Լրահոս
Օրվա լրահոսը

«Գաղափարը տշեցիք. ո՞վ է ասել, որ ձեր օրինագծերը հալած յուղի տեղ պետք է ընդունենք». Պետրոսյանը՝ փոխնախարարին

Հունիս 14,2019 18:20

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր պատգամավորները քննարկում են «Լուսավոր Հայաստան» խմբակցության այն օրինագիծը, որը սահմանում է՝ լիազորությունների կասեցման դեպքում (երբ անձի հանդեպ քրեական հետապնդում է իրականացվում) քրեակատարողական ծառայողները շարունակում են աշխատավարձ ստանալ, ինչպես դատավորները, դատախազները կամ քննիչները: Կառավարության տեսակետն այս օրինագծի վերաբերյալ դրական չէր: Արդարադատության փոխնախարար Տիգրան Խաչիկյանը հայտարարեց, որ օրինագիծն այս տեսքով ընդունելի չէ, իսկ գաղափարը պատրաստ են այլ օրենսդրական կարգավորման շրջանակում քննարկել. «Այս տեսքով ընդունումը համարում ենք ոչ նպատակահարմար»:

ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանին կառավարության պաշտոնյայի մոտեցումը դուր չեկավ. «Խնդիրն, իսկապես, կա: Պարոն Խաչիկյան, մեզ պետք է կառուցողական աշխատանք: Կապ չունի, թե որ պատգամավորն է օրինագիծ մշակել: Մարդն աշխատել է, չարչարվել, իսկ կառավարությունն ասում է՝ այս վիճակո՜վ, ու գաղափարը մի քանի ամսով, կներեք, տշում առաջ…Եկեք իրար օգնենք, եղբայր ջան, չենք եկել այստեղ իրար պիտակավորելու»:

Գեւորգ Պետրոսյանն այնուհետեւ վրդովված դիմեց փոխնախարարին. «Իսկ ո՞վ է ասել, որ կառավարության բոլոր օրինագծերն աստվածաշնչյան՝ բյուրեղյա վիճակում են, որ մենք էլ հալած յուղի տեղ ընդունենք: Եթե այս ձեւաչափով մոտենանք հարցին…իսկ ո՞վ է ասել, որ Տարոն Սիմոնյանի այս օրինագիծը բացարձակ ճշմարտություն է: Բացարձակ ճշմարտությունն այն է, որ բացարձակ ճշմարտություն գոյություն չունի: Բայց եկեք իրար հանդեպ կառուցողական լինենք: Հարցը ոչ թե այս օրինագիծն է, այլ երեւույթն առհասարակ: Գոնե երկու օգտակար բառ ասինք նախագծի համար, ոչ թե՝ այս վիճակում ընդունելի չէ»:

Արդարադատության փոխնախարար Տիգրան Խաչիկյանն արձագանքեց. «Ռոմանտիկ երանգ տվեցիք այն բանին, ինչը բացառապես իրավական տիրույթում էր: Նաեւ պատկերավոր երանգ հաղորդեցիք, ինչի անհրաժեշտությունը չկար: Ես վերահաստատել եմ կառավարության պատրաստակամությունը՝ օրինագծի գաղափարի կյանքի կոչելն ապահովելու նպատակով»:

Օրինագծի հեղինակ, ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանը կատակեց. «Լավ, որպեսզի շատ բան չլինի, եկեք ես հետ վերցնեմ օրինագիծը, թե չէ, պարոն Խաչիկյան, ասում եք՝ կողմ եք, բայց դեմ եք…»:

Հիշեցնենք, որ օրինագծի քննարկումը հետաձգվել է երկու ամսով՝ լրամշակման նպատակով:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930