Լրահոս
Օրվա լրահոսը

Վաշինգտոնի առաջին քայլերն ընդդեմ Էրդողանի իշխանության

Հունիս 14,2019 12:00

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Թուրքիայի իշխանությունները չհրաժարվեցին ռուսական S-400 հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգեր գնելու գործարքից։ Այժմ Միացյալ Նահանգներն առաջին կոնկրետ քայլերն է անում ընդդեմ ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի:

Ներկայացուցիչների տունը հավանություն է տվել Թուրքիայի հարցով մայիսից շրջանառության մեջ դրված բանաձեւին, իսկ ռազմական ղեկավարությունը դադարեցրել է թուրք օդաչուների ու հրահանգիչների ուսուցումը, որոնք ԱՄՆ էին ժամանել F-35 ռազմական օդանավերի կառավարումը սովորելու նպատակով: Նրանց համար փակվել է նաեւ օդանավերի տեխնիկական ինֆորմացիան: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի՝ Foreign Policy ամսագիրը գրում է, որ Արիզոնայի ավիաբազայում վերապատրաստվելու նպատակով 4 թուրք ռազմական օդաչու եւ 2 հրահանգիչ կա: Վաշինգտոնն Անկարայից պահանջել է հրաժարվել ռուսական S-400 հրթիռային համակարգեր գնելու գործարքից՝ վերջնական որոշում ընդունելու համար ժամանակ տալով մինչեւ հուլիսի 31-ը:

Եթե Թուրքիան չհրաժարվի այս գործարքից, ապա Վաշինգտոնը կչեղարկի F-35 կործանիչները Թուրքիային վաճառելու համաձայնագիրը եւ կդադարեցվեն այդ գործարքի հետ կապված հարակից ծրագրերը: Ըստ Foreign Policy-ի, Պենտագոնն արդեն նախնական բանակցություններ է վարում Թուրքիայի պաշտպանության նախարարության հետ՝ F-35-ի համար Թուրքիայի նախապես վճարված գումարը՝ կանխավճարը, վերադարձնելու համար:

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների տունը օրերս ընդունեց մայիսից Կոնգրեսում շրջանառության մեջ դրված բանաձեւը, որը Թուրքիային կոչ է անում հրաժարվել S-400 համակարգը գնելու գործարքից, հակառակ դեպքում՝ սպառնալով պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ: Բանաձեւում նշված է, որ Թուրքիայի կողմից ռուսական S-400 հրթիռային համակարգեր ձեռք բերելը կխարխլի ԱՄՆ-ի գլխավորած տրանսատլանտյան պաշտպանական դաշինքը:

Պաշտոնական Անկարան արձագանքեց Կոնգրեսին՝ նշելով, թե ընդունված բանաձեւը անընդունելի սպառնալիք է Թուրքիային: Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարել է, թե բանաձեւն անարդարացի ու անհիմն մեղադրանք է պարունակում Թուրքիայի արտաքին քաղաքականության եւ արդարադատության համակարգի վերաբերյալ. «Անընդունելի է որոշումներ ընդունել, որոնք չեն նպաստում փոխադարձ վստահության ամրապնդմանը, շարունակում են խոսել սպառնալիքների ու պատժամիջոցների լեզվով եւ սահմանում են արհեստական ժամկետներ»:
Կոնգրեսի քննարկումներին Ներկայացուցիչների տան արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլիոթ Էնգելն ասել է. «Արտաքին հարաբերություններում մենք սա հազվադեպ ենք տեսնում, բայց սա սեւ-սպիտակ հարց է: Երրորդ տարբերակ չկա: Կա՛մ պարոն Էրդողանը չեղարկում է Ռուսաստանի հետ գործարքը, կա՛մ՝ ոչ: Թուրքիան չի կարող միաժամանակ ռուսական սպառազինություն եւ ամերիկյան F-35 ունենալ»:

Թուրքիայի համար սա միակ տհաճ լուրը չէր։ Նախօրեին ՆԱՏՕ-ի անդամ Նիդեռլանդների խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանության մասին Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությունը դատապարտող բանաձեւը: Այս մասին Twitter-ում հայտնել էր Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանը:
Բանաձեւը ներկայացրել է Քրիստոնեական միության խմբակցության անդամ, պատգամավոր Ջոել Վորդեւինդը: Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) պնդել էր, որ խորհրդարանը միջոցներ ձեռնարկի այդ անընդունելի արտահայտությունների կապակցությամբ։ Արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկը բացասական կարծիք չէր հայտնել, եւ դրա ընդունումը թողել էր խորհրդարանի հայեցողությանը: Այս տարվա մայիսին Նիդեռլանդների խորհրդարանում տեղի ունեցած Թուրքիայի իրավիճակի մասին քննարկումների ժամանակ տարբեր խմբակցությունների պատգամավորներ դիմել էին արտգործնախարար Ստեֆ Բլոկին՝ կոչ անելով դատապարտել Թուրքիայի անթույլատրելի ժխտողական քաղաքականությունը։

Ինչ վերաբերում է ԱՄՆ-Թուրքիա փոխհարաբերություններին, ապա վերջին մի քանի ամիսներին համառ դիմակայություն ու դիվանագիտական փոխհրաձգություն է։ Չնայած Վաշինգտոնի տված վերջնագրերին ու հնարավոր պատժամիջոցներին՝ Անկարան շարունակ պնդում է՝ ռուսական S-400 հակաօդային պաշտպանության միջոցներից հրաժարվելու միտք չունի:
Նախօրեին Պենտագոնը հայտարարել էր, թե պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը նամակ է հղել թուրք գործընկերոջն ու մինչեւ հուլիսի 26-ը ժամանակ տվել՝ վիճահարույց այդ որոշումը վերանայելու համար: «Թուրքիայի իշխանությունները պետք է ընտրություն կատարեն ռուսական արտադրության C-400 զենիթային համակարգերի եւ ամերիկյան արտադրության F-35 օդանավերի միջեւ: Սպառազինության այս երկու տեսակների միաժամանակյա ձեռքբերումը բացառվում է», – պնդել էր Պենտագոնի ղեկավարը:

Ի պատասխան՝ Թուրքիայի ռազմական արդյունաբերության գծով գերատեսչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը նշել է, թե Անկարան բազմիցս փորձել է Վաշինգտոնի հետ քննարկել խնդիրը, ԱՄՆ-ն, սակայն, չի ընդառաջել. «Մենք բազմիցս ասել ենք, որ պատրաստ ենք քննարկել ամերիկյան կողմի մտահոգությունները, եթե դրանք կապված են Թուրքիայում S-400-ների տեղակայման հետ, սակայն նրանք որեւէ քայլ չարեցին տեխնիկական թիմ ձեւավորելու եւ այդ հարցերը քննարկելու համար»: Թուրքիայի պաշտպանական ոլորտի բարձրաստիճան պաշտոնյան նաեւ նշել էր, որ Անկարան պատասխան նամակ է ուղարկել Պենտագոնի ղեկավարին, մանրամասները, սակայն, չէր հրապարակել:

Նկատենք, որ վերջին մի քանի ամիսներին Թուրքիայի նախագահը բազմիցս վստահեցնում էր, որ ռուսական կողմի հետ կնքված գործարքը վերանայման ենթակա չէ: «Մենք արդեն գծել ենք S-400 համակարգերի մատակարարման ճանապարհային քարտեզը եւ համապատասխան քայլեր ենք ձեռնարկել, ամեն ինչ ավարտված է: Նրանք, ովքեր ուզում կամ առաջարկում են մեզ հրաժարվել գործարքից, իրականում մեզ լավ չեն ճանաչում», – ասել էր Ռեջեփ Էրդողանը:

Պենտագոնը, իր հերթին, անցած շաբաթ Անկարա ուղարկած նամակով զգուշացրել էր՝ եթե ՆԱՏՕ-ի դաշնակից երկիրը որոշումը չփոխի, դուրս կմնա ամերիկյան F-35 -կործանիչների ծրագրից: «Մենք այլեւս չենք վերապատրաստի թուրք օդաչուներին, այս պահին ԱՄՆ-ում վերապատրաստում անցնողներն էլ կվերադառնան հայրենիք, քանի որ նրանց անհրաժեշտ չէ հավելյալ հմտությունների տիրապետել», – գրել էր Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարի պաշտոնակատարը, ընդգծելով՝ երկկողմ հարաբերություններից բացի, այդ գործարքը սպառնում է նաեւ ՆԱՏՕ-ի հետ Թուրքիայի հարաբերություններին, վնասում է Թուրքիայի տնտեսությանն ու մեծացնում այդ երկրի կախվածությունը Ռուսաստանից:

ԱՄՆ-Թուրքիա սրված հարաբերությունների ֆոնին երկու երկրների պաշտպանության նախարարները պատրաստվում են դեմ առ դեմ բանակցությունների: Հունիսի 26-27-ը Հուլուսի Աքարն ու Պատրիկ Շանահանը կհանդիպեն Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում:
Ի դեպ, ռուսական կողմը նախօրեին հայտարարել է, թե մտադիր է իր S-400 (C-400) հակահրթիռային պաշտպանության համակարգերը Թուրքիա հասցնել հուլիսին։ Կրեմլի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Յուրի Ուշակովը լրագրողներին ասել է. «Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունները տվյալ համատեքստում ժամանակին կատարվում են, երկու կողմից էլ խնդիրներ չկան»: Հարցին, թե արդյոք հակահրթիռային համակարգերը Թուրքիա կհասնեն հուլիսին, Ուշակովը պատասխանել է. «Այո, ինչպես պլանավորել ենք»:

 

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

14.06.2019 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930