5730 դիմորդ մասնակցել է հայոց լեզու եւ գրականություն առարկայի միասնական քննություններին, 1045 դիմորդ չի կարողացել հաղթահարել նվազագույնի շեմը եւ դրական նիշ չի ստացել, դրա մեջ մտնում է 7,5 միավորը, որը կլորացվում է հօգուտ դիմորդի: Թվում էր, թե անցյալ տարվա համեմատ առաջընթաց պետք է ունենանք, մինչդեռ հետընթաց ունենք»,- «Տեսակետ» մամուլի ակումբում մտահոգություն հայտնեց Լեզվի պետական տեսչության նախկին պետ Լավրենտի Միրզոյանը; Նա հիշեցրեց, որ անցյալ տարի հայոց լեզվի միջին միավորը 12,2 է եղել, իսկ այս տարի 11,6 է: Փաստորեն «կտրվողների» թիվը մեծացել է:
Aravot.am -ի այն հարցին, թե հայոց լեզվի նահանջն ինչով է պայմանավորված, Լավրենտի Միրզոյանը պատասխանեց. «Պատճառն այն է, որ երեխաները կտրված են մայրենի լեզվից, նորմալ գիտելիք չեն ստանում, անգիր անելով են զբաղված: Նրանք գիտեն, թե որ հարցի պատասխանը ենթադրյալ որը կարող է լինել…Երեխան հարցերի պատասխանը սովորում է եւ ենթադրյալ ճիշտ պատասխանի դիմաց ուղղակի նշան է դնում` առանց խորությամբ սովորելու…Անգիր անելով հնարավոր չէ գիտելիք ստանալ, երեխան պետք է անընդհատ շփվի գրավոր խոսքին»:
Մանրամասն` տեսանյութում
Կարդացեք նաև
Լեզվի պետական տեսչության նախկին պետը կարծում է, որ քննելաձեւը պետք է փոխվի եւ դրա վրա է հրավիրում նոր կառուցվածք ունեցող նախարարության ուշադրությունը:
«Նոր նախարարը այս հարցերին պետք է լրջորեն ուշադրություն դարձնի, որովհետեւ հանրակրթության ոլորտում լեզուների ուսուցման վիճակը բարձր մակարդակի վրա չի գտնվում: 21-րդ դարի հայ երեխան պետք է ոչ միայն մայրենի լեզվին պետք է տիրապետի, այլ նաեւ օտար լեզուներին»,-վստահ է Միրզոյանը:
Նա մի կոչ էլ Տարածքային կառավարման նախարարին արեց. «Իրենց պետական մարմիններում պետք է հանձնարարվի, որ ձեւաթղթերը համապատասխանեն Լեզվի մասին օրենքի պահանջներին…Մարզը, մարզպետը եւ մարզպետարանը չի թարգմանվում որեւէ լեզվով, մեր մարզը ոչ «կրայն» է, ոչ «օկրուգն» է, ոչ էլ նահանգն է: Մեր մարզը ոչ մի լեզվով չի թարգմանվում, սակայն, օրինակ, ճանապարհային երթեւեկության ցուցանակներին բոլոր մարզերը թարգմանվել են ռուսերեն կամ այլ լեզվով, որը օրենքի խախտում է, դրանք պետք է շտկվեն կարգավորվեն, ես կարող եմ տերմինաբանական կոմիտեի որոշումն էլ տրամադրել»:
Մանրամասն` տեսանյութում
Լավրենտի Միրզոյանը արտաքին գովազդային վահանակների լեզվին, տառասխալներով տպագրված դասագրքերին ու հարակից այլ հարցերի էլ անդրադարձավ: Հիշեց իր պաշտոնավարման ժամանակ խորագույն եւ գերագույն բառերի գործածության դեպքերի պատճառով առաջացած խնդիրներին եւ Լեզվի պետական տեսչության համապատասխան եզրակացությունից հետո դիմորդների քննական գնահատականի բարձրացմանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ