Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԵՆԴԱՆԱՊԱՏՈՒՄ». պատմության ամենահայտնի 10 շները

Հունիս 14,2019 23:25
  1. Տիեզերագնաց չորքոտանի բարեկամները

Լուսանկարում առաջին տիեզերագնաց շներն են՝ «Բելկա», «Զվյոզդոչկա», «Չերնուշկա», «Ստրելկա»: 1960թ.-ին նրանք «Սպուտնիկ 5» տիեզերանավով «թռան» տիեզերք:

Նրանց ուղեւորության շնորհիվ գիտնականները ստացան առաջին կարեւոր տեղեկությունները` տիեզերական տարածությունում կենդանի էակների գտնվելու պայմանների եւ հնարավորությունների մասին:

  1. Պալմա

Պալմայի դեպքը գրանցվել է ԽՍՀՄ-ում՝ 1976թ.-ին: «Վնուկովոյի» օդանավակայանում «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի թղթակից Յուրի Ռոստը նկատում է մի շան, որը բնակվում էր թռիչքուղու հարեւանությամբ գտնվող վագոն-կացարանում եւ դիմարում վայրէջք կատարող «Ил-18»-երին: Պարզվում է, որ այդ ինքնաթիռներից մեկով մեկնել է շան տերը՝ լքելով նրան:

«Կոմսոմոլսկայա պրավդա»-ում տեղ են գտնում հավատարիմ հովվաշան լուսանկարն ու նրա հուզիչ պատմությունը: Կենդանու մասին իմացան ողջ ԽՍՀՄ-ում: Արդյունքում, թերթի խմբագրություն էին հղվում բազմաթիվ նամակներ: Մարդիկ խնդրում էին հնարավորություն տալ որդեգրել շանը: Պալմայի իրական տերը, սակայն, այդպես էլ չգտնվեց: Ի վերջո, Պալմային վերցնում եւ Կիեւ է տանում Պետական մանկավարժական համալսարանի դոցենտ Վերա Կոտլյարեւսկայան: Ավելի ուշ Պալման իր նոր տերերին ուրախացնում է երեք ձագուկներով:

  1. Ջուլբարս

Ջուլբարսը Հայրենական մեծ պատերազմի մասնակից է: Ռազմական գործողությունների ընթացքում նա հայտնաբերել է ավելի քան 7000 ական եւ 150 արկ՝ այդ կերպ փրկելով հազարավոր մարդկանց կյանքեր: 1945թ.-ին հովվաշունն արժանացել է «Մարտական արժանիքների համար» մեդալի:

Սա միակ դեպն է Հայրենական մեծ պատերազմի ընթացքում, երբ շունը ռազմական պարգեւի է արժանանում: Կարմիր հրապարակում ռազմական շքերթի ժամանակ վիրավոր Ջուլբարսին տարել են Իոսիֆ Ստալինի զինվորական համազգեստի վրա պառկած:

  1. «Պավլովի շուն»

«Պավլովի շուն»-ը հավաքական անվանումն է այն շների, որոնք մասնակցել են նոբելյան մրցանակակիր Իվան Պավլովի գիտափորձերին՝ մարդկությանն օգնելով գիտելիքներ ունենալ պայմանական ռեֆլեքսների մասին:

Ակադեմիկոս Պավլովի տանջված շների պատվին հուշարձան է կանգնեցվել՝ գիտության զարգացման գործում անգնահատելի ավանդի համար:

  1. Սնապի

«Դոլլի» անունով կլոնավորված ոչխարից տասը տարի ուշ լույս աշխարհ եկավ առաջին կլոնավորված շունը՝ Սնապին:

Դա հաջողվեց հարավկորեացի գիտնական Վու Սուկ Հվանգին: Time ամսագիրը կլոնավորված շանն անվանեց 2005թ.-ի ամենակարեւոր գիտական ձեռքբերումը:

  1. Լայկա

Լայկան Երկիր մոլորակի ուղեծիր դուրս բերված առաջին շունն է: Ցավոք, տիեզերքում նա ապրել է վեց ժամից էլ պակաս, քանի որ սրահի տեխնիկական կառուցվածքում սխալ էր թույլ տրվել. կոնտեյները, որի մեջ գտնվել է Լայկան, սկսել է տաքանալ…

  1. Րիկո

Րիկոն համարվում է ամենախելացի շունը: Գերմանացի գիտնականները նրան սկսեցին ուսումնասիրել 2004թ.-ին, երբ «բորդեր-կոլլի» ցեղատեսակի շան տերերը հայտարարեցին, որ նա հասկանում է իրենց խոսքը:

Րիկոն շատ գիտափորձերի ենթարկվեց: Օրինակ, մի սենյակում լցրել են շատ խաղալիքներ, իսկ մյուսում նրա տերն ասել է խաղալիքի անունը, որը պետք է բերել: Րիկոն հարեւան սենյակից բերել է հենց այդ խաղալիքը: 40 առաջադրանքից 38-ը Րիկկոն ճիշտ է կատարել:

  1. Բալտո

Բալտոն ԱՄՆ-ի բնակիչների համար հերոս-շուն է: 1925թ.-ին Ալյասկայում նա առաջնորդել է շներով լծված սայլակը, որում անհրաժեշտ դեղամիջոց է տեղափոխվել մի բնակավայրից մյուսը:

Շներն առաքելությունը կատարել են ուժեղ բքի պայմաններում: Նրանց շնորհիվ դիֆտերայի համաճարակը հաջողվել է կանգնեցնել 5 օրում: Բալտոյի հուշարձանը Նյու-Յորքի Կենտրոնական այգում է:

  1. Պյու

2014թ.-ին Պյու անունով թափառական շան մասին իմացավ ողջ աշխարհը: Նա դարձավ Թայլանդի հերոսը: Շունն աղբանոցում գտել էր նորածնի՝ պոլիէթիլենային տոպրակի մեջ: Շունը երեխային բերել է իրեն կերակրողի մոտ, որն էլ փոքրիկին հասցրել է հիվանդանոց:

Բժիշկները խոստովանել են՝ եթե անգամ երեխային կես ժամ ուշ բերեին, նրան փրկել չէր հաջողվի, քանի որ չափազանց հյուծված է եղել: Բանգկոկի քաղաքապետարանը Պյուին պարգեւատրել է շքանշան-վզկապով, իսկ նրան կերակրողին՝ 250 եվրոյով:

  1. Հատիկո

Հատիկոյի մասին ֆիլմը միլիոնավոր մարդկանց ստիպել է լաց լինել…Այս շան պատմությունը սկսվել է 1925թ.-ին՝ Ճապոնիայում: Հատիկոյի տերը մահացել է սրտի կաթվածից: Հավատարիմ շունը սկսել է ամեն օր սպասել տիրոջը գնացքի կայարանում, որտեղ միշտ դիմավորում էր նրան:

Հատիկոյի սպասումը տեւում է 9 տարի՝ ընդհուպ մինչեւ շան կյանքի վերջին օրը: Դեռ կենդանության օրոք գնացքի կայարանում Հատիկոյի պատվին հուշարձան են կանգնեցնում: 2008թ.-ին ԱՄՆ-ում Հատիկոյի մասին ֆիլմ է նկարահանվում՝ Ռիչարդ Գիրի մասնակցությամբ:

Պատրաստեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930