Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունել է «Հանրաքվեի մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը

Հունիս 14,2019 18:27

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, Սահմանադրության 114-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածների համաձայն, մայիսի 14-ին գումարել է արտահերթ նիստ՝ ԱՀ նախագահ Բակո Սահակյանի նախաձեռնությամբ և առաջարկած օրակարգով:

Բացելով նիստը՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն անդրադարձել է արտահերթ նիստի անցկացման ընթացակարգին: Նախքան օրակարգային հարցերին անցնելը, ԱԺ նախագահի առաջարկով, խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգել առաջնագծում հունիսի 1-ին և 13-ին զոհված զինծառայողներ Սիփան Մելքոնյանի և Արտյոմ Խաչատրյանի հիշատակը:

Օրակարգի առաջին հարցը «Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծն էր՝ ուղեկցող նախագծերի փաթեթով, որը ներկայացրել է Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը: Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը լսելուց հետո խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օրենքը:

Ներկայացնելով «Հանրաքվեի մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը՝ Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը նշել է, որ նախագծով սահմանվել է հանրաքվեի հասկացությունը, հստակեցվել է հանրաքվեի դրվող հարցերի շրջանակը, թվարկվել են այն հարցերը, որոնք չեն կարող դրվել հանրաքվեի, ամրագրվել է հանրաքվեի անցկացնելու արգելքը, կագավորվել են Սահմանադրության նախագիծը, Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, քաղաքացիական նախաձեռնության կարգով օրենքի նախագիծը, պետական կյանքի կարևորագույն հարցերը հանրաքվեի դնելու կարգի հետ կապված հարաբերությունները,  նախատեսվել է Սահմանադրության նախագծի, Սահմանադրության  փոփոխությունների նախագծի և օրենքի նախագծի ընդունման նախաձեռնությանը քաղաքացիների միանալու ընթացակարգը, կարգավորվել են  հանրաքվեի կազմակերպման, քարոզչության և դիտորդական առաքելության իրականացման հարցերը: Այնուհետև նախարարը պատասախանել է պատգամավորների հարցերին:

Գլխադասային՝ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նախագծի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն: Ելույթով հանդես է եկել պատգամավոր Արթուր Թովմասյանը, նշելով, որ օրենքը պետք է լինի այնպիսին, որ բավարարի և՛ ընդդիմությանը, և՛ իշխանությանը՝ միևնույն ժամանակ համապատասխանելով ժողովրդավարության պահանջներին:

Եզրափակիչ ելույթում՝ Արարատ Դանիելյանն ընդգծել է, որ օրենքը ներկայացնում է հանրային հետաքրքրություններն ու շահերը:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է օրենքը:

Արարատ Դանիելյանի առաջարկությամբ՝ Ազգային ժողովը, «ԱԺ կանոնակարգ» օրենքի 75-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, ընդունել է որոշում՝ առաջին ընթերցումից հետո  նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկների ընդունման ժամկետը 10 օր սահմանելու մասին: Ըստ այդմ՝ վերջնաժամկետ է սահմանվել հունիսի 24-ը (ներառյալ):

«Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը` ուղեկցող նախագծերի փաթեթով խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել Ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը: Կառավարության լիազոր ներկայացուցչի խոսքով՝ ներկայացված նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է էլեկտրոնային հարկային հաշիվների դուրսգրման համակարգի ներդրման, hանրապետությունում ռազմական նշանակության արտադրանքի արտադրությունը և պետության ստեղծած հիմնադրամների կողմից անշարժ գույքի օտարման գործարքները ավելացված արժեքի հարկից ազատելու արտոնության սահմանման և օրենքների դրույթները՝ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ԱՀ օրենքին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:

ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությամբ խորհրդարանն ընդունել է օրենքը:

Արտահերթ նիստի օրակարգային վերջին հարցը «Կուտակային կենսաթոշակների մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծն էր՝ ուղեկցող օրենքների նախագծերի փաթեթով: ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանի հիմնավորմամբ՝ կստեղծվի միջին և երկար ժամկետում կայուն և ինքնաֆինանսավորվող կենսաթոշակային համակարգ, որը կապահովի անձի՝ աշխատունակ տարիքում՝ եկամտի և կենսաթոշակային տարիքում՝ կենսաթոշակի էական տարբերության բացառում: Կուտակային բաղադրիչի մասնակիցը, կուտակային կենսաթոշակից բացի, ստանալու է հիմնական սոցիալական կենսաթոշակ, ինչպես նաև՝ աշխատանքային կենսաթոշակ՝ մինչև 2019թ.-ի հուլիսի 1-ն աշխատած տարիների համար:

Պատգամավորները օրինագծի հեղինակին առաջադրել են հարցեր, որից հետո ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Արարատ Օհանջանյանը:

Մտքերի փոխանակության ընթացքում պատգամավոր Ռիտա Մնացականյանը ներկայացրել է նախագծի վերաբերյալ իր մտահոգությունները և նշել, որ «Դաշնակցություն» խմբակցությունը դեմ է քվեարկելու:

Եզրափակիչ ելույթում ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանն անդրադարձել է պատգամավորի հնչեցրած տեսակետներին  և տվել համապատասխան պարզաբանումներ:

Օրենքն ընդունվել է առաջին ընթերցմամբ:

Ֆինանսների նախարարի առաջարկով՝ Ազգային ժողովը, «ԱԺ կանոնակարգ» օրենքի 75-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, ընդունել է որոշում՝ օրենքի առաջին ընթերցումից հետո նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկների ներկայացման ժամկետը սահմանելով 10 օր՝ մինչև հունիսի 24-ը (ներառյալ):

Արցախի Հանրապետության

ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930