Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը լուրջ գործողությունների է պատրաստվում դիմել»

Հունիս 15,2019 13:30

Ըստ ռազմական փորձագետ Վան Համբարձումյանի՝ հատուկջոկատայինների մեծ կուտակում կա սահմանի մոտ

«Երբ բոլորն ասում էին, որ սահմանին հանդարտ է, չեն կրակում, ես զգուշացնում էի, որ լարվածություն է հասունանում: Այդ ամենը կապված է ոչ թե նրա հետ, որ քաղաքական առումով ինչ-որ բան է փոխվել, այլ նրա հետ, որ Ադրբեջանի զինված ուժերը ՀՀ-ի եւ Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով լայնածավալ ինժեներական աշխատանքներ են իրականացրել, թիկունքից նոր ճանապարհներ կառուցել դեպի դիրքեր՝ դրանց արագ սնուցման նպատակով, ստեղծել բետոնապատ նոր կառույցներ»,-«Առավոտի» հետ զրույցում ահազանգում է ռազմական հարցերի փորձագետ Վան Համբարձումյանը:

Նրա բնորոշմամբ՝ այդ աշխատանքների ժամանակ հակառակորդին ձեռք չէր տա փոխհրաձգության մեջ մտնել հայկական կողմի հետ. «Հնարավոր չէ փոխհրաձգության պայմաններում ինժեներական աշխատանքներ իրականացնել: Ես նախապես ասում էի, որ երբ ինժեներական աշխատանքներն ավարտվեն, լարվածությունը սկսվելու է: Դրանք ավարտվել են, եւ ներկայում լարվածությունը հասել է նրան, որ Ադրբեջանի օդուժը բավականին մոտ է թռել շփման գծին: Սա ծայրահեղ վտանգավոր է եւ իրավիճակ է սրում: Ինձ շատ մտահոգում է նաեւ այն, որ սկսել են 60 մմ-ոց ականանետներ եւ հաստոցավոր ավտոմատ-նռնականետներ կիրառել, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, խոշոր տրամաչափի գնդացիրներ եւ դիպուհակար-հրացաններ: Սա բոլորը գիտեին, բայց այն, որ անօդաչու թռչող սարքերը գիշեր-ցերեկ թռչում են շփման գծի մոտ եւ հետախուզում հայկական դիրքերը, ինձ առիթ է տալիս մտահոգվելու, որ Ադրբեջանը լուրջ գործողությունների է պատրաստվում դիմել՝ առնվազն դիվերսիոն ներթափանցման տեսքով կամ սրացման: Չեմ բացառում, որ ապրիլյան սցենար կարող է լինել: Միաժամանակ՝ երկու կողմից ռազմատենչ հռետորաբանություն է նկատվում: Ադրբեջանական կողմը հայտարարում է, որ բանակցությունները տապալված են հայկական կողմի պատճառով»:

Վան Համբարձումյանի խոսքով՝ Ադրբեջանը սահմանին է մոտեցրել ԶՈՒ գլխավոր շտաբի հատուկ նշանակության բրիգադը. «Հատուկջոկատայինների մեծ կուտակում կա սահմանի մոտ: Ի դեպ, ապրիլյան ռազմական գործողությունները սկսեցին այդ բրիգադի գործողություններից: Դեռ մարտին ահազանգում էի, որ Թուրքիան Նախիջեւանում մտադիր է ռազմակայան ստեղծել, եւ այդպես էլ եղավ»: Անդրադառնալով օրերս Նախիջեւանում տեղի ունեցած թուրք-ադրբեջանական զորավարժություններին՝ փորձագետը դրանք արտառոց եւ աննախադեպ որակեց. «Թուրքական կողմը ներկայացել էր սեփական սպառազինությամբ՝ բերելով իրենց պատկանող հիմնական մարտական տանկեր, հետեւակի մարտական մեքենաներ, ռեակտիվ համազարկային կայանքներ, հարվածային անօդաչու թռչող սարքեր: Մայիսին էլ կայացած թուրք-ադրբեջանական զորավարժություններից հետո թուրք զինծառայողները հետ գնացին, իսկ վերջին զորավարժությունների դեպքում եկան սեփական մեծ քանակության տեխնիկայով՝ մարտական տանկեր, 40 եւ 120 կմ հեռահարության ռեակտիվ համազարկային կայանքներ: Այդ զինատեսակների առկայությունը Նախիջեւանում պատկերացնում եք, չէ՞, թե ինչ է նշանակում: Բացի այդ, արդեն 13 զորավարժություններ են անցկացվել, որոնցից չորսը՝ լայնածավալ: Նման հաճախակիությունն աննախադեպ է, նման բան չի եղել, սա մտահոգվելու տեղիք է տալիս: Զինված ուժերն ինտենսիվ զորավարժություններ են անցկացնում պատերազմից առաջ»:

ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ,

14.06.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930