Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր պատգամավորները քննարկում են «Լուսավոր Հայաստան» խմբակցության այն օրինագիծը, որը սահմանում է՝ լիազորությունների կասեցման դեպքում (երբ անձի հանդեպ քրեական հետապնդում է իրականացվում) քրեակատարողական ծառայողները շարունակում են աշխատավարձ ստանալ, ինչպես դատավորները, դատախազները կամ քննիչները: Օրինագիծը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանին հետեւյալ խնդիրը բարձրաձայնելու առիթ տվեց:
Նա հիշեցրեց, որ «Էլեկտրիկ Երեւան»-ի դեպքերի ժամանակ լրագրողների աշխատանքը խոչընդոտած ոստիկաններից մեկի դատավարությունը երկու տարի ընթացավ. «Նա տուգանվեց 200 հազար դրամով: Տանը նստելու համար պետությունը մի քանի տարի նրան պետք է աշխատավարձ տա՞: Դատավարությունը կարող է տարիներ տեւել, հետո՝ այդ դատավճիռը բողոքարկվել, եւ ստացվում է, որ այդքան ժամանակ պետությունը վճարում է նրան: Հիմա ես եւ լրագրող Շողիկ Գալստյանը մեկ այլ գործով տուժողներ ենք, դատը երկու տարի ընթանում է, հաջորդ նիստն էլ սեպտեմբերին է: Եթե չկայանա, կարող է 2020թ.-ին նշանակվել…»:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Ատոմյանն (լուսանկարում) էլ իր հերթին շեշտեց. «Կա կաշառակեր դատավոր, կաշառակեր քննիչ: Իմ կարծիքով՝ քանի դեռ դատավարություն է ընթանում, եւ նրանք չեն արդարացվել, չպետք է աշխատավարձ ստանան: Երբ կարդարացվեն, այդ ժամանակ թող պետությունը հատուցի նրանց՝ ավելի վաղ չստացած աշխատավարձը»:
Ի վերջո, հանձնաժողովականները որոշեցին հետաձգել օրինագծի քննարկումը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ