք այդ գործընթացներին, քանի որ այս զարգացումները ժողովրդավարության համար մեծ հարված են, կոռուպցիոն դրսեւորումներ են: Բարձր գնահատելով մեր ֆրանսիացի բարեկամների մարդասիրական աշխատանքը, ներդրումը, բայց մենք տեսնում ենք՝ Ադրբեջանը ֆրանսիական պետական շրջանակներից ինչպիսի հարաբերություններ է ստեղծել ու խավիարի միջոցով ինչպիսի գործողություններ է իրականացնում, սա իրոք շատ վտանգավոր է Ֆրանսիայի համար եւ ոչ այլ ինչ է, քան կոռուպցիոն դրսեւորում, ժողովրդավարության եւ քաղաքակիրթ արժեքներին մեծ հարված, խավիարաթաթախ է անում այդ արժեքներին: Իսկ դա լավ չէ»:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

14.06.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930