Միջազգային փորձի ուսումնասիրությունը՝ կարեւոր նախապայման
2015թ. սեպտեմբերից Վայոց ձորի մարզում իրականացվում է «Առաջին դասարանի աշակերտներին անվճար համակարգիչ տրամադրելու՝ «Մեկ երեխա -մեկ համակարգիչ» (այսուհետ՝ «Մեկ երեխա -մեկ համակարգիչ») ծրագրի առաջին՝ փորձնական փուլը:
Ինչպես տեղեկացրել ենք, ծրագիրն իրականացվում է «Դասագրքերի եւ տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի» կողմից՝ ՏՀՏ-ի առավել արդյունավետ կիրառմամբ՝ կրթության որակի, մատչելիության հետեւողական բարելավման նպատակով:
Սույն հրապարակմամբ համառոտ անդրադարձ ենք կատարել «Մեկ երեխա -մեկ համակարգիչ» ծրագրի փորձնական փուլի ընթացքում իրականացված առանցքային միջոցառումներին:
Կարդացեք նաև
Աշակերտներին վաղ տարիքից ժամանակակից ՏՀՏ-ներին հաղորդակից դարձնելու փորձն այսօր հաջողությամբ կիրառվում է ողջ աշխարհում: Այդ մասին են վկայում Հիմնադրամի կողմից իրականացված ուսումնասիրությունները՝ 13 երկրների օրինակով: Միջազգային փորձի ուսումնասիրությունն առաջին քայլն էր նախքան Ծրագրի փորձնական փուլի մեկնարկը Հայաստանում:
«Մեր ուսումնասիրությունների, վերլուծությունների արդյունքում կարող ենք պնդել, որ գրեթե բոլոր երկրների կրթական համակարգերում ժամանակի թելադրանքով ներդրվել է այս ծրագիրը: Առհասարակ, էլեկտրոնային ռեսուրսներն անհրաժեշտ են դասաժամն առավել հետաքրքիր, գրավիչ, մատչելի դարձնելու համար: Որպես ուսումնաօժանդակ նյութ՝ դրանք կոչված են լրացնելու (ոչ թե փոխարինելու) դասագրքերին՝ հնարավորություն ընձեռելով ուսումնասիրության առարկան առավել հետաքրքիր, ամբողջական, ըմբռնելի ներկայացնելու համար: Կան երկրներ, օրինակ՝ Իտալիան, Հարավային Կորեան, որտեղ դասագրքերը էլեկտրոնային դասագրքերով ամբողջությամբ փոխարինելու փորձ է արվել, սակայն այն ձախողվել է, քանի որ նման փոփոխությունն արդյունավետ չի կարող լինել: Ուսումնասիրությունները նաեւ ցույց տվեցին, որ ծրագրի արդյունավետությունն ապահովելու համար ամենաառանցքային նախապայմաններից մեկն ուսուցիչների վերապատրաստումներն են՝ ՏՀՏ գիտելիքների բարելավման ուղղությամբ»,-մեզ հետ զրույցում նշեց «Դասագրքերի եւ տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի» գործադիր տնօրեն Գոռ Գասպարյանը:
Հայաստանում «Մեկ երեխա -մեկ համակարգիչ» ծրագրի փորձնական փուլն իրականացնելու համար ՀՀ կառավարության որոշմամբ ընտրվել է Վայոց ձորի մարզը, ինչից հետո «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի» կողմից գնահատվել է մարզի ՏՀՏ ենթակառուցվածքների հնարավորությունները:
«Գնահատումից անմիջապես հետո մեզ ներկայացվել են խնդիրները, հստակեցվել, թե կառուցվածքային եւ այլ ինչ փոփոխություններ են անհրաժեշտ ծրագրի անխափան իրականացման համար,-հավելեց մեր զրուցակիցը,- առաջարկին համապատասխան՝ տրամադրել ենք սարքավորումներ եւ անհրաժեշտ այլ միջոցներ, ինչից հետո «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն»-ը Վայոց ձորի մարզում կատարել է «Հայաստանի կրթական ցանցի» տեխնիկական վերազինում՝ մարզի բոլոր հանրակրթական դպրոցներում ապահովելով առնվազն 5 մբ/վրկ ինտերնետ թողունակություն»:
Այնուհետեւ իրականացվել է մարզի դպրոցների տարրական դասարանների ուսուցիչների ՏՀՏ գիտելիքների բարելավման ու վերապատրաստման կարիքների գնահատում, ինչին հետեւել են վերապատրաստումները:
Ինչպես տեղեկացրեց հիմնադրամի գործադիր տնօրենը, նախատեսված վերապատրաստումներն իրականացնելու ընթացքում պարզ է դարձել, որ դրանք բավարար չեն ցանկալի արդյունքի հասնելու համար. «Ծրագրի կառավարման խորհուրդը վճռեց պարբերաբար երկարաժամկետ վերապատրաստումներ իրականացնել: Նախ մարզի մի քանի ուսուցիչներ մեր վերապատրաստումների ընթացքում անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերեցին, ապա նրանք էլ իրենց հերթին եռօրյա վերապատրաստումներ իրականացրին առաջին դասարանի դասվարների հետ: Արդյունքը, ցավոք, մեզ կրկին չգոհացրեց: Անմիջապես գնահատում իրականացրինք. պարզվեց, որ ուսուցիչը դժվարանում է պլանավորել իր դասը, ինչի հետեւանքով էլ չի կողմնորոշվում, թե դասաժամի ընթացքում երբ եւ ինչպես պետք է կիրառի էլեկտրոնային ռեսուրսները»:
Հիմնադրամի նախաձեռնությամբ Կրթության ազգային ինստիտուտից հրավիրված մասնագետները վերապատրաստումներ են իրականացրել նոր փուլով՝ դասաժամը հստակ պլանավորելու եւ էլեկտրոնային ռեսուրսները նպատակային կիրառելու ուղղությամբ:
Գոռ Գասպարյանի խոսքով՝ «Կրկին արդյունքի գնահատում իրականացրինք, եւ կրկին մեր ակնկալած արդյունքը չստացանք: Փորձեցինք ուսուցիչներին սովորեցնել, թե ինչպես կարող են էլեկտրոնային ռեսուրսներ ստեղծել: Մարզի 24 ուսուցիչների հետ նոր վերապատրաստումներ անցկացրինք՝ սովորեցնելով 6 գործիքներով էլեկտրոնային ռեսուրսներ ստեղծել: Ուսուցիչներն սկսեցին կիրառել հենց իրենց ստեղծած ռեսուրսները: Արդյունքը վերջապես գոհացնող էր»:
Նշենք, որ ծրագրի փորձնական փուլի ընթացքում Ռուզաննա Ստեփանյանի, Կարինե Չիբուխչյանի եւ մանկ. գիտ. թեկնածու, դոցենտ Աստղիկ Բալայանի համահեղինակությամբ ստեղծվել է 2 ուսումնական ձեռնարկ՝ «էլեկտրոնային կրթական պաշարների եւ թվային տեխնոլոգիաների կիրառումը դպրոցում» եւ «էլեկտրոնային ռեսուրսների ստեղծման ուսումնական ձեռնարկ», որոնք, մեր զրուցակից ուսուցիչների գնահատմամբ, բավականին արդյունավետորեն կիրառվում են իրենց կողմից:
Հավելենք, որ Ծրագրի շրջանակում 2015թ.-ից յուրաքանչյուր ուսումնական տարի Վայոց ձորի մարզի հանրակրթական դպրոցների առաջին դասարանի աշակերտներին անվճար տրամադրվել են «Արմթաբ» պլանշետներ: Դրանց մեջ տեղադրվել են էլեկտրոնային ռեսուսրների հղումներ՝ առաջին դասարանի աշակերտների ուսուցման արդյունավետության բարձրացման նպատակով:
Շարունակելի…
ՀԱՍՄԻԿ ԳՅՈԶԱԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
14.06.2019