«Առավոտի» զրուցակիցն է ՀՀԿ խորհրդի անդամ, նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը
– Վերջին շրջանում, Արցախում սահմանային իրավիճակը բավական լարվել է, երկու կողմերից էլ կորուստներ եղան: Երեկ էլ Արցախի ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց, որ շփման գծում ադրբեջանական թռչող անօդաչու սարքերի եւ ռազմական ավիացիայի ուսումնական թռիչքների աճ է նկատվում: Ինչո՞վ բացատրել ադրբեջանական կողմի հերթական ակտիվացումը`ՀՀ վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի ձեռք բերած`սահմանում լարվածությունը թուլացնելու համաձայնության ֆոնին: Ինչո՞ւ «վերելակային համաձայնությունն» այդքան արագ սպառեց իրեն: Ի դեպ, ադրբեջանական մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ իրենք «որսի շրջան» են հայտարարել:
– Հայ-ադրբեջանական հարաբերություններում իրավիճակը երբեք էլ չի եղել հանդարտ: Վերջին մեկ տարում՝ առավել եւս. թվացյալ հանդարտությունը զուտ ձեւական էր եւ ավելի վտանգավոր: Պատճառը ակնհայտ է` Փաշինյանը Ալիեւի հետ պայմանավորվածություն ուներ եւ իրեն թվում էր դարի պայմանավորվածություն էր, մինչդեռ, Ալիեւը դրանով մի լավ «ֆռռացրել» էր նրան: Ադրբեջանական կողմը չկրակելու, պակաս կրակելու պայմանավորվածությունը շատ ճարպկորեն օգտագործեց եւ ցայսօր օգտագործում է իր տարածքում հսկայական ինժեներական, շինարարական գործունեության ծավալելով, ամրացնելով իր սահմանները եւ նախապատրաստվելով պատերազմական լայնածավալ գործողությունների, իսկ մեր կողմից ոմանք «մանկական» հրճվանքով մատիկով ցույց են տալիս քիչ կրակելը եւ ուրախանում են. ինչի՞ վրա են ուրախանում, չես հասկանում, ախր Ադրբեջանի հետ հարաբերություններում ոչ թե պետք է ուշադիր, զգոն եւ լուրջ լինել, այլ՝ շատ ուշադիր, շատ լուրջ եւ ծայրահեղ զգոն։ Սա չկա այսօրվա իշխանության մեջ, այսօր իշխանությունը բառացիորեն տանուլ է տալիս հայ-ադրբեջական դիվանագիտական ճակատում նույնպես, եւ սա, ամենավտանգավորն է։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից հայտարարված «որսի սեզոնին», ապա մեկ հպանցիկ հայացքը ադրբեջանական, թուրքական մամուլին, նրանց նախապատրաստական աժիոտաժին, բավարար է սթափվելու համար, բայց մերոնք սթափվելու ցանկություն չունեն, նրանք հենց վերելակների մեջ էլ մնացին եւ երեւի երազում դեռ վերուվար են անում «կիրթ Ալիեւի» հետ ու զմայլվում։
– Վերջին շրջանում նկատելի էր դարձել Արցախի եւ Հայաստանի քաղաքական ղեկավարների միջեւ հակասությունները: Ուշագրավ էր, որ Ազատության հրապարակում հնչած`Արցախի նախագահի գլուխը կոտրելու կոչերին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այնպես բուռն չհակադարձեց եւ չսաստեց, ինչպես Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ սրբազանի հասցեին հայհոյանքներ գրած ՀԱԿ ակտիվիստի եւ ՀՅԴ-ական երիտասարդների «հաշիվներ մաքրելուն»:
Կարդացեք նաև
– Ամենավտանգավոր բանը, որ անում է Փաշինյանը, նաեւ սա է՝ սեպ խրել Արցախի եւ ՀՀ-ի միջեւ, սա ամենադավաճանական քայլն է, որի համար նա, վստահ եմ, կպատժվի: Երբեք, ոչ մի իշխանություն չի արել սա, մշտապես եղել է մեկ միտք, մեկ ընդհանրություն, մեկ գաղափար, մեկ տեսլական եւ մեկ նպատակակետ, եղել է միասնականություն, հիշո՞ւմ եք՝ «Միացում» կարգախոսը։
Մինչդեռ այսօր Նիկոլը Փաշինյանը Ադրբեջանի նախագահին «կիրթ» է համարում, իսկ Արցախի նախագահի հասցեին հաթաթաներ են հնչում. սպառնալիք, վիրավորանք տարածող, հնչեցնող սրիկաներին չի էլ փորձում օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու մասին մտածել: Այսօր, ավելի քան երբեւէ, Արցախին «բզբզում են» ՀՀ նոր իշխանությունները, փորձում են հայությանը բաժանել «մերոնց-ձերոնց», փորձում են թշնամանք եւ հակասություն տարածել. սա արդեն անգամ մանկամտություն չէ, ինչպես ես մտածում էի մի քանի ամիս, առաջ, սա շատ լուրջ հաշվարկված, դավաճանական ծրագիր է, մոտավորապես՝ «բաժանիր, որ տիրես» սկզբունքով։ Այսօրվա իշխող ուժը, ավելի ճիշտ՝ մեկ անձը, եւ այն կենտրոնները, որ այսօրվանների գլուխներում ծնել ու սնել են այս պառակտման գաղափարը, մեկ կարեւոր բան հաշվի չեն առնում՝ արցախցու եւ մեր բոլորի պատմական դիմադրողականությունը, հողը, երկիրը եւ մեր պետության (Արցախ +Հայաստան) սահմաններն անսասան եւ անառիկ պահելու հաստատակամությունը։ Եթե մենք միասնականությունը կորցնենք եւ տուրք տանք սադրանքների, մենք կկորցնենք այնքան թանկ գնով ձեռք բերված մեր պետականությունը Հայաստանում եւ Արցախում։ Եթե Փաշինյանի համար կարեւոր է Արցախ -Հայաստան միասնականությունը, նա պիտի աշխատի այդ ուղղությամբ եւ ոչ թե գնա պառակտումների ճանապարհով։
– Ի՞նչ է կատարվում, Ձեր կարծիքով, հայկական երկու պետությունների ղեկավարների միջեւ, վերջին պաշտոնանկությունները`Վիտալի Բալասանյան, Լեւոն Մնացականյան, կմեղմե՞ն իրավիճակը: Այդպիսով մեկուսանո՞ւմ է Արցախում հակահեղափոխությունը: Ի դեպ, հակահեղափոխության, այսպես կոչված, կազմակերպիչների մասով նաեւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի անունն է շոշափվում: Տեղյա՞կ եք այդ գործընթացից, ինչո՞վ է զբացված պաշտոնաթող նախագահը:
– Ի պատասխան ձեր հարցի, թույլ տվեք մեջբերեմ Արցախի պաշտպանության բանակի, հենց այսօր տարածած հայտարարության այս հատվածը. «Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը իրազեկում է, որ հունիսի 11-ի օրվա ընթացքում եւ 12-ի գիշերը ադրբեջանական կողմն է հակամարտ զորքերի շփման գծի մի շարք հատվածներում գործողության մեջ դրել ինչպես տարբեր տրամաչափի հեռահար եւ դիպուկահար զինատեսակներ, այնպես էլ ՀԱՆ-17 տիպի նռնականետեր (5 նռնակ): Անհրաժեշտության դեպքում ասվածը կարող ենք հիմնավորել համապատասխան տեսագրություններով: Բացի դրանից առաջնային գծի ողջ երկայնքով նկատվում է ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի եւ ռազմական ավիացիայի ուսումնական թռիչքների աճ, որոնք հաճախ խախտում են սահմանված թռիչքային գոտին: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ադրբեջանական օդուժի թռիչքները գտնվում են ՊԲ հակաօդային պաշտպանության միջոցների խիստ վերահսկողության տակ, իսկ դիրքապահ ստորաբաժանումները լիարժեքորեն տիրապետում են առաջնային գծում տիրող օպերատիվ-մարտավարական իրադրությանը: ԱՀ պաշտպանության նախարարությունը կոչ է անում ադրբեջանական կողմին ձեռնպահ մնալ իրավիճակն արհեստականորեն սրելու սադրիչ գործողություններից եւ անվերապահորեն կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հրադադարի պահպանման շուրջ ձեքբերված պայմանավորվածությունը: Հակառակ դեպքում իրավիճակի սրման եւ դրանից բխող հետեւանքների ողջ պատասխանատվությունն ընկնում է պաշտոնական Բաքվի վրա»:
Այ, սա է իրական վիճակը, սրա մասին պիտի մտածել, իսկ Փաշինյանը ընկել է հորինված բաների հետեւից, ինչ-որ հակահեղափոխություն է փնտրում, հիմա էլ Արցախում: Սա նշանակում է, որ նա չի տիրապետում իրավիճակին, չի ուզում լրջանալ եւ զբաղվել այս ամենով, եւ, հակառակը, սադրանքների է դիմում, արցախցի պաշտոնյաների, գեներալների է վիրավորում, փորձում նրանց վրա ազդել մտացածին բաներով. չի ստացվում եւ չի ստացվելու, քանի որ Փաշինյանի եւ «հեղափոխության» եւ «հակահեղափոխության» ձեռքը մի ամբողջ ժողովուրդ եւ երկու անկախ հայկական պետություն, կրակն են ընկել։
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, նա ղեկավարում է ՀՀԿ-ն եւ երեկ էլ հարգանքի տուրք մատուցեց Անդրանիկ Մարգարյանի հիշատակին`այցելելով Պանթեոն։
– ՀՀԿ-ի «ռեբրենդինգն» ի՞նչ փուլում է: Այդ գործընթացի մեկնարկը հույս ներշնչո՞ւմ է, որ ՀՀԿ-ն կմնա հայաստանյան քաղաքական դաշտում:
– ՀՀԿ-ն քաղաքական դաշտում եղել է եւ՝ է, քանի որ պետության եւ պետականության արժեքը ամենալավը գիտի, քանի որ գաղափարական ուժ է, պահպանողական եւ ազգային, իսկ սրանք շատ կարեւոր արժեքներ են հատկապես այսօր, երբ վտանգված են։ ՀՀԿ-ն շատ ամուր է կանգնած եւ քաղաքական դաշտի ակտիվ, պրոֆեսիոնալ եւ պետականաստեղծ ուժն է, վստահ եմ, երկրի անվտանգությունն ու առաջընթացը եղել եւ լինելու է ՀՀԿ-ի ակտիվ մասնակցությամբ։ Վերջին մեկ տարվա վայրիվերումները, լարվածությունը եւ ապա՝ հայտնի էյֆորիկ տրամադրությունների կտրուկ անկումը ապացուցում են, որ մարդիկ արդեն սկսել են երանի տալ ՀՀԿ-ի իշխանության տարիներին։ Ժողովրդական խոսք կա՝ «Մինչեւ չգա ետինը, չես հիշվի առաջինը»։
Իսկ ձեր նշած «ռեբրենդինգը» եղավ բնական ճանապարհով, բոլոր նրանք, ովքեր մեզ խանգարում էին, ոմանք՝ վարկաբեկում, անմիջապես նետվեցին նոր իշխանության գիրկը, կերակրատաշտակ եւ այլն եւ ՀՀԿ-ում մնացին իրոք նվիրյալները, անդավաճանները եւ պետականությունն ու պետությունը, երկրի անվտանգությունն ու ապահովությունը ամեն ինչից վեր դասող գործիչները, ստացվեց, ով որ մեզ խանգարում էր, նա էլ մեզ օգնեց։
– Խորհրդարանում ստեղծվեց ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով։ Ինչպե՞ս եք դրան վերաբերվում, բոլոր հարցադրումներն ու կասկածները կփարատվեն՞:
– Սա ցույց տվեց, որ կեղծ օրակարգերից, շինծու քայլերից, շոուներից այն կողմ այսօրվանների միտքը առաջ չի գնում: Սա նշանակում է, որ երկրի տնտեսությունը զարգացնելու, առկա խնդիրները լուծելու, իրենց ընտրողներին տված խոստումները կատարելու ուղղությամբ կոնկրետ քայլեր անելու կարողություն Փաշինյանը չունի եւ շարունակում է խաբել, ճիշտ այնպես, ինչպես արագաչափերի եւ կարմիր գծերի մասով խաբեց, ԵԱՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի մասով խաբեց, 50 հազար աշխատատեղերի հարցում խաբեց եւ բազմաթիվ այլ հարցերում խաբեց։
Վերջում՝ կարեւորի մասին, ուզում եմ հանձնաժողով ստեղծողներին հիշեցնել, որ ապրիլյան պատերազմում հայկական կողմը, մենք՝ հաղթել ենք, եւ ետ ենք մղել թշնամու լայնածավալ գրոհը, իսկ հաղթած պատերազմից հետո հաղթող երկրում էդ կարգի քննիչ հանձնաժողով չեն ստեղծում, հիմա դուք ասեք՝ ինչո՞ւ եւ ի՞նչ նպատակով է այն ստեղծվել……Գուցե հայկական կողմի հաղթանակը այդ հանձնաժողովը ստեղծողների սրտով չէ՞. թե ինչո՞ւ, դատեք ինքներդ։
Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
14.06.2019 թ.
Նախ դուք չեք հաղթել, ձեր պարագլուխների ձայնը դուրս չեր գալիս այդ օրերին, երբ ամբողջ ժողովուրդը ինքնակազմակերպվեց, իսկ այդ երեխաները իրենց կյանքի գնով պահեցին սահմանը։ Նման օրերին, ոչ մեկի մտքով էլ չէր անցնում ձեր կառավարության կողմը նայել նույնիսկ, որոհետև չեղածի հաշիվ էր։ Մի կառավարություն, որը թալանի սահմանը պահող զինվորին, ոչ թե խոսալու, այլ մարդկանց երեսին նայելու իրավունք չունի։ Մենք այլմոլորակաիններ չենք, որ չիմանանք ով եք դուք և ձեր կառավարությունը։ Փաշինյանի ամենամեծ վրիպումը նա էր, որ քաղաքական գնահատական չտրվեց ձեր կառավարությանը և նրա հանցավոր երեսը ձեր նմանների կողմից ոսկեզօծիկ հայերենով պարզերես անողներին։ Զուր տեղը, մի նյարդայնացրեք մարդկանց, որ մոռանանք ձեր գոյության մասին և շարունակենք զրոից պետություն ստեղծել մեր նոր ԱԶՆԻՎ, ՊԱՐԿԵՇՏ, ԿԻՐԹ առաջնորդների հետ։
Այս հոդվածի յուրաքանչուր նախադասությանը կարող եմ հակադարձել, սակայն անիմաստ եմ համարում։ Կարդում եմ ու փաստում ՝ ծանրագույն դեպք է։ Համակարգ, որտեղ “ամենահմուտ” գործիչները կեղեքում էին երկիրը, իսկ գրագետները, օգտվելով տաշտակից, սրբագրում էին եղելությունը։ Անբարո մի համակարգ, որի հիմքում ընկած էր մի խումբ մարդկանց բարեկեցիկ գոյության նպատակը միայն։ Այդ ժամանակահատվածը այնքան երկար տևեց և նրանք այնքան երկար սավառնեցին այդ երևակայական աշխարհում, որ այդ տարիների ընթացքում ինքներն իրենց համոզեցին, որ զբաղված են պետականաշինությամբ։ ՀՀԿ-ն և «նվիրյալները» (սրբապղծություն եմ համարում օգտագործել այս բառը, այս կոնտեքստում), իրականությունից կտրված, խեղաթյուրված ներքինով և արժեհամակարգով մի զանգված է, որը վախենում է նայել ճշմարտության աչքերին, որովհետև այդ ճշմարտությունը կարող է մի մեծ սև գիծ քաշել նրանց անցյալի վրա։ Ցավակցում եմ ձեզ, սակայն ունեմ ընդամենը մի խնդրանք՝ ինչքան «կառուցեցիք» այլևս բավ է, գնացեք և ԱՇԽԱՏԵՔ: Միգուցե ձեր կյանքի վերջին հատվածով կկարողանաք մի փոքր մեղմել այն վնասը, որը հասցրել եք մեր Հայրենիքին։ Կարծում եմ ՀՀԿ-ն այնպիսի “բարձրունքների է” հասել անցյալում, որ ռեբռենդինգի տեղ էլ չի մնացել։ Չնայած, ռեբռենդինգի հարցում Ռոբերտ Քոչարյանի master class -ը զգալիորեն կբարձրացներ ձեր վարկանիշը։ Դուք իրար արժանի մուզիկանտներ եք։