Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախկինների» ու «նորերի» կռիվը գնալով ինքնանպատակ է դառնում, կտրվելով բովանդակությունից և քաղաքական էությունից. Արամ Սարգսյան

Հունիս 14,2019 01:22
aram sargsyan

Հայաստանը մեկն է ու մերն է՝ բոլորինս

«Նախկինների» ու «նորերի» կռիվը գնալով ինքնանպատակ է դառնում, կտրվելով բովանդակությունից և քաղաքական էությունից: Արդյունքում ինձ նման մտածողները ստիպված կանգնում են երկընտրանքի առջև։ Ու սա այն դեպքում, երբ նախկինում ամենօրյա ռեժիմով պայքարել են նախկինների դեմ, իսկ նորերն էլ բազմաթիվ սխալներ ու բացթողումներ ունեն…

Խնդրում եմ ներել ինձ և մեծամիտ չհամարել, բայց կարծում եմ, որ գիտեմ իրավիճակից դուրս գալու, մեր տեսակի համար ընկալելի, հիմնական խնդիրների լուծումները։

Եվ ուրեմն…

Հեղափոխություն։ Ցանկացած հեղափոխության շարժիչ գործոններից մեկը արդարության հաստատումն է, իսկ դրա բավարարման միջոցը պետությունից գողացած ու ապօրինի ձեռքբերած հարստությունը վերադարձնելը։ Բնականաբար այս պահանջը հեղափոխության հաղթանակից հետո պետք է բավարարվի, բայց՝ օրինական, թափանցիկ (որպեսզի չվերածվի կուլակաթափության), հնարավորինս կարճ ժամկետներում, և հանրային ընկալելի մեթոդներով։ Իմ կարծիքով՝ այդ նպատակով պետք է ձևավորել մասնագիտական խումբ ներգրավվելով տնտեսական ոլորտի նախարարություններից, ԱԱԾ-ից, Ոստիկանությունից, ՊԵԿ-ից, հարկային տեսչությունից և ակադեմիական շրջանակներից մասնագետների, որ կուսումնասիրեն առաջին անհրաժեշտության ներկրվող և ՀՀ-ից արտահանվող, մոնոպոլ և հանրությանը հայտնի ընկերությունների անցած տարիների գործունեությունը։ Այդ ընկերությունների թիվը, իմ հաշվարկներով չի գերազանցում 50-ը։ Խումբը կհաշվի պետությանը հասցված վնասը և սեփականատիրոջը կառաջարկի փոխհատուցել։ Չհամաձայնելու պարագայում, կարող է գումարի չափը և վճարման ժամկետը վիճարկել դատարանում։ Համաձայնության դեպքում՝ նույն օրը պետք է հանրայնացնել, որտեղ փոխհատուցում վճարող գործարարը հեռուստաէկրանից կարող է ասել, որ ինքը կամ պետք է հարմարվեր ընդունված խաղի կանոններին՝ կաշառք տար տեղական ինքնակառավարման մարմիններից մինչև ուժայիններ, կամ պետք է լքեր երկիրը և գործարարությամբ զբաղվեր օրինական երկրներում։ Որ ինքը մնացել է և, այո, օրենքը խախտելով հարստացել ու հիմա պատրաստ է վերադարձնել անօրինական տարածը։ Որ ուզում է արդար աշխատել ու ամեն ինչում աջակցել սեփական երկրին, և ամենակարևորը՝ ցանկանում է, որ փոխհատուցումից հետո իր և իր զավակների ունեցվածքը ընդունելի և արդար դառնա հանրության աչքում։

Իմ կարծիքով միայն այդ դեպքում է, որ ցանկացած քաղաքական փոփոխության պարագայում, այլևս որևէ իշխանություն չի կարող սպառնալ որևէ գործարարին, կամ պահանջել 2001-ի գործունեության հաշվետվությունը։ Միայն այս դեպքում է, որ փոխադարձ համերաշխություն կլինի և ներհայաստանյան գործարարները վստահություն և պաշտպանվածություն ձեռք կբերեն, դուրս կգան կասկածամտության ու անկանխատեսելիության դաշտից և ներդրումներ կանեն՝ ներգրավելով նաև արտասահմանյան իրենց գործընկերների կապերը և կապիտալը։

Արտասահմանյան խոշոր ներդրողների ներգրավման համար էլ անհրաժեշտ է շատ կարճ ժամկետում ձևավորել արբիտրաժային տնտեսական դատարան, որը կարող է աշխատել էլեկտրոնային տարբերակով, վիրտուալ դաշտում, որում ներգրավված կլինեն աշխարհի տարբեր երկրների դատավորներ և որի որոշումը օրինական ուժ կունենա ՀՀ տարածքում։ Ընդունեք, որ որևէ խոշոր ներդրող չի գա մի երկիր, որտեղ բաց վեթինգի գործընթաց է, որտեղ դատավորները հայտարարվում են կաշառակեր ու քաղաքական պատվեր կատարող, որտեղ «Լիդիանի», «Ռենկոյի» և «Սանիտեքի» նման ընկերությունները պետության դեմ դրսերում բողոքներ ունեն։

Ապագա ծրագրեր… Հիմա մտքի դար է, և մենք միտք ունենք… Լրիվ կիսում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսակետը, որ հիմա մտքի դար է, բայց համոզված եմ, որ միտքը պետք է արտադրել, որ վաղուց անցել են այն ժամանակները, երբ լողատաշտի ջուրը թափելուց կարելի է բացականչել «Էվրիկա», կամ՝ խնձորը գլխին ընկնելուց հետևություն անել ազատ անկման և գրավիտացիայի մասին։ Միտքը անիրական է, ապրանք դառնալու համար լուրջ լաբորատորիաներում և թանկ փորձարկումներ պետք է անցնի։ Հետևաբար մենք պետք է փոխենք մեր ողջ կրթական համակարգը, մեր բուհերը սովորեցնողից վերածելով մտքերը փորձարկող և գիտելիք արտադրող լաբորատորիաների։ Այո, գիտելիքը ամենաթանկ ապրանքն է աշխարհում, ու դա է մեր նման երկրի իրավիճակը շտկելու միակ միջոցը: Եթե մենք բոլորով՝ վարչապետով, կառավարությամբ և ժողովրդով, գալիս ենք այդ հետևության, հենց այս օրվանից պետք է սկսենք այդ ուղղությամբ քայլեր անել ու վստահաբար 10-20 տարի հետո, ուժեղների հետ կարող ենք խոսել ոչ միայն հավասարը հավասարի պայմաններում, այլև մեր օրակարգը կարևոր դարձնել….

Իսկ գումա՞րը: Նման կարևոր գործընթացը առաջ տանելու համար պետք է հայթայթենք, մեր ունեցած բնական ռեսուրսները (պղինձ, ոսկի, արծաթ, մոլիբդեն, ջրային ռեսուսներ) օպտիմալ, առավելագույն շահութաբերությամբ և հնարավորինս վերջնական ապրանքի վերածած իրացնելով։

Դատական համակարգ… Դատական համակարգի բարեփոխումները պետք է արվեն առանց ավելորդ հեղափոխականության ու պաթոսի, առանց ցուցադրականության և հնարավորինս անաղմուկ։ Քաղաքական և պատվերով որոշումներ կատարած դատավորները, որոնք վեթինգվել են ՄԻԵԴ-ի վճիռներով, պետք է հեռանան, մնացյալի մասով խնդիրները պետք է լուծվեն ոչ ավելի՝ քան եռամսյա ժամկետում։ Տասնյակ երկրներ են անցել նման գործընթացների միջով, և ոչ մեկը աշխարհով մեկ ի ցույց չի դրել ու հանրային հակադրության թեմա չի դարձրել։ Անցումային արդարադատության, վեթինգի, երդվյալ ատենակալների թե մեկ այլ տարբերակով, էական չէ, թող մասնագետները որոշեն, կարևորը, որ արվի անաղմուկ և առանց խրամատների…

Փոխհարաբերություններ:
Զենքի գործադրմամբ քաղաքական իրավիճակը փոխելը անթույլատրելի է ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության պարագայում։ Արյան համար պատասխանատուների տեղը միանշանակ բանտն է։ Մնացյալի հետ պետականաշինության, պաշտպանվածության, անվտանգության և օրինականության հարցերում փոխադարձ հարգանքի, առողջ մրցակցության ու համերաշխության խնդիրը պահելը գերկարևոր է… Հների ու նորերի, հին Հայաստանի ու նոր Հայաստանի, երիտասարդների ու տարեցների, Արցախյան ազատամարտի և հեղափոխության, Հայաստանի իշխանությունների և Ղարաբաղի իշխանությունների, քայլ արածների և չքայլածների, սևերի ու սպիտակների ցանկացած հակադրություն և դրան ուղղված ցանկացած գործընթաց շատ վտանգավոր և անթույլատրելի է։ «Կասկածի ժանգը ներսից ուտելու է մեզ։ Մեզ ջհադամը, երկիրն ու պետությունն է ուտելու» ասում էր եղբայրս։

Այն իրավիճակում, երբ Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան ռազմական համագործակցության դաշինք է ձևավորվում, երբ թուրք-ադրբեջանական զորավարժություններ են արվում, երբ թուրքական զինուժը մշտական ներկայություն է ապահովում Նախիջևանում, ներսում և առավել ևս Ղարաբաղի հետ բարիկադների, լարվածության ու հակադրության մթնոլորտի գոյությունը կարող է անդառնալի կորուստների պատճառ դառնալ։

Արտաքին քաղաքական… Տարածաշրջանում տիրող ռազմաքաղաքական ու տնտեսական հավասարակշռությունը շտկելու միջոցը ոչ թե ռուսական քաղաքական քմահաճույքները սպասարկելն ու հաճոյանալն է, այլ ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հետ հարաբերությունները սերտացնելով եղածը հավասարակշռելը և ապահովագրվելը։ Խնդիրը ինքնահաստատվելը չէ, խնդիրը երկրի ամբիցիաները հաստատելն է: Ժողովրդավարությունը և արդար ընտրությունները լավ են, բայց երբ չեն լուծվում սոցիալական խնդիրները, երբ դրանից հետո էլ գրպանները մնում են դատարկ, իշխանությունը պարտվելու է ցանկացած հաջորդ ընտրության։ Բնականաբար՝ հարցերը շատ են և շատ զգայուն, բոլորին անդրադառնալը մի հրապարակման մեջ անհնար է։

Վերջաբան. 21-րդ դարը մերը դարձնելու խնդիրը, առանց Վազգենի և Դեմիրճյանի բարդ է, բոլորիս ուժերը համախմբելով և միասնություն ձևավորելով լրիվ հնարավոր է։ Ու՝ անհրաժեշտ: Մեր հարևանները կրճատում են փոփոխությունների մեր ժամանակը՝ թողնելով միայն մեկ ելք՝ տնտեսական ու քաղաքական ինքնիշխանության արագ վերականգնում, որի առաջին պայմանը ներքին համերաշխությունն ու կայունությունն է:

Արամ Սարգսյան
«Հանրապետություն» կուսակցության նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930