«Առավոտը» տեսնելով պարգեւներով կոստյումը ձեռքին՝ աթոռին տեղավորվող Պարգեւ Մանուկյանին, հարցրեց. «Ինչո՞ւ չեք հագել, չե՞ք կարողանում մեդալներով դուրս գալ փողոց»: Զրուցակիցս՝ Վարդենիկ գյուղի երկարամյա մանկավարժ, «Գայլավաշտ» ջոկատի հիմնադիր եւ ղեկավար, ԵԿՄ անդամ Պարգեւ Մանուկյանն ասաց. «Առաջին անգամ եմ մեդալներով, մտածեցի՝ մեկ անգամ նկարվելու համար պետք կլինի»:
90-ականների արցախյան պատերազմի նվիրյալներից մեկն է Պ. Մանուկյանը: Նա ձեւավորել էր «Գայլավաշտ» ջոկատը, կարողացել է կամավորականների համար զենք հայթայթել, սննդամթերք, օգնել Արցախում գտնվող ընտանիքներին: «Գայլավաշտ» անունը պատահական չէր ընտրված. այն Նժդեհի զինակից, Տաղլարի հերոս, վարդենիկցի Աղաբեկի «Գայլավաշտերի» պատվին է.
«Փնտրեցի՝ գտա մեր համագյուղացի, Տաղլարի Աղաբեկի մարտական ընկերոջը՝ 90-ամյա ներքինգետաշենցի Փինաչյան Գեւորգին, նրանից պարզեցի, որ Աղաբեկի վաշտը կոչվել է «Գայլավաշտ»,-ասում է Պ. Մանուկյանը:
Կարդացեք նաև
Պ. Մանուկյանի մարտական ուղին սկսվել է Եղեգնաձորի Խաչիկ գյուղից, ապա՝ Լաչին, Քելբաջար, Մարտակերտ:
Մանկուց քայլելու հետ կապված դժվարություններ է ունեցել, սակայն վտանգի պահին եղել է կամավորականների կողքին, իսկ օրերս իր գրքի շնորհանդեսին ներկայացրել է «Արյունոտ արծիվների» իրական պատմությունը ականատեսի աչքերով: Մինչ այս գիրքը, վաստակաշատ մանկավարժը հրատարակել էր «Վարդենիկ» գիրքը, որը պատմում է իր ծննդավայրի մասին՝ հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը:
Ինչպես ձեւավորվեց ջոկատը:
Պ. Մանուկյանը հիշում է, որ իրավիճակը սրվել էր Արցախում, գյուղի լավագույն տղաները համախմբվեցին, շրջկենտրոնում հավաքներ կազմակերպեցին Թաթուլ Կարապետյանի, Գագիկ Կարապետյանի, Կամո Զիրոյանի գլխավորությամբ: Սեւանի ավազանն ասես դարձավ պաշտպանական մի գիծ, տղամարդիկ գիշերները հերթապահում էին գյուղի սահմաններում, հսկում ջրավազանները, լիճը:
«Գայլավաշտի» տղաներն ու մարտունեցիներն առաջին անգամ միացյալ ստորագրահավաք կազմակերպեցին ԱՄՆ-ում ցմահ ազատազրկման դատապարտված Համբիկ Սասունյանի ազատ արձակելու համար, իսկ մարտունեցի Սամվել Ջամալյանը նամակագրական կապ հաստատեց Համբիկի հետ:
Առաջին անգամ Արցախի Բերդաձորի պաշտպանության խնդիրը ծագել է 1988թ. նոյեմբերին: Այդ ժամանակ կամավոր մեկնելու ցանկություն են հայտնում Զավեն Մանուկյանը, Ատոմ Կիրակոսյանը, Օնիկ Պետրոսյանն ու Աշոտ Կիրակոսյանը՝ Չոռնին: «Քանի որ ռուսական ՕՄՕՆ-ը եւ ադրբեջանականն անձնագրային ռեժիմ էին մտցրել Արցախում, դրսից մարդ չէին թողնում մտնել Արցախ, որոշեցին գաղտնի գնալ Քյավառ, ուղղաթիռով հասնել Բերդաձոր: Բերդաձորում ամբողջ աշխատանքները ղեկավարում էր Անդրանիկ Հարությունյանը» «Բերդաձորի Անդոն»,-պատմում է Պ. Մանուկյանը (Բերդաձորի Անդոն բանասիրական գիտությունների թեկնածու էր, նա կարողացել էր Շուշիի բերդից փախչել, նրա համար այն ժամանակ հինգ միլիոն դրամի գլխագին էր դրված: 1992թ. օգոստոսի 28-ին Գորիս-Երեւան ճանապարհին ավտովթարից մահացել է -Ռ.Մ.):
Զրուցակցիս անունը հիշվում է Քելբաջարի հետ կապված, ուստի հարցնում եմ, թե ինչպե՞ս նախապատրաստվեց օպերացիան:
«Հետախույզներն անձնուրաց կերպով պարզեցին, որ ձյան հաստ շերտը կօգնի մեզ իրականություն դարձնել մեր ծրագրերը: Վերջապես եկավ բաղձալի պահը՝ մարտի 31-ը, ապրիլի 1-ի լույս գիշերը, շուրջ 160 ազատամարտիկներ շարժվեցինք Վարդենիսի Ազիզլուի գյուղով դեպի Քելբաջար: Շտաբը գտնվում էր Ազիզլուում: Երբ բարձրացանք սարն ի վեր, փչում էր զով քամին, բնությունը կարծես ասում էր՝ լավ պահ է ընտրված: Այդ բերկրանքը կարճ տեւեց, .լսվեցին կրակոցներ, սկսվեց դաժան մարտը, դեռ Քելբաջար չհասած, լեռան բարձունքից դարանակալ ազերիները ինքնաձիգներով ու ականանետերով կրակում էին:
Մենք դեռ չէինք որոշել կրակահերթերի ուղղությունը, վիրավորվեց Վահան Մանուկյանը՝ թեւից ու ազդրից, իսկ Մելոյան Գագիկը՝ կրունկից: Վաչագան Գեւորգյանին հանձնարարվեց վիրավորներին դուրս բերել մարտադաշտից եւ տեղափոխել Վարդենիսի հիվանդանոց……Ճեղքելով ձյան հաստ շերտը, մեր տղաները մտել են Քելբաջար, գրավել հեռուստակայանը, որտեղ գրված էր աշխատողների հեռախոսահամարների ցանկը: Զանգեցինք հեռուստակայանի տնօրենին եւ մի շարք պատասխանատու անձանց, այդ թվում՝ միլիցիայի պետին, հայտնեցինք, որ հայ ազատամարտիկները մտել են Քելբաջար եւ գրավել հեռուստակայանը: Սկզբում մեր զանգին չհավատացին, փոխադարձ զանգելուց հետո նրանք համոզվեցին, որ ճիշտ է»,-հիշում է Մանուկյանը:
Զրուցակիցս պատմում է, որ իրենց հետ են եղել Հայաստանի Կենտկոմի նախկին առաջին քարտուղար Անտոն Քոչինյանի տղան՝ բժիշկ Գագիկը, դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր՝ Շուրա Թամանյանը՝ ճարտարապետ Թամանյանի թոռը, ֆրանսահայ Հովսեփ Հովսեփյանը: «Հրամանատար Հովսեփն ու Օնիկը Քելբաջարի օպերացիայից առաջ պետք է ազատամարտիկներին վարժեցնեին սարերում ձյան պայմաններում այնպես, որ նրանք պետք է օրերով մնային սոված, առանց ջրի ու սննդամթերքի, որպեսզի կարողանային անհրաժեշտության դեպքում դիմանալ: Բարեհաջող կազմակերպելու համար անհրաժեշտ էր անջրանցիկ եւ ձյան վրա աներեւույթ համազգեստներ, այդպիսի ՕԶԿ-ներ կային Վարդենիկի թիվ 2 դպրոցի ռազմագիտության կաբինետում: Մանուկը՝ տասնչորսամյա տղաս, առանց դպրոցի տնօրինությանը տեղյակ պահելու, ջարդելով ռազմագիտության կաբինետի դուռը, հավաքել էր վեց կոմպլեկտ ՕԶԿ-ներ, հասցրել Վարդենիսում մեզ»,-պատմում է Պ. Մանուկյանը: Մանչի՝ Մանուկի մարտական ուղին էր. Խաչիկ, Ջիլ, Ղոչազ, Քելբաջար, Մարտակերտ, Մատաղիս, Հակոբ Կամարի, Մաղավուզ, Թալիշ:
Այսօր «Օմարի արծիվները» շատ են, ի վերջո, ովքե՞ր էին իրական արծիվները հարցիս՝ պատասխանում է. «Արծիվներն այն տղաներն էին, ովքեր ազատագրեցին Քելբաջարը. «Օմարի բարձունքում կատաղի հրաձգություն էր թուրքերի ու «Գայլավաշտի» տղաների միջեւ: Հրամանատարությունը տեսնելով Վարդենիկի տղաների եւ մեր վաշտի հաջողությունները, տվել էր պատասխանատու հանձնարարություն՝ անհապաղ շարժվել Օմարի բարձունք: Մարտին մասնակցող Իշխան Միլիտոնյանը, Յուրիկ Սարգսյանը, Ահարոն Գրիգորյանը՝ Վզոն, Ստեփան Սեւոյանը, Վազգեն Կայծ Աբրոյանը, Մանուկս եւ Արտակ Գաբրիելյանը, կարողացան թշնամու տեխնիկան ոչնչացնել, պատճառել մարդկային կորուստներ: Ահարոնը խրամատից գլուխը դուրս է հանում, որպեսզի լիցքավորի ինքնաձիգը, նշանառուի գնդակից զոհվում է»:
Զրուցակիցս հիշում է, որ տասն օրվա ընթացքում երեք զոհ են տվել, մարտադաշտում Սմբատ Ալոյանը զգալով իր մահը, ապարանցի Արամին խնդրում է իր աճյունը տեղափոխել գյուղ:
Պ. Մանուկյանին անվերջ կարելի է լսել, անվերջ գրել նրա պատմությունները: Մեր այդպես էլ չավարտված զրույցի ժամանակ հիշեց մի ուշագրավ պատմություն. «1992 ն է: Աշուն: «Կոբրա» բարձունքը գրավել են մեր տղաները: Գագիկ Մելոյանը՝ «Պիտնո» եւ թուրք Ահմեդը դիրքից դիրք ձայնել են իրար: Գագիկը ձայն է տվել. «Ահմեդ, ձեր մոտ հարուստները կռվո՞ւմ են, Ահմեդ ու վաս բոգատի վայույուտ», Ահմեդը պատասխանել է. «Նետ, նաշի բոգատի նե վոյույուտ»: Մեր Գագիկը ասել է. «Մեր հարուստները կռվում են, նախագահի տղան՝ Ճուտոն, բժիշկ Մելոյանի տղա Մասիսը»:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
14.06.2019