Լրահոս
Օրվա լրահոսը

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքը կարող է դառնալ երկրորդային քաղաքների տնտեսական սնուցման աղբյուր․ Սուրեն Պապիկյան

Հունիս 14,2019 17:47

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Շեյն Ռոզենթալին։

Ողջունելով հյուրին և կարևորելով ԱԶԲ-ի հետ Հայաստանի երկարամյա արդյունավետ համագործակցությունը՝ նախարար Պապիկյանը նկատել է, որ ՀՀ կառավարության կառուցվածքային փոփոխությունների արդյունքում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը փոխանցված լայնածավալ գործառույթները հնարավորություն կտան էլ ավելի ամուր հիմքերի վրա դնել ու ընդարձակել եղած գործընկերային հարաբերությունները։

ԱԶԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Շեյն Ռոզենթալը  շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և հավաստիացրել, որ արդյունավետ ու համակարգված աշխատանքի միջոցով հնարավոր  է խորացնել ապագային միտված ծրագրային երկխոսությունը։ Հայաստանի հետ ԱԶԲ-ի համագործակցության առաջիկա երեք տարիների ծրագրի շրջանակներում Շեյն Ռոզենթալը նախարարին է ներկայացրել պետություն-մասնավոր հատված գործակցության սխեմայի օգնությամբ ենթակառուցվածքների հզորացման, տնտեսության դիվերսիֆիկացման, ներառական աճի, քաղաքային շրջանների զարգացման, հասարակական տրանսպորտի ցանցի բարելավման ուղղությամբ բանկի հայեցակարգային մշակումները։ Անդրադառնալով Հայաստանի էներգետիկ ոլորտում ընթացող բարեփոխումներին և զարգացման միտումներին՝ Շեյն Ռոզենթալն ասել է, որ համակարգի ծախսածածկ և կարգավորված բնույթը Հայաստանին հնարավորություն է տալիս առաջատար դիրքեր զբաղեցնել տարածաշրջանային էներգետիկ  շուկայում։

Իր հերթին Սուրեն Պապիկյանը ևս մեկ անգամ ընդգծել է ԱԶԲ-ի հետ հաջողությամբ իրականացվող դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման, բևեռային քաղաքների զարգացման, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարության և մի շարք այլ հեռանկարային նախագծերի կարևորությունը Հայաստանի համար և արձանագրել, որ իրենց ռազմավարական նշանակությամբ դրանք ուրվագծում են Հայաստանի տնտեսության մյուս ճյուղերի զարգացման տեսլականը։ «Համալիր ազդեցության տեսանկյունից Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքը կարող է դառնալ այն առանցքը, որը երկրորդային քաղաքների համար կծառայի տնտեսական սնուցման աղբյուր»,- ամփոփել է նախարարը։

Քաղաքային ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ նախարար Պապիկյանի տեսլականը Շեյն Ռոզենթալը համահունչ է որակել  ԱԶԲ-ի սկզբունքներին և վստահեցրել, որ բանկը պատրաստակամ է շարունակել նոր սերնդի ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված համագործակցության խորացման երկխոսությունը։

Ավարտին կողմերը վերահաստատել են երկուստեք հանձնառությունը նոր ծրագրերի և նախագծերի միջոցով ապահովել տարբեր ուղղություններով բարեփոխումների շարունակականությունը՝ երկկողմ համագործակցությունը բարձրացնելով որակական նոր մակարդակի։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930