Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Դանիելյան. «Ես արդեն վճռել էի, որ հրաժարական եմ ներկայացնելու, պարզապես հարկ էր մի փոքր համբերել և լուծում տալ կուտակված հրատապ խնդիրներին». «Իրատես»

Հունիս 14,2019 10:51

Դեռ չհասցրած տնտեսական հեղափոխությունը «ճաշակել», հանրությանը իշխանությունը հրամցրեց դատական հեղափոխությունը։ Դրանից հետո իսկական քաոս սկսվեց դատաիրավական համակարգում։ Ոչ քայլերի տրամաբանությունն է հասկանալի, ոչ էլ բարեփոխումներն են տեսանելի։ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախկին անդամ ԳԵՎՈՐԳ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ հետ զրուցեցինք դատաիրավական այսօրվա խնդիրների շուրջ։

-Երբ դատարանների մուտքերը արգելափակեցին, ընդդիմախոսները հայտարարեցին, թե դա իշխանության մի թևի ճնշում է մյուսի վրա, ավելին` սահմանադրական կարգ է տապալվել։ Այս գնահատականները օբյեկտի՞վ են, համարժե՞ք։

-Դուք տեղյակ եք, որ ԲԴԽ-ն իր արտահերթ գիշերային նիստում միանշանակ արձագանքեց և այդ քայլը որպես դատարանների բնականոն գործունեությունը խաթարող ակցիա գնահատեց: Դուք խոսում եք ընդդիմախոսներից, սակայն թույլ տվեք խնդրին մոտենալ այլ տեսանկյունից. տեղի ունեցածի առնչությամբ խիստ իրարամերժ տեսակետներ հայտնեցին ոչ միայն իրավագետները, այլև ԲԴԽ-ի անդամներից մեկը՝ համարելով, որ այդ ակցիան բնավ չի խաթարում դատարանների բնականոն գործունեությունը, ավելին՝ այն իրականացվել է հենց դատական իշխանությանն աջակցելու համար, որպեսզի դատարանները հնարավորություն ունենան ձերբազատվելու հնարավոր ճնշումներից: Եղան նաև մասնագիտությամբ իրավագետ պատգամավորներ, որոնք նույնպես մասնակցեցին դատարանների շրջափակմանը: Այս ամենի համատեքստում մենք ի՞նչ հիմքով ու չափանիշներով ենք փորձում որակել հանրապետության վարչապետի նախաձեռնությունը. գուցե, նախ, մե՞ր մեջ փնտրենք հարցերի միանշանակ պատասխանը:

Անկախության սկզբնական տարիներին ինձ մտահոգում էր այն, որ դատաիրավական բարեփոխումների առանցքային դերակատարներն իրավագետներ չէին, անհասկանալի տրամաբանությամբ այդ չափազանց բարդ ոլորտը վստահվել էր տեխնիկական կրթություն ունեցող քաղաքական գործիչներին: Պատկերացնել անգամ հնարավոր չէ, թե որքան ուրախ էինք, երբ աստիճանաբար այդ գործընթացում ներգրավվեցին իրավագետներ: Ակնարկս այս է` մենք իրավունք ունենք ակնկալելու, որ այն մասնագետները, որոնց այսօր վստահված է դատաիրավական բարեփոխումների բարդ գերխնդիրը, զերծ կմնան իրավիճակային ու անհեռատես հրապուրանքից:

-«Դատական հեղափոխության» մասին հայտարարությունից հետո հանրությունը տեսավ արդարադատության ոլորտի ներկայացուցիչների հրաժարականներ։ Դուք ևս հրաժարական ներկայացրիք։ Հիմա էլ իշխանության համակիրները ՍԴ նախագահի հրաժարականն են պահանջում։ Համակարգի առողջացումը նշանակում է ազատվե՞լ որոշ մարդկանցից, ովքեր այս իշխանության հրահանգով չեն առաջնորդվում։ Ի դեպ, ոչ վաղ անցյալում Փաշինյանը հայտարարել էր, թե կա՞ մի դատավոր, որն իր ասածը չի անելու։

-Բացարձակապես իմաստազուրկ է դատավորների և անձամբ իմ հրաժարականները նույն հարթությամբ դիտարկելը: Հրաժարականի փուլում ինքս կատարում էի նախագահի պարտականությունները և պետք է վստահ լինեի, որ ձևավորված մթնոլորտում իմ պաշտոնավարումը կնպաստեր բարեփոխումների բնականոն ընթացքին: Առաջ քաշվեց հանրության վստահության խնդիրը, որի առնչությամբ պատկերացումները միանշանակ չեն, քանզի ես նկատում էի, որ իմ անձի նկատմամբ դրական էին տրամադրված նաև բազում, անգամ արմատական մտածողները, իսկ անձնական հակառակորդներ ամոթ էլ է, որ չունենամ, սակայն, կրկնում եմ՝ խնդիրը կար: Ես արդեն վճռել էի, որ հրաժարական եմ ներկայացնելու, պարզապես հարկ էր մի փոքր համբերել և լուծում տալ կուտակված հրատապ խնդիրներին, հակառակ պարագայում հրաժարականը կդիտարկվեր որպես բարդ իրավիճակից փախուստ: Ձգձգումը մասամբ էլ պայմանավորված էր խորհրդարանի պատգամավորների հրաժարականի պահանջներով, և հստակ պետք էր ցույց տալ, որ դա բնավ իրենց վերաբերող հարց չէ, որ իշխանության տարբեր ճյուղեր չեն կարող միմյանց հետ խոսել փոխադարձ հրաժարականներ պահանջելու և հաշվետվություններ ներկայացնելու հռետորաբանությամբ:

Ընդհանրապես, համակարգը առողջացնելու վեկտորը համարում եմ ոչ թե դատավորների հրաժարականների շարքը, այլ այնպիսի կանխատեսելի ընթացակարգեր ներդնելը, որոնք հնարավորություն կտան զատելու անհրաժեշտ չափանիշներին չհամապատասխանող կադրերին:

Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930