ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր պատգամավորները քննարկում են «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որը հեղինակել է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանը տեղեկացրեց, որ օրինագծի կարիքն առաջացել է այն ժամանակ, երբ խմբակցությանը դիմել են քրեակատարողական ծառայողներ եւ ասել, որ իրենց լիազորությունների կասեցման ժամանակահատվածում աշխատավարձը չի պահպանվում, ինչպես դատախազների, դատավորների եւ քննիչների պարագայում:
«Նրանք եւս իրենց համարում են իրավապահ համակարգի ծառայողներ եւ ցանկանում են, որպեսզի նշյալ լիազորությունը տարածվի նաեւ իրենց վրա: Հասկանում եմ կառավարության մտահոգությունն այն մասին, որ նրանց գործառույթը հավասարեցված է զինվորական ծառայությանը, բայց նրանց կարգավիճակը պետք է հավասարեցվի իրավապահ համակարգի ծառայողի կարգավիճակին»,-համոզմունք հայտնեց Տարոն Սիմոնյանը:
Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանն օրինագծի վերաբերյալ հարցադրում արեց. «Հակասություն չեք տեսնո՞ւմ աշխատավարձի հաշվարկման առումով: Աշխատանքային օրենսգրքով՝ աշխատավարձը հաշվարկվում է աշխատանք կատարելու դիմաց»: Տարոն Սիմոնյանը պատասխանեց. «Ոչ, այս կարգավորումը կա այլ պաշտոնատար անձանց առնչությամբ, մենք նոր բան չենք ստեղծում: Այն, ինչ կա, ուզում ենք տարածել քրեակատարողական ծառայողների վրա եւս»: Տիգրան Խաչիկյանը նկատեց՝ ինչո՞վ են պակաս փրկարարը կամ հարկադիր կատարողը, որ իրենց վրա այդ լիազորությունը չի տարածվում:
Տարոն Սիմոնյանը կրկին շեշտեց, որ քրեակատարողական ծառայողները համարվում են իրավապահ համակարգի աշխատակիցներ: Սիմոնյանը նկատեց, որ փոխնախարարը «լավ միտք տվեց», ուստի կարելի է աշխատել նաեւ այդ ուղղությամբ օրինագիծ մշակել: Տիգրան Խաչիկյանը եզրափակեց՝ ասելով, որ քրեակատարողական ծառայողներն, այնուամենայնիվ, հանրային ծառայողներ են. «Եթե շեշտենք, որ նրանք հավասարեցված են զինվորական ծառայողներին, կարող է անհարկի տարբերակումների խնդիր առաջանալ»:
Կարդացեք նաև
https://www.facebook.com/aravot.am/videos/2207429406235689/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ