«Որպես Եվրոպական խորհրդարանի պատգամավոր` ես Հայաստանում զգում եմ դրական փոփոխության ընթացք»,-Երևանում անցկացվող «Եվրոպական ինտեգրացիա: էստոնական փորձն ու դասերը» թեմայով սեմինար-քննարկմանը հայտարարեց Էստոնիայի նախկին պաշտպանության նախարար և Եվրոպական խորհրդարանի անդամ Հաննես Հանսոնը:
ՀՀ Ազգային Ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախաձեռնությամբ ԵՄ խորհրդարանի Սոցիալիստների և դեմոկրատների առաջադեմ ալյանս խմբակցության հետ համատեղ Երևանում անցկացվում է «Եվրոպական ինտեգրացիա: էստոնական փորձն ու դասերը» թեմայով սեմինար-քննարկումը:
Հաննես Հանսոնը հիշեցրեց՝ անթիվ-անհամար անգամներ եղել է Հայաստանում և ունի ֆանտաստիկ զգացողություններ. «Որպես Եվրոպական խորհրդարանի պատգամավոր՝ ես Հայաստանում զգում եմ դրական փոփոխության ընթացք: Այս առիթը ցանկանում եմ բաց չթողնել, պետք է շարունակենք հարաբերվել, հարաբերությունները խորացնել և խոսել ԵՄ-ՀՀ հարաբերությունների հնարավոր ապագայի շուրջ: ՀՀ-ն միշտ եղել է եվրոպական պետություն, երկիր, եվրոպական մշակույթի մեջ խորը արմատներ ունեցող: Էստոնիան և Հայաստանի ընդհանուր արմատներ ունեն: Միշտ զգացել եմ մոտ գտնվելու հանգամանքը, ոչ թե հեռավորությունը»:
Ըստ Հաննես Հանսոնի՝ Արևելյան գործընկերությունը գործիք է հարաբերվելու համար, որն ունի գործիքակազմ. «Մենք պետք է այնպես անենք, որ օգտագործենք բոլոր գործիքները ավելի շատ ինտեգրվելու, ընդհանուր բարօրության համար: Արևելյան գործընկերությունը նախագիծ է հանուն բարիքի ողջ տարածաշրջանի համար: Սա միակողմանի երթևեկություն չէ, այլ սա երկկողմանի գործընթաց է, որ երկու կողմերն էլ օգուտ քաղեն»:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը ներկայացրեց քննարկումների թեմաների շրջանակը. «Հյուրընկալել ենք Էստոնիայի մեր գործընկերներին, քննարկելու ենք եվրաինտեգրման էստոնական փորձը, տարբեր տեսանկյուններից դիտարկելու ենք այդ գործընթացի հետևանքները, դրան նախորդող պայմանները, գործընթացի անվտանգային տնտեսական բաղադրիչը, դրա ազդեցությունը տարածքային զարգացման վրա, ինչպես նաև Եվրախորհրդարանի ազդեցությունը Արևելյան գործընկերության երկրներում»:
Հայաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Կաի Կաարելսոնը նշեց, որ արդեն մեկ անգամ նմանատիպ բան կազմակերպել են Վրաստանում. «Մենք մեր փորձն ենք փոխանցել ինտեգրման հարցերում, ինչը շատ հաջողված էր: Հիմա անում ենք ՀՀ-ում: Կարծում եմ, որ ձեր իրավական դաշտը ԵՄ-ի հետ այլ է, քան Վրաստանում: Հայաստանի վերջնական նպատակը Եվրամիությանն անդամակցելը չէ, զուտ համագործակցությունը ԵՄ-ի հետ որպես գործիք է դիտարկվում ձեր երկիրը զարգացնելու, առաջ տանելու ճանապարհին»:
Ըստ դեսպանի՝ ՀՀ-ում մարդիկ ձեռքերը ծավալ նստած չեն, որ կառավարությունն իրենց համար մի բան անի, այլ ձեռներեց են, բիզնես են հիմնում, փորձում են կյանքն ավելի լավը դարձնել:
Արևելյան գործընկերության ծրագրում Էստոնիայի հատուկ պատվիրակ և Արևելյան գործընկերության էստոնական կենտրոնի ղեկավար Յաան Ռայնհոլդը նշեց, որ ՀՀ-ում նկատել է զգալի առաջընթաց էլեկտրոնային կառավարման և բարձր տեխնոլոգիաների զարգացման գործում. «Հասկանալի է, որ էլեկտրոնային կառավարման ոլորտը շատ խոստումնալից է մեր հարաբերությունների մեջ: ԵՄ-ՀՀ հարաբերություններում նոր դաշտ է բացվել. SEPA-ի պայմանագրի ստորագրումը նոր, լավ խթան է դարձել այս հարաբերություններին: Գիտեք, որ Էստոնիան առաջին երկիրն է, որը վավերացրել է այդ համաձայնագիրը: Անդամ մյուս պետությունները մեր լավ օրինակին հետևեցին. մենք փորձում ենք վավերացումն արագացնել, բայց հասկանալի է, որ ցանկացած անդամ պետությունում ընթացակարգերը կարող են ժամանակ պահանջել»:
Դառնալով ՀՀ կառավարությանը՝ Յաան Ռայնհոլդը նշեց, որ ՀՀ կառավարությունը ցուցաբերել է հետաքրքրություն ԵՄ-ի հետ կապերը խորացնելու ուղղությամբ. «Բարձր ենք գնահատում SEPA-ի համար մշակված ճանապարհային քարտեզը. դա շատ լավ գործիք է: Մենք խորհուրդ ենք տալիս այս գործիքը հնարավորինս շատ օգտագործել: Լիահույս ենք տեսնել դրական զարգացումներ մյուս տարի»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ