Լրահոս
Օրվա լրահոսը

Արյան դոնորի օրը վերջանում է, դոնորությունն էլ՝ հետը

Հունիս 14,2019 14:37

Արյուն միշտ է պետք, մի սպասեք, որ Դոնորի միջազգային օրը լինի, որ նոր արյուն հանձնեք: Դոնորի օրը վերջանում է, դոնորությունն էլ՝ հետը: Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արյունաբանական կենտրոնի Արյան բաղադրամասերի պաշարման բաժանմունքի վարիչ Անդրանիկ Շամիլյանը:

Այսօր դոնորի համաշխարհային օրվա առիթով, վաղ առավոտից քաղաքացիների հոսքն Արյունաբանական կենտրոն չէր դադարում: Սակայն,ինչպես բժիշկ Շամալյանն է նշում, մնացած օրերի, նույնպես արյան կարիք կա, բայց, որպես կանոն՝ կամավոր դոնորները պասիվ են եւ ակտիվությունը միայն այս օրն է լինում:

«Արյուն հանձնելու նպատակը,ինչ-որ մեկի կյանքը փրկելն է, իսկ այդպիսի հիվանդներ միշտ կան»,-ասում է բաժանմունքի վարիչը՝ նշելով, որ արյան հիվանդություններով, ավտովթարներով, վիրահատություններով պայմանավորված, արյան պահանջարկն ավելի է մեծացել. «Պետք չէ սպասել հայտարարությունների, տարվա մեջ մեկ-երկու անգամ գոնե, ամեն մեկն իր պարտքը կատարի»:

 

Բժիշկ Շամիլյանի խոսքով, ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում էլ արյան հիվանդությունները ավելացման միտում ունեն, ինչը Անդրանիկ Շամիլյանը տեխնոգեն աղետ է համարում. «Այսքան տեխնիկան, էլեմենտները, նետվում են աղբարկղ, մինչդեռ դրանց խոտանումը, ուտիլիզացիան պետք է հատուկ պայմաններով լինի: Մեկ մարտկոցը կարող է երկու մետր շառավղով հողը ախտահարել ծանր մետաղներով, հետո այդ ծանր մետաղները ջրի միջոցով գնում են մեր օրգանիզմ, գենային մուտացիաներ են առաջացնում: Այս ամենն անխուսափելի է, քանի որ ամբողջ աշխարհում այս խնդիրը կա»:

Ըստ մեր զրուցակցի՝ արյան համակարգի հիվանդություններից մեր երկրում գերակշռում են լեյկոզները՝ արյան քաղցկեղը: Այդուհանդերձ, բժիշկ Շամիլյանը վստահեցրեց, որ բուժման արդյունավետությունը բարձրացել է, ավելի շատ մարդկանց կյանք են փրկում:

Այսօր կյանքում առաջին անգամ արյուն է հանձնել նաեւ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նախարարը նշել է, որ արյան պաշարների զարգացումը նախարարության ռազմավարություններից մեկն է:

Տեղեկացանք,որ արյուն են հանձնել նաեւ Երեւանի քաղաքապետարանի պաշտոնյաներ, ԱԺ պատգամավորներ:

Արյունաբանական կենտրոնում այսօր պետք է նաեւ պարգեւատրվեին մի քանի դոնորներ, որոնք, ըստ կենտրոնի պատասխանատուների, մշտապես կանգնած են արյան հիվանդություններ ունեցող երեխաների կողքին: Կենտրոնում բուժում անցնող երեխաները բացիկներ էին պատրաստել կամավոր դոնորների համար:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930