Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ռոբերտ Քոչարյանի ռեժիմի պաշտպանն եք հանդիսացել». Սեդա Սաֆարյանն` Արմեն Դանիելյանին

Հունիս 14,2019 16:22

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավոր Արմեն Դանիելյանին կրկին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացվեց. այս անգամ`տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից

«Ձեր, որպես դատավորի՝ բացարկման հիմքերն ավելի հիմնավոր են: Դրանք գտնվում են Ձեր նշանակման ակունքներում»,- այսօր ընթացող դատական նիստում հայտարարեց «Մարտի 1-ի գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը:

Հիշեցնենք՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում այսօր շարունակվում էր «մարտի 1-ի գործով» տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի եւ տուժողի իրավահաջորդի ներկայացրած Սեդա Սաֆարյանի ներկայացրած վերաքննիչ բողոքի քննությունը: ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկել է մայիսի 18-ի՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու եւ նույն դատարանի մայիսի 20-ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու եւ Սահմանադրական դատարան դիմելու որոշումը: Վերաքննիչ բողոքներ են ներկայացրել նաեւ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը:

Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների`դատավորին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը:

Սեդա Սաֆարյանը նկատեց, որ նախկին իշխանությունների օրոք, քաղաքական հետապնդումներին վերաբերող գործերով դատավոր Դանիելյանը չի տարբերվել այլ դատավորներից եւ նույնանման վերաբերմունք է ունեցել: Նոր իշխանության պայմաններում այլ դրսեւորումներ չի էլ ունեցել: Նա հիշեցրեց, որ Դանիելյանը դատավոր է նշանակվել Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին: Ասաց, որ ինքը հիմնավոր կասկածներ ունի, որ այդ տարիներին դատավոր նշանակվելու չափանիշներն օբյեկտիվ եւ օրինական չեն եղել եւ Արմեն Դանիելյանն էլ դատավոր չի նշանակվել իր օբյեկտիվության եւ դատավորին անհրաժեշտ այլ հատկանիշների համար: Սեդա Սաֆարյանը հիշեցրեց, որ մարտի 1-2-ի գործերով տասնյակ մարդիկ անհիմն դատապարտվել են, հնչեցրեց նրանց անունները եւ ասաց, որ շատերն այժմ էլ այդ իրադարձությունների պատճառով տարբեր առողջական խնդիրներ ունեն: Հավելեց, որ չնայած ԵԽԽՎ-ի`այդ տարիներին ընդունած դատապարտող մի շարք որոշումներին, դատավորը կրկին չի վերանայել իր գործունեությունը եւ չի փոխել վերաբերմունքը այդ գործերի վերաբերյալ:

Սեդա Սաֆարյանն ասաց, որ «մարտի 1»-ի գործով քաղբանտարկյալներից Գեւորգ Մանուկյանն էլ այս օրերին ՄԻԵԴ-ի մոտ հացադուլ է հայտարարել`իմանալով, որ սույն գործով քննություն է ընթանալու: Գեւորգ Մանուկյանի գործով դատավորը նույնպես Արմեն Դանիելյանն է եղել:

«Ռոբերտ Քոչարյանի ռեժիմի պաշտպանն եք հանդիսացել մի ողջ ժամանակահատված ենթարկվել եք նրա սահմանած խաղի կանոններին, հիմա պետք է լսեք իր բացատրությունները»,- ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը`հավելելով, որ սա արդեն բացառում է օբյեկտիվության վստահությունը`իր եւ տուժողի մոտ:

Միջնորդությանը միացավ նաեւ դատախազությունը: Դատախազության ներկայացուցիչն ասաց, որ շատ կարեւոր է այն հանգամանքը, որ գործը քննող դատավորի նկատմամբ վստահություն լինի կողմերի մոտ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930