«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամների թեկնածուների թվում է նաեւ հայտնի ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանը, որը վերջերս վերադարձել է Արցախից, որտեղ ժամկետային զինվորական ծառայության էր։ Գաբրիելյանը ժամանակին ՀԱԿ համակիր էր, որ հետագայում անցավ Փաշինյանի մոլի համակիրների շարքերը, ՔՊ ներքին անցուդարձից ամենատեղյակ երիտասարդներից։ Վիլենն անձնական զրույցներում, իսկ վերջերս նաեւ ԶԼՄ-ների հետ շփումներում չի ժխտում, որ ուզում է ոստիկանապետ դառնալ։ «Ես համոզված եմ՝ այդ համակարգը միայն ես կարող եմ ուշքի բերել»,– ասել է օրերս «Նավակ ճոճողը» armdaily.am կայքին։ Այս հայտարարությունը կարելի էր ընդունել ուղղակի որպես ալեկոծում՝ նավակների ճոճքից առաջացած։ Բայց լուրեր են հասնում, որ սա կատակ չէ, որ իշխանության վերնախավում իրոք մտմտում են Վիլեն Գաբրիելյանին ոստիկանապետ Վալերի Օսիպյանի աթոռին նստեցնելու մասին։ Ահա ինչու նրան հարցեր տվեցինք իր այս մանկական երազանքի շուրջ, որը, անշուշտ, շատերին ավելի հետաքրքիր է, թան ՔՊ-ի ներսում նրա անելիքը։
– Դուք լրջորեն պատրաստվում եք զբաղեցնել Վալերի Օսիպյանի աթո՞ռը։ Այդ խոսակցությունը ռեա՞լ է։
– Ես մեր ընկերական կռուգում միշտ էլ ասել եմ, որ էս երկրի ոստիկանապետը ես պետք է լինեմ։ Բայց դա չի նշանակում, որ այս պահի դրությամբ աչք ունեմ այդ աթոռին, ինչպես ասում եք։ Դա իսկապես այդպես չի, եւ եթե ունենամ էլ, չեմ կարողանա ներկայիս օրենքով զբաղեցնել այդ պաշտոնը։ Օրենքն ունի սահմանափակումներ, որոնց ես ոչ մի դեպքում չեմ համապատասխանում այս պահի դրությամբ։ Իսկ թե հետագայում ինչ կլինի, կյանքը ցույց կտա, բնական պրոցես է։
– Դուք հիմա ի՞նչ կոչում ունեք։
Կարդացեք նաև
– Ավագ լեյտենանտ։
– Ի՞նչ կոչում պետք է ունենաք, որ դառնաք ոստիկանապետ։
– Ներկայիս օրենքով ոստիկանապետը պետք է առնվազն գնդապետ լինի, երեք տարվա ծառայության ստաժ ունենա ոստիկանական համակարգում։ էլի կան չափորոշիչներ, որոնց ամբողջությամբ չեմ տիրապետում։
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում