Լրահոս
Օրվա լրահոսը

«Վահե Գրիգորյանը հայտարարեց, թե իբր դատախազությունը գործադիր իշխանության մաս է». Գեւորգ Պետրոսյանը զարմացած էր

Հունիս 14,2019 16:03

ԱԺ-ում ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը հանդիպում էր ԲՀԿ խմբակցության հետ:

Հանդիպման կեսից դուրս եկավ ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը եւ լրագրողների հետ զրույցում իր զարմանքը հայտնեց Վահե Գրիգորյանի արտահայտած մտքերի հետ կապված:

Մասնավորապես, Գեւորգ Պետրոսյանն ասաց. «Վահե Գրիգորյանը հայտարարեց, թե իբր դատախազությունը գործադիր իշխանության մաս է: Ես, որպես իրավաբան, էդ արտահայտությունից հետո ո՞նց կարող եմ կողմ քվեարկել»: Մեր զարմանքին այդպիսի արտահայտությո՞ւն է արել՝ Գեւորգ Պետրոսյանը պատասխանեց. «Ես երբեք ստախոսությամբ չեմ զբաղվում քաղաքականության մեջ, կյանքում կարող է մեկումեջ սուտ խոսամ»:

Նրա խոսքով՝ Վահե Գրիգորյանին հարցրել են դատարանների դռները փակելու հարցի սահմանադրականության մասին. «Չստացա այդ հարցի սպառիչ պատասխանը: Մի դեպքում ասաց, որ դա սխալ էր, որ ինքը համաձայն չէ փակելու դատարանների դռները եւ խափանելու դատարանների աշխատանքը: Ինքն ասաց, որ ինքը դեմ էր, գտնում է, որ դա Սահմանադրությանը հակասող էր, բայց նաեւ ասաց, որ ինքը չի գտնում, որ այստեղ եղել է հանձնարարական: Երկրորդ հարցս այն էր, որ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներից ասել են, որ մենք քաղաքական կոմպոնենտն ենք կարեւորում ՍԴ անդամ ընտրելիս: Իմ համար այդպիսի հայտարարությունը չի տեղավորվում ՀՀ գործող Սահմանադրության տրամաբանության մեջ, թե ինչպես կարելի է ՍԴ անդամի կազմը համալրել քաղաքական բաղադրիչներից ելնելով: Հարցրել եմ՝ արդյոք մտավախություն չկա՞, որ Գրիգորյանը, ՍԴ անդամ լինելով, վերջում գուցե այդ դատարանի նախագահ ընտրվելու դեպքում ո՞նց է դա շրջանցելու: Նա չի՞ քննադատում այն տեսակետը, իսկապես, այդտեղ քաղաքական կոմպոնենտ չպետք է լինի»:

Լրագրողներն ասացին, որ դա մի պատգամավորի՝ Վահագն Հովակիմյանի մասնավոր կարծիքն է եղել, ոչ թե խմբակցության՝ Գեւորգ Պետրոսյանն էլ պատասխանեց, որ իրենց քննադատությունից հետո այդպես սկսեցին պաշտպանվել. «Ինքն ասում ՝ մենք: Մենքը ո՞վ է՝ պատգամավորի հորքուրն է, մորաքույրն է, մորաքրոջ ամուսինն է»:

Գեւորգ Պետրոսյանն ասաց, որ Վահե Գրիգորյանին հարցրել են՝ այդ տեսակետը դուք ընդունո՞ւմ եք, թե՞ քննադատում եք, որ ՍԴ անդամի կազմը պետք է համալրել քաղաքական կոմպոնենտով. «Ինքը չի ասում, որ դեմ եմ դրան, քննադատում եմ: Ես էլ հարց եմ տալիս՝ բա ո՞րն է երաշխիքը, որ դուք, դատարանում հայտնվելու դեպքում քաղաքական ուղղորդմամբ չեք ղեկավարվելու: Չկա այդ հարցի պատասխանը»:

Նա ասաց, որ մտահոգություն ունի, որ Վահե Գրիգորյանը չի կարող օբյեկտիվորեն եւ Սահմանադրությանը համապատասխան իրականացնել իր գործառույթները. «Ի՞նչ երաշխիք կա, որ այդ մարդը պետք է հավատարիմ մնա Սահմանադրությանը»:

Մենք խնդրեցինք հիշեցնել, թե ԲՀԿ-ն ու մասնավորապես ինքը ինչպես է քվեարկել Հրայր Թովմասյանի՝ ՍԴ գործուղվելու հարցին՝ նա պատասխանեց՝ ԲՀԿ-ն դեմ է քվեարկել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930