Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա ոչ այլ ինչ է քան քաղաքական ռասիզմի դրսևորում, որը մենք պետք է մերժենք». Գեւորգ Գորգիսյանը հիշեցնում է Նիկոլ Փաշինյանի խոսքը

Հունիս 14,2019 19:22

«Ցավում եմ, որ մեր հասարակությունն այս աստիճան անհանդուրժող է դարձել, ու առաջ նայելու փոխարեն անընդհատ հետ ենք նայում՝ շարունակելով դոփել տեղում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը` անդրադառնալով մի նկարի պատմությանը, որը, իր գնահատմամբ, «ցնցել» է համացանցը եւ ինչի արդյունքում «Լուսավոր Հայաստանը»  կարճ ժամանակահատվածում «հայտարարվել» է «ազգի դավաճան, ծախված տականք ու դավադիր ուժ»: Այս ամբողջ պատմությունը, մեր զրուցակիցը շատ է նմանեցնում «Կիկոսի մահը» հեքիաթին:

Խոսքը, հիշեցնենք, մի նկարի մասին է, որն օրերս հրապարակվեց համացանցում: Նկարում Գեւորգ Գորգիսյանն է, Էդմոն Մարուքյանը, ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը, ՀՀԿ-ական նախկին պատգամավորներ Արմեն Աշոտյանն է, Արփինե Հովհաննիսյանը, Սամվել Ֆարմանյանը:

Նկարը, ինչպես բացատրեց Գեւորգ Գորգիսյանը, արվել է հունիսի 12-ին,  Ռուսաստանի օրվա ընդունելության ժամանակ, որին հրավիրված են եղել Հայաստանի գրեթե բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները՝ ներկա և նախկին իշխանությունները, պատգամավորներ եւ այլ հայտնի մարդիկ։ «Այս միջոցառումից հրապարակվել են բազմաթիվ նկարներ, այդ թվում նաև վերոնշյալ նկարը։ Նկարում նախկին պատգամավորներ են, ում հետ տարբեր միջազգային հարթակներում կռիվ ենք տվել ընդդեմ ադրբեջանական հարձակումների։

Միշտ զերծ լինելով քաղաքական ռասիզմի դրսևորումներից՝ երբևէ չեմ խուսափել շփվել կամ լուսանկարվել նախկին կամ ներկա իշխանությունների ներկայացուցիչների հետ։ Առավել ևս, որ լուսանկարում առկա մարդիկ վաղուց ոչ պատգամավոր են, ոչ էլ իշխանություն»,- ասաց Գեւորգ Գորգիսյանը` հիշեցնելով, որ դեռ մինչեւ հեղափոխությունը, երբ խորհրդարանում «Ելք» դաշինք գոյություն ուներ եւ այդ դաշինքի անդամ ու հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հանդիպում էր ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ`տարբեր թեմաներով քննարկումների, շատերը այդ ժամանակ էլ փորձում էին հարվածել` տարածելով Նիկոլ Փաշինյանի եւ Վահրամ Բաղդասարյանի նկարը եւ աղաղակում էին, իբր «Ելքը» ծախված է։ «Երբ միասին քննարկում էինք, թե ինչպես արձագանքել, Փաշինյանն ասաց`«սա ոչ այլ ինչ է քան քաղաքական ռասիզմի դրսևորում, որը մենք պետք է մերժենք»։

Սակայն պարզվում է, որ նույնիսկ նոր Հայաստանում պետք է առաջնորդվել խելագարության կանխավարկածով և շարունակել վախենալ քաղաքական ռասիզմի դրսևորումներից։ Ժամանակները փոխվել են: Փաշինյանը երկրի վարչապետն է, իսկ նրա պատգամավորներն ու ակտիվիստները հիմա տարածում են մեր նկարները՝ արդեն նախկին իշխանության, այս պահին սովորական քաղաքացիներ հանդիսացող մարդկանց հետ և պնդում, որ մենք դավադիր ենք՝ բա որ իրենք ասում էին … Սա է վիճակը … Հիմա հո մենք էլ ձեր նկարները չենք տարածելու տարբեր ժամանակների տարբեր իշխանությունների հետ»,- ասաց Գեւորգ Գորգիսյանը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930