Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Ռուբինյան. Ղարաբաղյան հակամարտության լուծման բանալին Երեւանում է, Ստեփանակերտում եւ Բաքվում

Հունիս 14,2019 19:45

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 14-ին ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ Թոմաս Օպերմանի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում՝ Ռուբեն Ռուբինյանը բարձր է գնահատել Հայաստանի եւ Գերմանիայի խորհրդարանների միջեւ համագործակցության շարունակական զարգացումը եւ նշել, որ նմանօրինակ փոխայցելությունները նոր մակարդակի են բարձրացնում խորհրդարանական երկկողմ շփումների որակը՝ ի նպաստ երկու երկրների հարաբերությունների զարգացման:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:

Անդրադառնալով Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին՝ հանձնաժողովի նախագահը նշել է, որ այս հակամարտությունը զուտ տարածքային վեճ չէ, այլ այնտեղ բնակվող ժողովրդի ճակատագրի հարցն է՝ մարդու իրավունքների լիարժեք իրացման տեսանկյունից: Այս առնչությամբ Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է, որ հայկական կողմի համար հենց վերոնշյալ արժեհամակարգի տրամաբանությունից է բխում Արցախի կարգավիճակին եւ անվտանգությանը վերաբերող հարցերի լուծումը:

Հանձնաժողովի նախագահը կարեւորել է Արցախի լիարժեք ներգրավումը բանակցային գործընթացում՝ կարգավորման ուղղությամբ ընթացող բանակցությունների արդյունավետության բարձրացման համար:

Այս առնչությամբ Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ Ղարաբաղյան հակամարտության լուծման բանալին Երեւանում է, Ստեփանակերտում եւ Բաքվում՝ հույս հայտնելով եվրոպական գործընկերների աջակցության առնչությամբ` հակամարտության խաղաղ կարգավորման հարցում կառուցողական տրամաբանության իրացման ուղղությամբ:
Կողմերն անդրադարձել են նաեւ բանակցային գործընթացում վստահության մթնոլորտի ապահովման հարցերին: Ռուբեն Ռուբինյանն անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից շփման գծում շարունակական խախտումները եւ սադրիչ գործողությունները, որոնք պարբերաբար հանգեցնում են մարդկային կորուստների, իրավիճակի լարման՝ ձեւավորելով բանակցային գործընթացի համար ոչ նպաստավոր միջավայր:

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի համատեքստում հանձնաժողովի նախագահը նաեւ կարեւորել է պետական մակարդակով ռազմատենչ հռետորաբանության, գործնական առումով կարմիր գծեր սահմանելու քաղաքականության բացառումը՝ բնութագրելով դրանք որպես ապակառուցողական քայլեր՝ խաղաղության համար բարենպաստ միջավայրի ապահովման ուղղությամբ:

Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են նաեւ երկու երկրների խորհրդարանների միջեւ հետագա փոխգործակցությանն առնչվող այլ հարցեր:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930