Հայաստանի հակադոպինգային կազմակերպությունը լայն ճանաչում ունի դոպինգի դեմ պայքարում:
Մեր դոպինգ սպա Անժելա Սահակյանը վաղը գիշեր մեկնում է Մինսկ: Նա աշխատելու է Ամառային 2-րդ եվրոպական խաղերում: «Մենք մի քանի օր շուտ ենք մեկնում, որովհետեւ պետք է ընտրվեն հակադոպինգային ստուգումներ անցկացնող երկու խմբերը՝ մրցութային եւ արտամրցութային: Թե որ խմբում կընդգրկվեմ, հայտնի կդառնա տեղում: Միայն կարող եմ ասել, որ ես Հայաստանի մարզիկների հետ աշխատելու իրավունք չեմ ունենալու՝ պահանջն է այդպիսին: Եթե լինեմ արտամրցումային խմբում, աշխատանքս կսկսվի ավելի շուտ, երբ մասնակիցները սկսում են ժամանել, այսինքն, մինչեւ Խաղերի պաշտոնական մեկնարկը: Կազմակերպիչները տեղում նաեւ որոշակի ինստրուկտաժ են անցնելու դոպինգ սպաների համար»,-Aravot.am-ին ասաց Անժելա Սահակյանը, որը հատուկ հրավիրվել եւ աշխատել է նաեւ Փհենչյանի ձմեռային օլիմպիական խաղերում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ