Նա քառասուներեք տարի աշխատել է «Հայէլեկտրամեքենա» արտադրական միավորումում՝ որպես փականագործ: Իր խոսքով՝ երեսուն տարի «արձակուրդի» մեջ է, նախ փակեցին իրենց միավորումը, եւ իր ունեցած հարյուր հազար դրամը դարձավ զրո: Նա այս տարիներին «փոխհատուցում ստացավ» երկու վաուչերի համար՝ սեղանի մոմի եւ ձվի տուփի արժեքով:
Նրա խոսքով, ինքը պետությանն ի պահ էր տվել գումար, որը պետությունն իր վրա է ծախսել. «Մեզ գցեցին աղքատների շարքը, վերացրեցին հոգեպես»:
Կենսաթոշակառուն դիմել է ՄԱԿ-ին, ԱԺ խորհրդարանական խմբակցություններին, Եվրամիությանը, ՄԻՊ-ին, ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին:
«ԱԺ-ում կենդանիների իրավունքներն ավելի առաջնային են, քան ավանդատուներինը: Փոխարեն մեր ավանդները հատուցեն, զբաղված են կատու շոյելով»,- ասում է զրուցակիցս՝ Գ. Պետրոսյանը:
Ծերունին եւ նրա նման շատերը տարիներ շարունակ առաջարկում են ավանդների դիմաց փոխհատուցման առաջնահերթությունների նոր չափորոշիչներ սահմանել՝ հաշվի առնել իրենց տարիքն ու առողջական վիճակը:
Դեռ 2014 թվականին կառավարությունը վերսկսել էր նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման ծրագիրը եւ սահմանել էր ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման առաջնահերթությունների նոր չափանիշներ:
Զրուցակիցս հիշեցնում է, որ 2006 թվականի մարտի 16-ին ընդունվել է նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման կարգը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության թիվ 352-Ն որոշումը, սակայն հաճախ դիմումատուները մինչ դիմում են փոխհատուցում ստանալու համար եւ մինչեւ նրանց հերթը հասնում է՝ մահանում են:
Կարդացեք նաև
Պատկերը հետեւյալն է, որ ավանդատուի մահվանից հետո ժառանգները հնարավորություն չունեն ստանալու իրենց դրամական միջոցները:
Միայն մի տվյալ. Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության հայտնած տվյալների համաձայն՝ նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման վճարման ամփոփ ցուցակներում ընդգրկված շուրջ 62 800 ավանդատուներից դեռ 2012 թվականի հոկտեմբեր ամսվա տվյալներով՝ դադարեցվել են 7 657 մահացած անձանց ավանդի փոխհատուցման գործերը:
Նշենք, որ խնդիրն այս տարի էլ բարձրաձայնվեց: «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի եւ կառավարության 23.04.2014թ.-ի N 460-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն` նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների (այսուհետ՝ ավանդ) դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեն՝
1) մինչեւ 1934 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձինք, այդ թվում՝ եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում.
2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակից անձինք, այդ թվում՝ եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում.
3) ՀՀ կառավարության 2014թ. դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածի ցանկում ընդգրկված համայնքներում` բնակչության պետական ռեգիստրում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձինք, այդ թվում՝ եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից` համատեղ ամուսնական կյանքի ընթացքում.
4) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների կամ կամավորականների կամ անհայտ կորածների անունով ներդրված ավանդը ժառանգած անձինք:
Իրավական ակտերով ավանդի դիմաց փոխհատուցում ստանալու նպատակով բացառություններ կամ որեւէ այլ արտոնություններ սահմանող դրույթներ նախատեսված չեն:
Գ. Պետրոսյանն ասում է, որ գործող Սահմանադրությամբ աշխատավարձը քաղաքացու վաստակած միջոցն է, նրա սեփականությունը, իսկ ավանդի վերադարձումը պետության կողմից ավանդատուի սեփականությունը վճարելու միջոց: Հաշվի չառնվեց այն, որ տարեց ավանդատուներն ունեն ամենօրյա խնամքի, դեղեր գնելու կարիք, անապահով են դարձել պետության պարտավորությունները չկատարելու հետեւանքով, այն դեպքում, երբ միայն Ռուսաստանն իր Ֆրանսիա արտագաղթողներին այս տարիներին կարողացավ վճարել 447 մլն ռուբլի:
Գ. Պետրոսյանն ասում է, որ տվյալ դեպքում շահողը իրար պաս տվող իշխանություններն են, որոնք մատը մատին չեն խփում՝ իրենց ավանդները ստանալու համար: Ավանդատուն մերժվում է իր բանկային ներդրումը կտակել ժառանգներին, այն դեպքում, երբ օրենքով ավանդը մահացածի սեփականությունն է եւ հանձնվում է ժառանգներին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
14.06.2019 թ.
տաս հատ հեղափոխություն էլ անեք, միևնույնն է մեծ մեղք եք վերցրել ձեր վրա, պարոնայք Հայաստանի կառավարիչներ։ Փաստորենև, Հայաստանի անկախ պետությունը կողոպտել է ժողովրդի խնայողությունները սովետի ժամանակից ու սպասում է, որ ավանդատուները պարզապես մեռնեն։ Առանց կտակելու իրավունքի։ Տեսնենք սա որևէ ընթերցողի հուզում է՞։