Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դեղնադարչնագույն աղտոտված ջրերը լցվում են Դեբեդ գետը. «Փաստ»

Հունիս 14,2019 11:50

Գետի աղտոտման դեպք է արձանագրվել Ախթալա խոշորացված համայնքում: Բնակիչներից Կամո Ղարագյոզյանը սոցիալական ցանցի իր էջում տեսանյութեր և լուսանկարներ է տեղադրել, որոնցում պարզ երևում է, որ դեղնադարչնագույն աղտոտված ջրերը լցվում են Դեբեդ գետը:

«Փաստի» հետ զրույցում Ղարագյոզյանը հստակ չի կարողանում ասել, թե այս աղտոտված ջրերը, թափոնները կոնկրետ որտեղից են գալիս, բայց հավանականությունը մեծ է, որ դրանք հոսում և Դեբեդ են լցվում Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատից: «Նույն խնդիրը եղել է մոտավորապես մեկ ամիս առաջ: Այն ժամանակ գետը թափվող աղտոտված ջուրն ավելի մուգ էր՝ կակաոյի գույնի: Խնդրին արձագանքեցին, ասացին՝ ինչ-որ քար է գլորվել, վնասել այն խողովակը, որով թափոնները գնում են դեպի պոչամբար, այդ պատճառով էլ դրանք հայտնվել են գետում: Իսկ հիմա դեռևս տեղեկություն չունենք, թե ինչն է պատճառը, որ գետն աղտոտվում է», – ասում է Ղարագյոզյանը՝ շեշտելով, որ նման դեպքերը պարբերական բնույթ են կրում:

«Ամեն անգամ մի պատճառաբանություն են բերում: Մի անգամ ասում են բնական աղետ է, մի անգամ՝ արհեստական, իրենք մեղավոր չեն: Ամեն անգամ փորձում են խնդիրը տարբեր գործոնների հետ կապել», հավելում է մեր զրուցակիցը:

Ի դեպ, հիշեցնենք, որ նախորդ տարի ևս ահազանգ էր հնչել, որ կոմբինատի Ճոճկան և Մեծ Այրում համայնքների միջև գործող հին պոչամբարը վտանգ է ներկայացնում շրջակա միջավայրի ու բնակչության համար. պոչանքները տարբեր ճանապարհներով լցվում էին Դեբեդ գետը՝ վերացնելով գետի բուսականությունն ու կենդանատեսակները:

Բացի գետի բուսական և կենդանական տեսակների վերացման խնդիրը, Ղարագյոզյանը հիշեցնում է՝ Դեբեդի ջուրն օգտագործում են ոռոգման նպատակներով: «Ջուրը պոմպերով Դեբեդից մղում են դեպի համայնքներ: Դեբեդի աջ և ձախ ափերին գտնվող համայնքների գյուղատնտեսական հողերը, այգիները հիմնականում ոռոգում են գետի ջրով», – ասում է Ախթալա համայնքի բնակիչը:

https://www.facebook.com/armecofront/videos/2134703850085314/?id=100009944413162

Խնդրի հետ կապված «Փաստը» զանգահարեց նաև Ախթալա համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին՝ ճշտելու, թե արդյոք համայնքապետարանում տեղյա՞կ են խնդրին: Թամազյանը նշեց, որ բնակիչներից խնդրի հետ կապված որևէ ահազանգ չեն ստացել: Հարցին՝ իսկ նախկինում նման դեպքեր եղե՞լ են, համայնքի ղեկավարը դրական պատասխան տվեց. «Նախկինում, եթե դեպքեր եղել էլ են, վերացվել են: Իսկ այս դեպքի հետ կապված բնակիչները չեն դիմել մեզ», – եզրափակեց մեր զրուցակիցը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930