Լրահոս
Օրվա լրահոսը

«Գալաքսի» ընկերությունների խումբը և «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամն ազդարարում են համատեղ ծրագրերի մեկնարկը

Հունիս 14,2019 17:56

«Գալաքսի» ընկերությունների խումբը և «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը ստորագրել են համագործակցության պաշտոնական հուշագիր։ Սա առանցքային իրադարձություն է հասարակական և մասնավոր սեկտորների համագործակցության ոլորտում, քանի որ կողմերը հանձնառություն են ձևավորել երկարաժամկետ ու շահառուների մեծ շրջանակ ընդգրկող ծրագրեր իրականացնել՝ կրթության ոլորտում նորարարական մտածողության ներդրման ուղղությամբ։

«Ինովացիան մեր ռազմավարությունն է, իսկ շարունակական կրթությունը այն առանցքային արժեքն է, որը ընկած է մեր ընկերության հաջողությունների հենքում։ Այս երկու արժեքների համադրմամբ մենք այսօր մեկնարկն ենք տալիս «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հետ համատեղ մի ծրագրի, որի շրջանակում ուսուցիչները կբարելավեն իրենց հմտությունները շարունակական կրթությամբ։ Նախագծերի հիմքում ինովացիոն մտածողության ներդրումն է կրթության ոլորտում և մեր խնդիրն է ապահովել հատկապես մարզային դպրոցների ներգրավվածությունը։ Անխոս, այս ամենի շահառուն մեր երեխաներն են ու մենք հավատացած ենք, որ Հայաստանի բոլոր երեխաները պետք է ստանան որակյալ ու մրցունակ կրթություն», – ասել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, «Յուքոմ» ընկերության խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը։

Նա նաև նշել է, որ բարձր է գնահատում «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի այսչափ կարևոր առաքելությունը՝ Հայաստանում կրթությունը հավասարապես որակյալ ու հասանելի դարձնելուն ուղղված աշխատանքները։ Նշենք, որ սա «Գալաքսի» ընկերությունների խմբի երկրորդ պաշտոնական համագործակցության ծրագիրն է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հետ։ Առաջինը ընկերությունների խմբի կազմում հանդես եկող «Յուքոմ» ընկերության հետ ծրագիրն էր՝ Հայաստանի դպրոցներում թվայնացման և տեխնոլոգիական կրթության ուղղությամբ։

««Դասավանդիր, Հայաստան»-ը որակյալ կրթությունը տանում է Հայաստանի եւ Արցախի նույնիսկ ամենահեռավոր գյուղերի դպրոցները, քանի որ մենք հավատացած ենք, որ յուրաքանչյուր երեխա ունի մեծ ներուժ, որը կարող ենք բացահայտել այդ տեսակ կրթության միջոցով։ Սակայն մենք գիտենք, թե որքան էլ ավելի արդյունավետ կարող ենք լինել, եթե շարժվենք ժամանակին համընթաց ու կրթության մեջ օգտագործենք տեխնոլոգիաներն ու ինովացիան։ Մեզ համար շատ ոգեւորիչ է, որ մասնավոր ոլորտը նման ուշադրությամբ է լցված կրթության որակի բարձրացման վրա եւ պատրաստ է անել դա մեզ հետ համագործակցությամբ։ Լիահույս եմ, որ այս համագործակցության շնորհիվ կկարողանանք ավելի արագ հասնել արդյունքների », – նշել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հիմնադիր եւ ղեկավար Լարիսա Հովհաննիսյանը։

Հատկանշական է, որ «Գալաքսի» ընկերությունների խմբի և «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի համատեղ ծրագրերի մեկնարկը և աշխատանքային թիմերի առաջին ռազմավարական քննարկումը վարում էին Հայաստանի մարզերի ավագ դպրոցների երեխաները։ Նրանք մասնագետների հետ քննարկմանը ներկայացնում էին կրթության ոլորտի բոլոր շահառուների շահերը և ապահովվում էին տեսակետների բազմակողմանիությունը։

Համագործակցության արդյունքում ստեղծվող համատեղ նախագծի առաջին նյութերը կներկայացվեն 2019-20թթ. ուսումնական ծրագրի մեկնարկին, իսկ ծրագրի հաշվետվողականության ու թափանցիկության նպատակով բոլոր նյութերը հասանելի կլինեն ու կհրապարակվեն։

«Դասավանդի՛ր, Հայաստանը» 2013 թվականին հիմնադրված հասարակական ներազդեցության ուղղվածությամբ կազմակերպություն է, որի նպատակը Հայաստանի հանրակրթական համակարգի բարելավումն է, որպեսզի այն հավասարապես հասանելի դառնա Հայաստանի բոլոր երեխաների համար։ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը հավաքագրում է բացառիկ համալսարանավարտ երիտասարդների Հայաստանից եւ սփյուռքից, որոնք վերապատրաստվում են՝ դառնալու Ուսուցիչ-առաջնորդներ եւ տեղակայվում Հայաստանի առավել կարիքավոր դպրոցներում եւ համայնքներում՝ որպես «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի մասնակիցներ։ Այս Ուսուցիչ-առաջնորդները ստանձնում են իրենց աշակերտների ուսուցիչները դառնալու երկամյա հանձնառություն, որից հետո միանում են «Դասավանդի’ր, Հայաստան»-ի Կրթության հավասարության դեսպանների շարժմանը։

«Գալաքսի» ընկերությունների խումբը հիմնադրվել է Հայաստանում 1999թ.-ին և գործունեության 20 տարիների ընթացքում ստեղծել և կայացրել է ավելի քան 15 ընկերություն՝ Հայաստանում, Վրաստանում և Բելառուսում։ Բոլոր ընկերությունների հաջողության գործոնը եղել է ոլորտային նորարարությունը, շարունակական կրթությունն ու բարելավումը։ Ներկայումս «Գալաքսի» ընկերությունների խմբի աշխատակիցների թիվը գերազանցում է 3000-ը, և սոցիալական պատասխանատվության ծրագրերը կրթության, ինովացիայի և սոցիալական բարելավման ոլորտում կազմում են ընկերության գործառնական աշխատանքի 5 տոկոսը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930