ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր պատգամավորները քննարկում են ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հեղինակած՝ «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, ըստ որի՝ ուղղիչ հիմնարկներում գրքերի ընթերցանության դեպքում դատապարտյալներին տրամադրվում է կարճաժամկետ մեկնում՝ սոցիալական ինտեգրման նպատակով: «Ամսական մեկ գիրք կարդացողը եւ այն ներկայացնողը կարող է կարճաժամկետ արձակուրդ գնալ»,-նշեց Սերգեյ Բագրատյանը:
Նրա խոսքով՝ այս օրինագիծը դատապարտյալին կօգնի ինտեգրվել հասարակությանը, կրթվել. «Բրազիլիայում, օրինակ, գիրք կարդալու համար պատժի կրումից օրեր են պակասեցնում: Մեր դատապարտյալներին պետք է դուրս բերել խաղալու եւ թմրանյութ օգտագործելու գաղջ միջավայրից»:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Ատոմյանը մտավախություն հայտնեց՝ իսկ եթե մի քանի տող անգիր անեն եւ տպավորություն ստեղծեն, թե կարդացել են, կամ, եթե քննությունը վերցնող հանձնաժողովականի հետ դատապարտյալը ծանոթ է, կոռուպցիոն ռիսկեր կարող են առաջանալ. «Գուցե պետք է ստեղծագործ աշխատանքը խրախուսել, բայց գիրքն անգիր անելը նպատակահարմար չի»:
Հանձնաժողովը որոշեց օրինագծի քննարկումը հետաձգել:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ