Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Աբովյանի ընտրություններից հետեւություններ անել կարելի է, բայց գլոբալ հետեւություն անելը ճիշտ չի լինի»

Հունիս 14,2019 00:24

«Շանթ» հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Աբովյանի եւ Կապանի քաղաքապետի ընտրությունների ընթացքին եւ արդյունքներին՝ ասաց. «Մենք գտնվում ենք հետհեղափոխական փուլում և, ըստ էության, մարդիկ քաղաքական առումով օգտվել են ազատ ընտրություն կատարելու իրենց իրավունքից: Սա ամենակարեւոր արձանագրումն է:

Ես կարող եմ ասել, որ ընդհանրապես ընտրությունների կեղծման ավանդույթը Հայաստանի Հանրապետությունում սկսվել է, պատկերավոր ասած, բարձր նպատակներից: Երբեք Հայաստանի Հանրապետությունում ընտրությունները կեղծողները չեն ձեւակերպել իրենց առաջ բարձր նպատակներ: Ես հիշում եմ՝ որպես լրագրող երբ առնչվում էի 1999 թվականի դեպքերին եւ մի միջավայրում կիսալրագրողական բանավեճ էի ունենում, հիշում եմ փաստարկը, երբ ասում էին՝ վատ կլիներ, որբ որ 30-ական թվականներին Գերմանիայում ընտրությունները կեղծվեին, մենք ֆաշիզմ չէինք ունենա: Այս առումով ես շատ կարեւոր եմ համարում, որ մենք հավատարիմ ենք եւ հավատարիմ ենք մնալու ընտրությունների արդյունքները որեւէ կերպ չայլափոխելու մեր պարտավորությանը: Սա հիմնարար խնդիր է Հայաստանի համար: Այլ բան, որ ընտրությունների արդյունքները պետք է վերլուծվեն: Հենց նաեւ այդ գործիքը դրա համար է կարեւոր, որ մենք հասկանանք, թե ինչ է տեղի ունենում ինչ գործոններ կան:

Ըստ էության, հնարավոր է՝ արձանագրվել է այն, ինչ բազմիցս Երրորդ Հանրապետության պատմության ընթացքում արձանագրվել է: Դա այն է, որ մեր երկրում, ցավոք, ընտրությունները հաճախ ապաքաղաքականացված են լինում: Եվ այս ամենից մեր հետեւությունն այն է, որ ընտրությունները պետք է դառնան մաքսիմալ քաղաքական եւ այս առումով մենք կարծում ենք, որ դեռեւս ընդդիմադիր եղած ժամանակ մեր արած այն առաջարկը, թե Հայաստանի խոշորացված բնակավայրերում եւ քաղաքներում պետք է համամասնական ընտրակարգով տեղի ունենան ավագանու եւ քաղաքապետի ընտրությունները, ինչպես տեղի է ունենում Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում, այդ պրակտիկան պետք է կիրառել: Բայց, ընդհանուր առմամբ, ես արձանագրում եմ, որ ընտրությունների արդյունքների վրա իշխանությունները ձեզ հայտնի որեւէ ազդեցություն չի ունեցել եւ ժողովուրդը կատարել է իր ընտրությունը:

Այդ ընտրության մեջ կա՞ն արդյոք հետեւություններ անելու պատճառներ եւ առիթներ: Իհարկե, կան: Գուցե, այդ հետեւությունների մեջ մեծ դեր ունի այն, որ Հայաստանի Հանրապետությունում սոցիալական վիճակը շարունակում է մնալ ծանր, գուցե՝ մարդկանց աշխատանքի իրավունքները պետք է ընդհանրապես պաշտպանված լինեն, գուցե՝ դատաիրավական համակարգը պետք է ավելի արդյունավետ լինի: Այդ բոլոր հետեւություններն, այո, կան եւ սուբյեկտիվ գործոնները նույնպես չի կարելի բացառել:

Ես կարող եմ ասել նաեւ, որ ընդհանուր առմամբ, երբ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը դարձել է իշխող կուսակցություն, մենք քննարկում ենք ունեցել եւ ամեն անգամ ՏԻՄ ընտրություններից առաջ էլ մենք քննարկում եւ հարց ենք դնում մեր առաջ՝ արդյոք մենք ամենուր հաղթելու խնդիր մեր առջեւ պետք է դնենք, արդյոք մենք բոլոր ընտրությունները պետք է մեզ համար դարձնենք կենաց եւ մահու պայքար: Եվ մեր եզրակացությունն է՝ ոչ, որովհետեւ հակառակ դեպքում մենք կընկնենք նույն տրամաբանության մեջ, ինչ որ նախկինում է գոյություն ունեցել:  Բայց մյուս կողմից՝ դա չի նշանակում, որ մենք պետք է ընտրություններում պարտվելու խնդիր դնենք մեր առաջ:

Մենք հիմա գտնվում ենք մի ժամանակաշրջանում, երբ ընտրությունների մասնակցության տարբեր մոդելներ ենք փորձարկում, կիրառում՝ հասկանալու համար, թե օրինակ, ինչպիսին պետք է լինի կուսակցության վարչության մասնակցությունն այս կամ այն ընտրություններին, ինչ մակարդակի մասնակցություն է պետք, ինչպես պետք է կազմակերպվի թեկնածուների գեներացման գործընթացը եւ այդպես շարունակ: Աբովյանի ընտրություններից հետեւություններ անել կարելի է, բայց գլոբալ հետեւություններ անելը ճիշտ չի լինի»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930