ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը պատասխանելով լրագրողի հարցին, որ ինքը պատռել է հարցաքննության համար իրեն ուղարկված ծանուցագիրը, ասաց. «Սխալը դա է, որ ինձ վիրավորել են ու ծանուցագիր են ուղարկել: Ում պետք է թող ուղարկեն, իրենց պարտականությունը կատարեն եւ գործը բացահայտեն: Մենք ասել ենք մեր կարծիքը, որ եթե դա չբացահայտվեց, ուրեմն մեր կարծիքն իրոք հաստատվում է, որ դա սարքած, շինծու գործ է: Իրենք պետք է իրենց մասնագիտական գործը կատարեն եւ այդ հարցը բացահայտեն»:
Ճշտող հարցին, թե քրեական դատավարության հիմքով, եթե չցանկանա մասնակցել, կարող է միջնորդություն լինի եւ իրեն բերման ենթարկեն, Գագիկ Ծառուկյանը հակադարձեց. «Ես իրավունքները լավ գիտեմ ու էլի ասում եմ՝ թող իրենց գործով զբաղվեն, բարի լինեն՝ գործը բացահայտեն: Դա Քենեդու սպանությունը չէր, ամբողջ քաղաքում կամերաներ կան, ամբողջ ժողովուրդը խոսում է: Թող իրենք իրենց մասնագիտական գործը կատարեն: Ես ասել եմ՝ եթե գործը չբացահայտվեց, ուրեմն իրավապահ մարմինները իրենց տեղում չեն»:
Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ, թե Գագիկ Ծառուկյանն ինչ կասի, որ իրենց խմբակցության պատգամավորը խոսել է ինչ-որ գործ տվողների մասին: «Ոչ թե գործ տալու, այլ անհիմն հայտարարություններ անելու, բողոք գրելու մասին է եղել խոսքը: Ոչ թե պատգամավորը, այլ ամբողջ Աբովյանը, Կոտայքի ժողովուրդը խոսում է: Բարի եղեք, հանդիպեք ժողովրդի հետ եւ ժողովուրդը այդ գնահատականը կտա: Եթե անհիմն շանտաժներ է արվում, բողոքներ է գրում, դրա մասին է խոսքը»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Հ.Գ.
Քննչական կոմիտեի խոսնակ Նաիրա Հարությունյանին զարմացրել է ԲՀԿ առաջնորդի վիրավորված լինելու հանգամանքը:
«Նախաքննական մարմնի կողմից ծանուցում ստանալը կամ հարցաքննության հրավիրվելու մեջ որևէ վիրավորական բան չկա», – ասաց նա:
Հարությունյանը հայտնեց, որ Քննչական կոմիտեն իրավունք ունի անհրաժեշտության դեպքում Գագիկ Ծառուկյանին բերման ենթարկել, եթե վերջինս կրկին հարցաքննության չներկայանա․ – «Մենք միանգամից բերման ենթարկելու իրավունք ունենք իրան»: