Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես նման բան չեմ ասել». Վահե Գրիգորյանը հաստատում է իր խոսքերը, որ դատախազությունը գործադիրի մաս է եւ հերքում Գեւորգ Պետրոսյանի ասածը

Հունիս 14,2019 16:36

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ-ում ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանի հանդիպումն էր ԲՀԿ խմբակցության հետ: ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն իր զարմանքն էր հայտնել Վահե Գրիգորյանի արտահայտած մտքերի առնչությամբ:

Մասնավորապես, Գեւորգ Պետրոսյանն ասաց. «Վահե Գրիգորյանը հայտարարեց, թե իբր դատախազությունը գործադիր իշխանության մաս է: Ես, որպես իրավաբան, էդ արտահայտությունից հետո ո՞նց կարող եմ կողմ քվեարկել»:

Երբ Վահե Գրիգորյանին հարցրեցինք՝ դուք նման տեսակետ հայտնե՞լ եք, որ դատախազությունը գործադիրի մաս է՝ պատասխանեց. «Կոնկրետ պարոն Պետրոսյանի մասով կողմ կամ դեմ քվեարկելու համար առանձնապես պատճառ պետք չէր, բայց գործադիր իշխանության մաս լինելու հետ կապված բացառման կանոնով պետք է առաջնորդվել՝ եթե դա դատական իշխանության կամ օրենսդիր իշխանության մաս չի, դա գործադիր է: Եվ ընդհանրապես, դատախազության գործառույթները երբ նայեք, դրանք կլասիկ գործադիրի գործառույթներ են: Վահե Գրիգորյանը բացատրեց, որ ՀՀ-ում դատախազության նկատմամբ վերաբերմունքը թելադրված է ռուսական կայսրությունում դատախազության ունեցած դերով, որը պահպանվեց որոշ չափով Սովետական միությունում, իսկ երբ ՀՀ-ն անկախացավ, դրանով հանդերձ էլ առավել դատախազությունը գործադիր իշխանության մարմնի կարգավիճակին մոտեցավ, սրանում որեւէ զարմանալի բան չկա: Ձեւականորեն դատախազությունը երբեմն դասվել է դատական իշխանության մարմնի մեջ, բայց սա, ըստ Գրիգորյանի, տեսական վեճ է, որի մասնակիցների մեծամասնությունը հակված է, որ դատախազությունը, դատախազության գործառույթը գործադիր իշխանության մաս է. «Այստեղ զարմանալու ոչ մի բան չկա, ես զարմացած եմ, որ…»: Վահե Գրիգորյանի կարծիքով, գործադիրի տիրույթում կարող է լինել ու անկախ. «Գործադիր իշխանության մեջ կան նաեւ անկախ մարմիններ, բայց ինքը գործադիրի տիրույթում է»:

Մեր հարցին՝ դատարանների շրջափակման հետ կապված երեկ լրագրողների հետ զրույցում ասացիք, որ հակաօրինական բան չեք տեսնում այդտեղ, իսկ այսօր Գեւորգ Պետրոսյանի փոխանցմամբ, ասել եք, որ հակասահմանադրական է դա եղել ու դուք դեմ եք եղել, այս հակասությունն ինչպե՞ս կբացատրեք: Վահե Գրիգորյանն ի պատասխան խորը հոգոց հանեց. «Լսեք, սա լուրջ չի: Նախ, հանդիպումը off record է, երկրորդը՝ ես նման բան չեմ ասել: Ես ասել եմ, որ դեմ եմ, որ վարչապետը հանձնարարի փակել պետական կառույցները, բայց նման բան չի եղել: Դա եղել է իր խոսքում փաստերի շարադրանքը, որն ինքը աղավաղել էր եւ ես ուղղել եմ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930