Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նրա պաշտոնանկության լուրով ուրախացողներին ցանկանում եմ հարցնել՝ դուք ճանաչո՞ւմ եք Արցախի Հերոս Վիտալի Բալասանյանին. «Ազգ»

Հունիս 14,2019 13:14

Մեր հայրենակիցներից շատերն ուղղակի հրճվում են Վիտալի Բալասանյանի՝ Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից ազատվելու լուրով:

Ճիշտ է, վերջին շրջանում Բալասանյանի որոշ հայտարարություններ ոչ միանշանակ ու, հաճախ, մասնակիորեն անընդունելի են եղել, բայց նրա պաշտոնանկության լուրով ուրախացողներին ցանկանում եմ հարցնել՝ դուք ճանաչո՞ւմ եք Արցախի Հերոս Վիտալի Բալասանյանին:

Վստահ եմ, որ քննադատողներից շատերը Վիտալի Բալասանյանի անունն առաջին անգամ լսել են 2016 թ.՝ ՊՊԾ գնդի գրավման հետ կապված միջադեպերի զարգացման ժամանակ: Դրանից հետո, ճիշտ չհասկանալով Բալասանյանի խոհեմ մոտեցումները, շատերը սկսեցին նրան մեղադրել ու դավաճան անվանել: Բայց հիասթափեցնելով նմաններին, ասեմ, որ եթե Բալասանյանը չմիջամտեր գործին, եւ գունդը գրավողներին չհամոզեր զենքը վայր դնելու, ապա, ինչպես ժողովրդական առածն է ասում՝ այդ խմորը դեռ շատ ջուր կխմեր:

Ավելին՝ այսօր Վիտալի Բալասանյանին քննադատողներից ու նրա պաշտոնանկության լուրով հրճվողներից շատ շատերը ծնված էլ չեն եղել, երբ նա զենքը ձեռքին, իր բնատուր ռազմագիտությամբ, փայլուն մարտական ուղի է անցել, եւ Արցախի ազատության ու մայր հայրենիքի հետ վերամիավորման հարցում նրա ավանդը փոքր չէ: Ես գիտեմ, որ Բալասանյանի վերջին հայտարարությունը Արցախի առանձին պետություն լինելու հետ կապված, հաջող հայտարարություն չէր, բայց գիտեմ նաեւ, որ դա արտաքին խաղ է, եւ այդ հայտարարությանը հղում անողներն ու նրան հայհոյողներն ավելի շատ չեն նվիրված մեր ազգին ու հայրենիքին, քան Վիտալի Բալասանյանը: Եւ սրանք ուղղակի գովեստի խոսքեր չեն, այս խոսքերի լավագույն ապացույցը Բալասանյանի անցած փառավոր մարտական ուղին է: Ի դեպ, նրան քննադատողներից քանի՞սն են ծառայել հայկական բանակում, քանիսի՞ հայրերն են մասնակցել Արցախյան ազատամարտին:

Դեռ հստակ չէ Բալասանյանն ինչ պայմաններում է պաշտոնանկ արվել, կարծիքները շատ կարող են լինել, բայց հստակ պատասխանը ժամանակն է տալու, երբ վաղը բյուրեղացնի ու մեզ մատուցի այսօրվա տեղի ունեցածը, բայց այսօր Բալասանյանի հանդեպ տեղի ունեցածն ու ունեցողը, մեղմ ասած, անշնորհակալություն, անաղուհացություն է:

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Հարգելի հոդվածագիր, երբ ես ընկերներ ունեի, Վիտալի Բալասանյանը և հատկապես դուք՝ դեռ չէիք ծնվել։ Դրանից ի՞նչ հետևություն կարելի է անել, որ իմ խոսքը ավելի արժանահավատ է, քան ձե՞րը։ Ինչ որ հիմնավոր չի, չէ՞ հնչում, բացի այդ՝ մի կես բերան քննադատելով, հույս ունեք, որ ասված ու չասված գովասանքները պիտի հալած յուղի տե՞ղ ընդունեք, սխալվո՛ւմ եք։
    Իհարկե, ճիշտ եք նկատել, որ 2016-ի հուլիսյան դեպքերի ընթացքում Բալասանյանի պահվածքը մեծ հակակրանք է առաջացրել հասարակության մեջ։ Ասեմ ավելին՝ որքան դիտում եմ այդ տեսանյութերը, այնքան համոզվում եմ, որ նա գնացել էր ոչ թե փոխզիջումային տարբերակ գտնելու, այլ արատավոր համակարգի դեմ ընդվզած տղաներին ծնկի բերելու առաքելությամբ։ Իսկ ի՞նչ կասեք նրան ուղեկցող երիտասարդի մասին, նրա կենսագրական տվյալների վերաբերյալ։
    Իմ կարծիքը իր մասին հետևյալն է․ ունենալով հերոսական անցյալ, նա մի որոշ ժամանակ ընդվզում էր ՀՀ և ԱՀ հակաժողովրդական համակարգերին, սակայն քանի որ այդ համակարգերը տևական դուրս եկան, մտածեց, թե “դե երևի ճիշտը դա է”։ Հավել եմ նաև, որ իր քաղաքական-քաղաքացիական վայրեջքով ինքը միայնակ չէ։ Կարծում եմ՝ Դավիթ Շահնազարյանը, Վազգեն Մանուկյանը ևս նույն “ճակատագրին” են արժանացել։ Ես նման գործիչների վերաբերյալ հանգել եմ հետևյալ եզրակացության․ նրանք ուշ են “մտնում”, բայց՝ խորն են “մտնում”․․․

  2. Մարինա says:

    Ասենք, եթե մարդ կանգնի ու ասի, որ իր հայրը մասնակցել է պատերազմին և պակաս հերոս չէ, ապա մի լավ քննադատի Բալասանյանին, այդ դեպքում ընդունելի կլինի քննադատությունը՞։ Գուցե հերիք է հերոսներով զարմացնեք մի ժողովրդի, որի մեծ մասը տարբեր կերպով ու չափով, բայց փաստացի ներդրում ունի հաղթանակում։ Նման одолжение անող տոնով խոսելը վնասում է հենց այն անձի համբավին, ում ուզում եք պաշտպանել։ Մարդիկ իրավունք ունեն քննադատեն ցանկացած հրապարակային անձի, անկախ նրա վաստակից։ Հերոսը համեստ է լինում, ինչպես՝ Գագարինն էր, Բաղրամյանը և նրանց մասշտաբի ուրիշներ։ Իսկ եթե դուք Բաղրամյան կամ Գագարին չեք, առավել ևս, համեստությունը ձեզ ցուցված է։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930