Լրահոս
Օրվա լրահոսը

Զոքանչին եւ կնոջը կացնահարողի պաշտպանն աշխատանքից ազատվել է

Հունիս 14,2019 17:45

Այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նստավայրը՝ Շենգավիթ, Թագուհի Մանսուրյանի գործով դատական նիստը պետք է լիներ: Սակայն այն հետաձգվեց, քանի որ ամբաստանյալ Վլադիկ Մարտիրոսյանի հանրային պաշտպանն աշխատանքից ազատվել է, գործը փոխանցվել է մեկ այլ հանրային պաշտպանի, որն էլ չէր ներկայացել դատարան: Դատարան չէր ներկայացել նաեւ տուժող Թագուհի Մանսուրյանի՝ դատարանում ներկայացուցիչ, փաստաբան Ինեսա Պետրոսյանը:

Դատավոր Դավիթ Բալայանը նիստը հետաձգեց, քանի որ նոր պաշտպանը պետք է ներգրավվի գործի քննությանը: Նոր նիստի օր նշանակելը, ինչպես Բալայանն ասաց՝ ամենաբարդն է, փաստաբանները ներկա չէին, օր ու ժամ որոշելը դժվար էր: Հաջորդ նիստի օր է նշանակվել հուլիսի 18-ը, ժամը 15:30-ին:

2016-ի հուլիսի 8-ին Երեւանի Սողոմոն Տարոնցի նրբանցքի 7-րդ շենքի շքամուտքի աստիճանների վրա տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Վլադիկ Մարտիրոսյանը կացնով բազմաթիվ հարվածներ էր հասցրել զոքանչին՝ Կարինե Մանսուրյանին, կնոջը՝ Թագուհի Մանսուրյանին, եւ աներոջը՝ Վաչագան Մանսուրյանին: Արդյունքում 64-ամյա Կարինե Մանսուրյանը մահացել էր, իսկ հայր ու դուստր մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Վլադիկ Մարտիրոսյանին՝ Կարինե Մանսուրյանի սպանության, Թագուհի եւ Վաչագան Մանսուրյանների նկատմամբ սպանության փորձ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասով եւ 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

«Ես այլեւս ոչ մեկին չեմ վստահում, սկսել եմ բոլորին կասկածել, չգիտեմ՝ մեջտեղը գումար է, ինչ է, չգիտեմ, չեմ էլ ուզում մեղադրել որեւէ մեկին, բայց երեք տարի դատը գնում է, ու ոչ մի հանգուցալուծում: Հիմա էլ պաշտպանը դուրս եկավ, նոր պաշտպան է լինելու, ես չգիտեմ էլ, թե նոր պաշտպանն ինչքան միջնորդություն կներկայացնի, ու նորից գործը ինչքան կձգձգվի: Մանավանդ, որ անընդհատ կնասպանության նոր դեպքերի մասին ենք լսում: Հոգնել եմ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Թագուհի Մանսուրյանը:

Aravot.am-ի հետ զրույցում Թագուհի Մանսուրյանի ներկայացուցիչ, փաստաբան Ինես Պետրոսյան էլ ասաց, որ ամբաստանյալ Վլադիկ Մարտիրոսյանն անվճարունակ է եւ դեռեւս նախաքննության ժամանակ դիմել էր անվճար փաստաբանական ծառայությունից օգտվելու համար. «Հիմա նրա պաշտպան Լիանա Գասպարյանը դիմում է գրել աշխատանքից ազատվելու եւ Երեւանի գրասենյակում չի աշխատում: Բնականաբար գործը մակագրվել է մեկ այլ պաշտպանի, իհարկե, տուժող կողմի համար, գործը նորից ձգձգվում է: Բայց անձն էլ իրավունք ունի ունենալ պաշտպան»:

Ըստ փաստաբանի, հիմա դատական վիճաբանության փուլն է եւ հնարավոր է նոր պաշտպանը ծանոթանա գործի նյութերին ու միանգամից սկսվի վիճաբանությունները, հնարավոր է միջնորդություններ ներկայացնի նոր քննության եւ այլն:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930