Խոսե՞լ, թե՞ չխոսել իշխանության թիմում հակասությունների մասին: Բացատրե՞լ, թե՞ չբացատրել, թե ինչու է աշխատանքից ազատվում այդ թիմը ներկայացնող պաշտոնյան: Խորհրդային Հայաստանում այդ թեմայով ընդհանրապես չէր խոսվում, նույնիսկ այն պարագայում, երբ փոխվում էին առաջին դեմքերը: Օրինակ, երբ 1974թ.-ին Անտոն Քոչինյանին հանեցին Կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնից (նրա տեղը նշանակվեց Կարեն Դեմիրճյանը), պատճառաբանությունը «առողջական վիճակն» էր: Մինչեւ 1985 թվականը իշխող եւ միակ կուսակցությունը ներկայացվում էր որպես մի անսասան ժայռ, որում որեւէ ճեղք հնարավոր չէ գտնել: Այնուհետեւ, երբ եկավ «բացախոսության» ժամանակը (որը խորհրդային համակարգի մահն էր), մենք իմացանք, որ Գորբաչովի եւ Լիգաչովի կամ Գորբաչովի եւ Ելցինի միջեւ կան հակասություններ: Մինչ այդ նման խնդիրների մասին խոսվում էր խոհանոցային բամբասանքների մակարդակով՝ այն ժամանակ «ֆեյսբուք» չկար:
Հայաստանի Երրորդ հանրապետության «ճարտարապետները»՝ «Ղարաբաղ» կոմիտեի անդամները, իշխանության գալուց հետո մի քանի տարվա ընթացքում կռվեցին իրար հետ. «կռիվների» փաստը, բնականաբար, հայտնի էր, իսկ պատճառները ես, ճիշտն ասած, մինչեւ վերջ հիմա էլ չեմ հասկանում: Իհարկե, նրանք կնեղանան իմ ենթադրությունից, բայց ինձ թվում է, որ այդ «բաժանման» մեջ իրենց որոշիչ դերն են խաղացել անձնական ամբիցիաները:
Արտակ Զեյնալյանին ես համարում եմ 2018 թվականի հեղափոխությունից հետո իշխանության եկած թիմի անդամ: Նրա հրաժարականի վերաբերյալ որեւէ լուրջ բացատրություն չտրվեց: Ինքը՝ Զեյնալյանը, խոսել է ինչ-որ «տեղեկատվական հոսքերի» մասին՝ չնայած ինձ թվում է, նա այն մարդը չէ, որը կարեւոր որոշումներ է կայացնում նման «հոսքերի» ազդեցության տակ: Վարչապետը «Շանթնյուզին» տված հարցազրույցում երեկ խոսեց արդարադատության առջեւ կանգնած նոր խնդիրների եւ բարեփոխման տեմպերի վերաբերյալ տարբեր մոտեցումների մասին: Դա թույլ է տալիս ենթադրություն անել այն մասին, որ իշխող քաղաքական թիմը եւ Զեյնալյանը «ռադիկալիզմի» տարբեր աստիճաններում են գտնվում: Բայց դա դարձյալ ստույգ տեղեկատվություն չէ:
Ինչո՞ւ է պետք այս դեպքում խոսել ծագած խնդիրների մասին՝ իհարկե, հանգիստ, առանց կշտամբանքների եւ վիրավորված զգալու: Նախ՝ ցույց տալու համար, որ այժմ անձնական ամբիցիաների կամ պալատական խարդավանքների մասին ենթադրությունները որեւէ հիմք չունեն: Երկրորդ՝ հասարակությունը պետք է հասկանա, թե դատական եւ ընդհանրապես իրավական ոլորտի բարեփոխումների կոնկրետ ո՛ր ուղղությունն է ընտրվում, իսկ որը՝ մերժվում:
Կարդացեք նաև
Անձամբ Արտակ Զեյնալյանի համար ես, իհարկե, չեմ անհանգստանում: Որպես իրավապաշտպան նա վաղուց արդեն իր տեղը գտել է, եւ մշտապես աչքի է ընկել իր ոլորտի խնդիրների վերաբերյալ հավասարակշռված, մասնագիտական վերաբերմունքով: Այդ առումով միայն մի հարց է առաջանում՝ արժե՞ր արդյոք վերադառնալ պետական ծառայության:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Չեմ հասկանում, թե ինչ է ձեր ասածը: Արտակ Զեյնալյանը ակնհայտորեն ՛՛չի ձգում՛՛ այդ պաշտոնը: Գիտելիքները բավարարից շատ ցածր են: Իսկ ՛՛ազնիվ տղա՛՛ բնութագիրը ոչինչ չի նշանակում այս պաշտոնի համար: Եթե ուզում եք նաև լսել, որ տեղակալներին չկարողացավ կոնտրոլի տակ պահել և ՛՛չխառնվել՛՛ որոշ տենդերների՝ լսեք, ասում եմ: Ինչ որ նոր բան իմացա՞ք:
Հարգելի Արամ Աբրահամյան,
լսեցի թե Զեյնալյանի, թե Վարչապետի հրաժարականի վերաբերյալ բացատրությունները, որոնք ինձ, որպես քաղաքացու, միանգամայն բավարարեցին։ Ես հասկացա նաև, որ ներկայացվածից ավելին իմանալու սահմանը որոշողը ես չեմ, և վերջապես դա ոչ դատարան է, ոչ էլ եկեղեցական խոստովանություն։ Հասկանում եմ, որ վերջին տարվա լրագրողական դաշտում տեղի ունեցող “հրավառությունը” մի փոքր այլասեռել է մեզ, սուր զգացողությունների տեսանկյունից։ Լրագրողների հարցերի էությունը և ոճը ականջ է կտրում։ Հասկանալի է, որ նոր կառավարությունը, կտրուկ տարբերվում է նախորդներից ամեն ինչով և նույնիսկ համոզված եմ, որ Դուք ցանկություն էլ չէիք ունենա հարցազրույց վարել իրենց հետ, շաաաաաաատ հասկանալի բազմաթիվ պատճառներով։ Հասկանում եմ ևս, որ Նիկոլ Փաշինյանը, այնպիսի ՄՈՆՈՒՄԵՆՏԱԼ դեմքերի կողքին, ինչպիսիք են Քոչարյանը, Սարգսյանը, Տարոն Մարգարյանը և այլոք, բավականին համեստ անձնավորություն է, սակայն դա չի նշանակում, որ լրագրողը պետք է թույլ տա իրեն անցնել որոշակի սահմաններ։ Հարցի ձևակերպումը խոսում է լրագրողի մասնագիտական և, ինչու չէ, մարդկային մակարդակի մասին։ Ես լրագրող չեմ, սակայն երբ որևէ մեկին հարց եմ տալիս, նրա պատասխանից ստանում եմ շատ կարևոր ազդակներ, որոնք ուղեցույց են դառնում ինձ համար, որոշելու այն սահմանը, որը չի կարելի հատել, անկախ նրանից դա պարզ մի քաղաքացի է, թե երկրի Վարչապետ։ Մեր լրագրողները, լինելով չորրոդ իշխանություն, ոչ միայն հանրությանը իրազեկելու առաքելություն ունեն, այլև նրանք պարտավոր են ճաշակ ձևավորել, շփման ճաշակ։ Այսօր նրանց հարցազրույցների գերակշռող մասը կարող է հանդես գալ, որպես դիդակտիկ նյութ, թե ինչպիսին չպետք է լինի շփումը առհասարակ։ Երբ ցանկանում եմ գեղագիտական հաճույք ստանալ, դիտում եմ Պոզների հարցազրույցները, դրանք արվեստի գործեր են, թե բովանդակության, և թե ոճի տեսանկյունից։ Բայց դա, իհարկե, ինչպես ասում են՝ высший пилотаж.
Թե ինչպիսին է մեր դատաիրավական համակարգը, գիտենք բոլորս։ Այս մեկ տարվա ընթացքում ինչքանով է նա բարեփոխվել, երևում է անզեն աչքով։ Վարչապետի պատասխանը շատ կոռեկտ էր թե քաղաքական տեսանկյունից, թե գործընկերային։ Այո միջավայրը փոխվել է, հանգամանքները ավելի քան խոսուն են և կադրային փոփոխությունները շատ բնական։ Դրանից ավել ի՞նչ պիտի ասեր։ Մեզ համար շատ ավելի հետաքրքիր կլիներ, եթե Դուք հարցազրույց կազմակերպեյիք Ռոբերթ Քոչարյանի հետ դատավարության հետ կապված բազմաթիվ օրենսդրական հարցերի շուրջ, քաղաքում մարդկանց անդորը խաթարող վարձու խուժանի վերաբերյալ, վերջապես ինչի շուրջ է տետ-ա-տետ բանակցում նա Ռուսաստանի դեսպանի հետ։ Կարող է՞, օրինակի համար, հողեր են հանձնում։ Այս ամենը շատ ավելի մտահոգիչ է, քան մանրադիտակի տակ գտնվող Վարչապետը և նրա կառավարությունը։