Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովը, Լևան Իզորիան և Հուլուսի Աքարը հունիսի 12-ին Ադրբեջանի Գաբալա քաղաքում անցկացրել են հերթական՝ 7-րդ եռակողմ հանդիպումը, որի ընթացքում քննարկել են պաշտպանության ոլորտում գործակցության և տարածաշրջանային անվտանգության հարցեր, հաղորդում է civil.ge-ն:
Ըստ Լևան Իզորիայի՝ տարածաշրջանում անվտանգության հիմնաքար են միջազգային իրավունքով ճանաչված սկզբունքները, որոնք հենվում են ինքնիշխանության և յուրաքանչյուր երկրի տարածքային ամբողջականության վրա:
«Ցանկանում եմ ևս մեկ անգամ արտահայտել մեր կոշտ դիրքորոշումը՝ հօգուտ Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության՝ նրա սահմանների՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում»,- հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարարը:
Խոսելով հանդիպման արդյունքների մասին՝ Իզորիան ասել է, որ այսօր ևս մեկ քայլ է արվել «տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանն» ընդառաջ: «Մենք հերթական անգամ ամրապնդեցինք այն ռազմավարական գործընկերությունը, որը գոյություն ունի մեր երկրների միջև տարբեր ոլորտներում, և հատկապես, անվտանգության ոլորտում»,- ասել է նա:
Կարդացեք նաև
Իզորիան խոսել է նաև համատեղ զորավարժություններ անցկացնելու կարևորության մասին և հայտարարել, որ երեք երկրների պաշտպանության նախարարները պայմանավորվել են ներգրավել վրացի զինծառայողներին Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժություններում: Նա նաև շնորհակալություն է հայտնել Թուրքիայի և Ադրբեջանի իր գործընկերներին՝ Վրաստանում ծրագրված բազմազգ և ՆԱՏՕ-ի կողմից կազմակերպված զորավարժություններին մասնակցելու պատրաստակամության համար:
«Գործակցության դինամիկան իսկապես ընդլայնվում է, խորանում, ամրապնդվում, ինչը ծառայում է գլխավոր ռազմավարական նպատակին՝ մեր երկրների և մեր բնակչության անվտանգության և խաղաղության ամրապնդմանը, ապագայում մեր ռազմավարական գործընկերության ամրապնդմանը»,- ասել է Իզրոիան:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Կարող ես նաև երաշխավորել արցախցիների ֆիզիկական անվտանգությունը երբ Ադրբեջանը փորձի ոչնչացնել իրենց?