Լրահոս
Օրվա լրահոսը

Ապահովագրականները մտել են գյուղապահովագրության ոլորտ` տեսնեն եկամտաբե՞ր է, թե ոչ

Հունիս 14,2019 13:30

Օրերս գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանն էլ մտահոգություն հայտնեց, որ այս տարի էլ գյուղատնտեսության ապահովագրության ներդրումն ուշացրինք: Պարոն Պետրոսյանը գյուղապահովագրության չներդնելը պայմանավորեց մի շարք գործոններով:
Դեռեւս նախորդ տարի գյուղատնտեսության նախկին նախարար Գեղամ Գեւորգյանը եւ կառավարության այլ պաշտոնյաներ սակայն, վստահեցնում էին, որ 2019-ի փետրվար-մարտ ամիսներին, ամենաուշը վաղ գարնանը հանրապետության 6 մարզերում պիլոտային ծրագիրը կգործարկեն, ապա՝ համակարգն աստիճանական կներդրվի: Բայց այսօրվա դրությամբ գյուղապահովագրությունը դեռեւս ներդրված չէ: Նախկին գյուղնախարարը նաեւ հայտարարել էր, որ պիլոտային ծրագիրն իրագործվելու է Կենտրոնական բանկի ենթակայությամբ գործող ապահովագրական բյուրոյի միջոցով:

«Առավոտը» Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության եւ զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանից հետաքրքրվեց` ինչո՞ւ է ապահովագրությունն ուշանում: Պարոն Գրիգորյանին նաեւ հարցրինք` ե՞րբ են պատրաստվում հանրային լսումներ անցկացնել ծրագրի վերաբերյալ, ինչպես որ խոստացել են Ազգային ժողովի պատգամավորների հետ ձեռքբերված պայմանավորվածությունների շրջանակում:

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի 21-ին Ազգային ժողովի պատգամավորների հետ հանդիպումից հետո, լրագրողների հետ զրույցում Անդրանիկ Գրիգորյանը հայտարարեց, որ իրենք ոչ մի նախագիծ էլ չեն բերել ԱԺ, պարզապես եկել էին պատգամավորների հետ աշխատանքային քննարկում անցկացնելու, պատգամավորների տեսակետները այս կարեւոր ծրագրի վերաբերյալ լսելու: Ինչից հետո, մասնավորապես` «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ պայմանավորվել էին գյուղապահովագրության ներդրման շուրջ անցկացնել հանրային լսումներ:

Մեզ հետ զրույցում, սակայն, պարոն Գրիգորյանն ասաց` «Ես չգիտեմ հանրային լսումներ ասելով ինչ նկատի ունեք, ինչի մասին է խոսքը, սա պարտադիր ապահովագրության տեսակ էլ չի, սա կամավոր ապահովագրություն է: Մենք Ազգային ժողովում մի անգամ քննարկել, ներկայացրել ենք իրականացվող մոդելը: Ազգային ժողովում էլ պարբերաբար լինում են քննարկումներ, պատրաստ ենք ներկայացնելու այն, ինչը որ հիմա արվում է»: Այսինքն` պարոն Գրիգորյանն, ըստ էության, ասաց, որ չեն պատրաստվում հանրային լսումներ անցկացնել:

Ճիշտ է, ինչպես պարոն Գրիգորյանն է ասում, այն կամավոր պրոդուկտ է, բայց ծրագրի իրականացման համար ապահովագրավճարի առնվազն 50 տոկոսը սուբսիդավորվելու է պետական բյուջեից, որի համար, արդեն իսկ ծրագրի շրջանակներում, պատասխանատվություն է ստանձնել կառավարությունը՝ հատկացնելու 5 միլիոն եվրո՝ 5 տարվա ծրագր համար: Այսինքն` խոսքը նաեւ հանրային միջոցները այս ծրագրում ներդնելու մասին է:

Անդրադառնալով «Առավոտի» այն հարցին, թե ինչո՞ւ վաղ գարնանը գյուղապահովագրությունը չներդրվեց` ինչպես որ խոստացել էին, ԿԲ ներկայացուցիչը նկատեց. «Ապահովագրությունն ուղղակի գործիք չէ, որ վերցնես ու միանգամից ասես` վաղը ապահովագրություն եմ անում: Բավական մեծ ծավալի աշխատանքներ են հիմա իրականացվում` վնասի գնահատման ինստիտուտի ձեւավորման համար: Հենց այսօր իրականացվում է տեղում ուսուցում վնասը գնահատողների: Միջազգային փորձագետների հետ գնացել են մարզեր, որպեսզի սովորեն` ինչպես պետք է գնահատել վնասները, ինչպես պետք է ներկայացնել եւ այլն:

Ենթադրվում է, որ արդեն սեպտեմբերից կսկսվի գյուղատնտեսության ապահովագրության վաճառքը: Մենք, որպես գյուղատնտեսության ապահովագրության իրականացմանը նպաստողներ, չենք ասել, որ փետրվարից սկսելու ենք գյուղատնտեսության ապահովագրության վաճառքը: Ասել ենք` ամեն ինչ պետք է արվի, որպեսզի հնարավորինս շուտ սկսվի ապահովագրական գործիքների վաճառքը գյուղատնտեսությունում: Այսինքն, մենք չենք սահմանել վերջնաժամկետ, որ այսօրվանից վաճառվելու է, ու հետո սկսենք հետաձգել այդ ժամկետը»:

Մեր այն դիտարկմանը, որ գյուղատնտեսության նախկին նախարար Գեղամ Գեւորգյանն է հայտարարել այդ ժամկետների մասին, պարոն Գրիգորյանն ասաց` ես ասում եմ այն, ինչ մենք ենք ասել գյուղատնտեսության ապահովագրության հետ կապված. «Ինչը մենք աշխատել, կոմունիկացրել ենք գյուղատնտեսության նախարարության հետ: Մենք պատասխանատու ենք ապահովագրության զարգացման մասով, որպես ֆինանսական գործիք»:

Անդրանիկ Գրիգորյանի խոսքով, ապահովագրության ներդրումը բավականին ժամանակատար աշխատանք է:

Մեր հարցին` այսինքն` հնարավոր է 2021-ի՞ն էլ չունենաք գյուղատնտեսության ապահովագրություն, պարոն Գրիգորյանն ասաց` ես նման բան չասացի, ասացի որ ամեն ինչ արվում է որպեսզի սեպտեմբերից վաճառքն իրականացնի:
Պարոն Գրիգորյանից նաեւ հետաքրքրվեցինք` ծանո՞թ են ՀՀ Գյուղատնտեսական դաշինքի մշակած գյուղապահովագրության մոդելին, որը 1,2 միլիարդ դրամի խնայողություն է նախատեսում:

Ի պատասխան, Անդրանիկ Գրիգորյանն ասաց. «Նախ` գյուղատնտեսական ապահովագրությունը ներդրվում է մասնավոր ապահովագրական ընկերությունների հետ, մասնավոր ապահովագրական ընկերությունների միջոցով: Մասնավոր ապահովագրական ընկերությունների հաշվին: Այսինքն` արդեն, քանի որ մասնավոր ընկերություններն են իրականացնում ներդրումը, իրականացնում են նաեւ ապահովագրություն, նշանակում է, որ արդեն բյուջեի համար շատ ավելի էժան է, քան որեւէ փորձագետ կարող է նշել: Ես, որքան տեղյակ եմ, առաջարկվող մոդելները վերաբերում են պետական ապահովագրության միջոցով իրականացնելուն: Իսկ, եթե կա պետական ապահովագրություն, կա նաեւ պետական հատուցում, որը չէր կարող էժան լինել, քան` մասնավոր ապահովագրության հատուցումը: Երկրորդ` ցանկացած բիզնես մոդելի զարգացման համար, կլինի` ֆինանսական համակարգում ապահովագրություն բանկային, թե կլինի որեւէ այլ տեղ, իրականում զարգացում տեղի է ունենում, երբ մասնավոր ընկերություններն իրականացնում են ներդրում, որովհետեւ շահագրգռված են այդ բիզնեսի զարգացման համար: Այս դեպքում ընտրվել է հենց այս մոդելը` միջազգային խորհրդատուների աջակցությամբ, օգնությամբ, այսինքն` տարբեր մոդելներ են քննարկվել եւ աշխարհում ամենակայացած, ամենազարգացած մոդելները նրանք են, որոնք մասնավոր ընկերություններն են իրականացնում»:
Մեր այն դիտարկմանը, որ ապահովագրական ընկերությունները ասում են, որ իրենք դժկամությամբ են միանում այդ մոդելին, ինչո՞ւ, պարոն Գրիգորյանն ասաց` ով չի ցանկանում չի միանում. «Դրա համար մենք ունենք 6 ապահովագրական ընկերություն, որից երեքը միացել են»:

Մեր այն հարցին` եթե այդպես եկամտաբեր է, ի՞նչու մյուս երեք ապահովագրական ընկերություններն էլ չեն ցանկանում միանալ այդ մոդելին, պարոն Գրիգորյանը հակադարձեց` ես եկամտաբերության մասին խոսե՞լ եմ, այդ դուք եք ասում` եկամտաբեր է: Մեր այն դիտարկմանը` տրամաբանությունը հուշում է, որ բիզնեսը, բնականաբար, եկամտի համար է որեւէ գործ նախաձեռնում, պարոն Գրիգորյանն ասաց. «Բիզնեսը կսկսի աշխատել` ռիսկերը հաշվի առնելով, որ տեսնի եկամտաբեր է, թե` չէ: Այն ընկերությունները, որոնք կարծել են, որ կարող է իրենց համար եկամտաբեր բիզնես դառնալ, փորձել են իրականացնել այս ծրագիրը եւ մտել են: Վեցից երեքը որոշել են, որ իրենք ցանկանում են իրականացնել գյուղատնտեսության ապահովագրություն: Եթե կուզեք հասկանալ ավելի մանրամասն կարող եք խոսել այդ ընկերությունների հետ»:
Մեր այն դիտարկմանը, թե ապահովագրականները մասնավոր զրույցներում ասում են, որ իրենց ստիպել են մտնել այդ ծրագիր, Անդրանիկ Գրիգորյանն ասաց` իսկ ինչո՞ւ այն երեքին չեն ստիպել:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

14.16.2019 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930