Ինչպես հայտնի է, Ազգային ժողովում ստեղծվել է 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողով: Սա հայրենի խորհրդարանում երբևէ ստեղծվող 3-րդ քննիչ հանձնաժողովն է (առաջինը դեռ նախորդ տարի էր՝ կապված գաղտնալսման հայտնի պատմության հետ, իսկ երկրորդը քննում է ջրային կոմիտեի հետ կապված հարցեր):
Խորհրդարանական քննիչ հանձնաժողովների ինստիտուտը Հայաստանում ներդրվեց 2017 թվականի մայիսից (6-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստի օրվանից), երբ ուժի մեջ մտավ 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների համապատասխան մասը: Սակայն բոլոր երեք քննիչ հանձնաժողովները ստեղծվեցին 2018 թվականի հեղափոխությունից հետո:
Թեև 2018 թվականի հոկտեմբերի 2-ին (հայտնի զարգացումների հանգեցրած փոփոխությունների հետ միասին) խորհրդարանը փոքր-ինչ ավելացրեց քննիչ հանձնաժողովի՝ քննություն կատարելու մեխանիզմները, սակայն դրանք բավականին թերի են: Այդ մեխանիզմները ոչ միայն չեն արտացոլում խորհրդարանական պետությունում խորհրդարանի դերի տրամաբանությունը, այլև անգամ չեն ապահովում Ազգային ժողովի՝ վերահսկողական ֆունկցիայի ամբողջական իրագործումը:
Ներկայանալը և հարցերին պատասխանելը
Կարդացեք նաև
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 22-րդ հոդվածը նախատեսում է, որ «Քննիչ հանձնաժողով հրավիրված պաշտոնատար անձինք պարտավոր են, իսկ հանձնաժողովի իրավասության ոլորտին վերաբերող տեղեկություններ ներկայացրած այլ անձինք իրավունք ունեն ներկայանալու և բացատրություններ տալու հանձնաժողովի նիստում, ինչպես նաև պատասխանելու հանձնաժողովի անդամների հարցերին»։
Այսինքն, եթե պաշտոնատար անձինք գոնե պարտավոր են քննիչ հանձնաժողովի կանչով ներկայանալ և պատասխանել հարցերին, ապա այլ անձինք ընդամենը ունեն նման իրավունք և կարող են չներկայանալ կամ ներկայանալ ու չպատասխանել հանձնաժողովի հարցերին:
Ավելին, այս իրավակարգավորման խախտման համար չկա նախատեսված քրեական պատասխանատվություն և չկա որևէ մեխանիզմ՝ դրա ապահովման համար: Այսինքն, եթե քննիչ հանձնաժողով կանչված ներկա կամ նախկին պաշտոնատար անձը չներկայանա կամ ներկայանա ու հրաժարվի հարցերին պատասխանելուց, ապա դա քրեորեն պատժելի արարք չէ ու հնարավոր չի հարկադրանքի միջոցներով ապահովել նորմի իրագործումը:
Ու թեև քննիչ հանձնաժողովի անդամի հարցերին չպատասխանելը, միգուցե, կարելի է դասել Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 189.7 կամ 189.10 հոդվածներով նախատեսված զանցանքներին, սակայն դրանց համար տուգանքը 50-100 հազար դրամ է: Մինչդեռ այդ արարքի հանրային վտանգավորությունը էապես ավելին է:
Այսպես, օրինակ քրեական գործի շրջանակներում քննիչի պահանջով նախաքննության մարմին չներկայանալու պարագայում անձին կարող են բերման ենթարկել (Քր. դատ. օր., հոդված 153), իսկ նախաքննության սահմաններում քննիչի հարցերին չպատասխանելու դեպքում անգամ քրեական պատասխանատվության ենթարկել (Քր. օր., հոդված 339):
Եվ եթե գործող պաշտոնատար անձի պարագայում քննիչ հանձնաժողովի կանչով չներկայանալը կամ հարցերին չպատասխանելը, նաև այլ հանգամանքների առկայության դեպքում կարող է որակվել որպես պաշտոնեական լիազորությունների չարաշահում (Քր. օր., հոդված 308), ապա նախկին պաշտոնյաների ու այլ անձանց պարագայում անգամ այդ նորմը կիրառելի չէ:
Ստույգ տեղեկությունների տրամադրումը
Մի կողմ թողնելով Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ներկայանալու և հարցերին պատասխանելու խնդիրը, անդրադառնանք այն մեխանիզմներին (կամ դրանց բացակայությանը), որոնք պետք է ապահովեն հանձնաժողովին, կամ, առհասարակ, ԱԺ պատգամավորներին ստույգ տեղեկությունների տրամադրումը (պաշտպանեն կեղծ տեղեկությունների տրամադրումից):
Հայաստանի Քրեական օրենսգրքի հատուկ մասը ունի երկու հոդված (148 և 338), որոնք քրեորեն պատժելի արարք են դարձնում կեղծ (աղավաղված կամ սուտ) տեղեկությունների տրամադրումը: Սակայն այդ հոդվածներից որևէ մեկը չի կարող վերաբերել խորհրդարանական քննիչ հանձնաժողովի անդամի, կամ, առհասարակ, Ազգային ժողովի պատգամավորի հարցին (կամ գրավոր հարցմանը) ակնհայտ սուտ տեղեկություններ տրամադրելու դեպքին:
Թեև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 189.10 հոդվածը որոշակիորեն փակում է այդ բացը: Բայց նախ այդ հոդվածներում զանցանքի օբյեկտիվ կողմի նկարագրությունը ավելի շատ այլ իրավիճակների համար է և դրա կիրառումը քննիչ հանձնաժողովին կամ պատգամավորին կեղծ տեղեկություն տրամադրելու (հայտնելու) դեպքում կարող է խնդրահարույց լինել, և երկրորդ, խորհրդարանին ու պատգամավորին ակնհայտ կեղծ տեղեկություն տրամադրելու հանրային վտանգավորությունը էապես ավելին է:
Համեմատության համար հարկ է հիշատակել, որ վկայի կողմից քրեական գործի շրջանակներում քննիչին սուտ ցուցմունք տալը հանցագործություն է (Քր. օր., հոդված 338), որի համար սահմանված է մինչև 5 տարվա ազատազրկում, իսկ ԱԺ պատգամավորին կամ ԱԺ քննիչ հանձնաժողովին սուտ տեղեկություններ տալու համար կարելի է տուգանվել առավելագույնը 100 հազար դրամով:
Լուծումները
Այս խնդիրների լուծման համար նախևառաջ անհրաժեշտ է փոփոխություն ու լրացում կատարել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 22-րդ հոդվածում, որով քննիչ հանձնաժողովի կանչով արդեն բոլոր անձանց համար պարտադիր կլինի ներկայանալ հանձնաժողով և պատասխանել հանձնաժողովի անդամների հարցերին:
Ավելին, այդ հոդվածով պետք է լինելու նախատեսել հանձնաժողով կանչված բայց առանց հիմնավոր պատճառի չներկայացած անձանց բերման ենթարկելու մեխանիզմ (մոտավորապես այնպես, ինչպես դա նախատեսված է Քրեական դատավարության օրենսգրքի 153-րդ հոդվածով): Ընդ որում, «Ոստիկանության մասին» օրենքի 17-րդ հոդվածում պետք է լինելու լրացմամբ ամրագրել, որ ոստիկանությունը պարտավոր է բերման ենթարկել քննիչ հանձնաժողովի կանչով ներկայանալուց խուսափող անձանց: Այստեղ կարելի է նաև քննարկել քննիչ հանձնաժողով ներկայանալուց խոսափող անձանց հետախուզում հայտարարելու կարգավորման նպատակահարմարությունը:
Իսկ ահա ԱԺ քննիչ հանձնաժողովի հարցերին չպատասխանելու, սուտ պատասխաններ և կեղծ տեղեկություններ տալու ռիսկի նվազեցման համար անհրաժեշտ է լրացումներ կատարել Քրեական օրենսգրքում՝ քրեականացնելով այդ երկու արարքները: Ընդ որում, դրանով հանդերձ, անհրաժեշտ է այնպիսի իրավակարգավորումներ տալ, որոնք կպաշտպանեն Սահմանադրության 65-րդ հոդվածով ամրագրված մարդու՝ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ ցուցմունք տալու պարտականությունից ազատման իրավունքը:
Այս իրավակարգավորումների ներդրմամբ հնարավոր կլինի ապահովել ԱԺ քննիչ հանձնաժողովների առավել արդյունավետ և բազմակողմանի քննությունն ու էապես կավելանա զեկույցի հիմնավորվածությունը:
Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»