Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վերաքննիչ դատարանի մոտ կրկին լարված է. սկսվել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու դիմումի քննարկումը

Հունիս 14,2019 11:07

Այսօր ՀՀ վերաքննիչ դատարանում շարունակվում է «մարտի 1-ի գործով» տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի եւ տուժողի իրավահաջորդի ներկայացրած Սեդա Սաֆարյանի ներկայացրած վերաքննիչ բողոքի քննությունը: Հիշեցնենք, ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկել է մայիսի 18-ի՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու եւ նույն դատարանի մայիսի 20-ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու եւ Սահմանադրական դատարան դիմելու որոշումը: Վերաքննիչ բողոքներ են ներկայացրել նաեւ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը:

Ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանին եւ ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի բողոքի ցույցերը դատարանի մոտ շարունակվում են: Նրանց արգելապատնեշ է բաժանում եւ բազմաթիվ ոստիկաններ են դատարանի շենքի մոտ, քանի որ նախորդ անգամ բախումներ էին եղել: Այսօր էլ կրքերը բորբոքված են. երկու կողմերն էլ հաճախ անցնում են վիրավորանքների: Ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի ցույցի մասնակիցները հայտարարեցին 2018 թվականի «մարտի 1»-ի դեպքերի արդյունքում զոհվածների անունները`հորդորեցին մեկ րոպե լռությամբ հարգել նրանց հիշատակը: Ապա դատարանից պահանջեցին արդարացի քննություն եւ «մեղավոր, հանցագործ Քոչարյանին արժանի պատիժ»: Հավաքվածները սկսեցին բղավել`«Քոչարյան հանցագործ», «Պրիվետ Ռոբ»: Իսկ հակառակ կողմից հնչում էին «Քոչարյան` հերոս» վանկարկումները: Պաստառների վրա էլ գրված է`«Իմ հերոսը պետք է լինի ազատության մեջ»:

Նախորդ նիստը հիշեցնենք, հետաձգվեց, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն էին նախագահող դատավոր Արմեն Դանիելյանին բացարկի միջնորդություն ներկայացրել: Առարկությունն այն է, որ երկու բողոքների քննությունն էլ միեւնույն դատավորին է հանձնված:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը համալրած ֆրանսիահայ պաշտպան Սեւակ Թորոսյանը միացել էր Հայկ Ալումյանի միջնորդությանը`դատավորին բացարկ հայտնելու վերաբերյալ: Նիստի ժամանակ Ռուբեն Սահակյանը նաեւ հայտարարել էր, որ գործի հատորներն ավելացել են, ինչի մասին ինքը դատական տեղեկատվական համակարգից է տեղեկացել: Գործը դատարան էր ներկայացվել 83 հատորով, հիմա այն 88 հատոր է: Ավելացված հատորների բովանդակությանը ծանոթանալու համար պաշտպանները ժամանակ էին խնդրել:

Հիշեցնենք, որ այս գործը վերաբերվում է նաեւ Յուրի Խաչատուրովին, Սեյրան Օհանյանին եւ Արմեն Գեւորգյանին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930