Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե պետությունը ծխելու հարցը լուծեր, ես պարտավոր չէի լինի այս ամեն ինչի միջով անցնել». երթուղայինում տեղի ունեցած միջադեպի մասնակից

Հունիս 13,2019 23:20

«Մեր հանրային տրանսպորտը շատ վատ վիճակում է, չունենք պետության կողմից այդ խնդրի կառավարում: Եթե պետությունն այդ ծխելու հարցը լուծեր, ես պարտավոր չէի լինի հիմա այս ամեն ինչի միջով անցնել, պետությունը պետք լուծի այդ հարցը, ոչ թե քաղաքացիների վզին դնի այդ խնդիրները: Մենք դրա համար ենք ընտրում կառավարություն, պետական մարմիններ, որոնք պետք է այս հարցերով զբաղվեն:

Ես պարտավոր չեմ ամեն անգամ երթուղային տաքսի նստել ու մտածել, թե վարորդը հեսա սիգարետն էլի կվառի ու էլի ես պետք է խնդրեմ՝ հանգցնի, որովհետեւ ծուխը բաց պատուհանից ուղիղ դեմքիս է գալիս, իսկ, շատ դեպքերում, նույնիսկ վառված մոխիրը մարդկանց աչքերի մեջ է լցվում, ու ես տեսել եմ՝ ձայն չեն հանում: Չեմ ուզում այդ նույն վերաբերմունքը հանդուրժենք, որովհետեւ այսքան տարի մենք նախորդ կառավարությանը հանդուրժել ենք այդ մարդկանց պատճառով, որ միշտ ամեն ինչ հանդուրժում են ու ուրիշներին էլ մեղադրում են չհանդուրժելու համար»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց օրեր առաջ 46 երթուղային տաքսու վարորդներից մեկի հետ ծխելու համար միջադեպ ունեցած Անի Խաչատրյանը:

Անդրադառնալով միջադեպից հետո վարորդի աշխատանքից ազատման որոշման համար իրեն ուղղված մեղադրանքներին՝ նա ասաց, որ առաջին անգամ չէ, որ երթուղայինում ծխող վարորդին խնդրում է սիգարետը հագցնել. «Հիմնական դեպքերում, երբ խնդրում եմ սիգարետը հանգցնել, հանգիստ հանգցնում են: Ինձ մեղադրողները, թե սադրել եմ, ի՞նչ է իրենց թվում է՝ ես հոգեկան շեղո՞ւմներ ունեմ կամ ոչ ադեկվատ մա՞րդ եմ, որ պետք է միանգամից վարորդի վրա գոռայի, ասեի սիգարետդ հանգցրու: Չնայած մյուս կողմից՝ ծխելն արգելված է, ու ինքն օրենք է խախտում, բայց ես ամեն անգամ ուղղակի խնդրում եմ, որ հանգցնեն:

Երբ ասում են՝ չէ, տեղեկացնում եմ, որ դրա համար տուգանք է հասնում ու ծխելն արգելված է հանրային տրանսպորտում, ինչին ի պատասխան այս վարորդն ինձ ասաց՝ ոչ մեկ ոչ մի բան չի կարող ինձ անել: Մեքենան կանգնեցրեց, ասաց՝ իջիր մեքենայից, այդ ժամանակ տեսախցիկը միացրել եմ, ասել եմ՝ դե հիմա էդ ամեն ինչը տեսախցիկի առաջ ասա: Էդ որ ասում են՝ պետք է հանգիստ խնդրեիր, իսկ դուք ի՞նչ գիտեք, թե ես սկզբից ոնց եմ խնդրել կամ կարո՞ղ է ամեն անգամ մարդուն խնդրելուց տեսախցիկը միացնես, նոր խնդրես, որ նման ոչ ադեկվատների համար ապացույց ունենաս: Ես ոչ մեկին ապացուցելու բան չունեմ, արել եմ այն, ինչն իմ իրավունքներից է բխում, ու ես առաջին անգամ չեմ ասել ու այնպես չէ, որ հեղափոխությունից հետո եմ լեզու առել, ես Սերժի ժամանակ էլ եմ պայքարել, միշտ էլ պայքարել եմ ու միշտ էլ քարկոծվել եմ դրա համար:

Իմ դեմ արշավն առաջին անգամ չէ, Ամուլսարի թեմայով էլ են իմ դեմ արշավ սկսել, Տարոնի ֆանատներն էին իմ դեմ արշավ սկսել, այնպես որ հայտնվում է այսպիսի մասսա, որ ֆեյք էջերով փորձում են արհեստականորեն տրամադրություն ստեղծել»:

Մեր հարցին, թե վարորդին հասնո՞ւմ էր աշխատանքից զրկվելը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ես պարզապես բարձրաձայնել եմ երեւույթի մասին, հետո պետական կառույցներն են որոշել՝ ինչ անեն դրա հետ: Երբ ինձ ասում են՝ դու հանեցիր գործից, ես գործից չեմ հանել… թող մարդը պահի իրեն օրենքի սահմաններում ու համապատասխան ձեւով»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ Անի Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Ռուբեն says:

    Հրաշք աղջիկ և անտարբեր հասարակություն՝ ահա ամբողջ պատճառը:

  2. Լուսինե says:

    Ես կասեյի, նորմալ աղջիկ և տգետ հասարակություն՝ ահա ամբողջ պատճառը։

  3. Սուրեն says:

    Հայ հասարակության այս տգիտությունը, այս ագրեսիվ ու անհանդուրժող պահվածքը վտանգավոր է որովհետև ոչ միայն անվտանգության խնդիրներ է առաջացնում այլ նաև շատ վատ ազդեցություն կարող է ունենալ մեր երկրի իմիջի ու հետևաբար տնտեսության վրա որովհետև ոչ ոք չի ուզենա նման ագրեսիվ միջավայրում ներդրում անել կամ էլ ընդհանրապես տեղափոխվել ՀՀ: Իրավապահ մարմինները պետք է շատ կոշտ արձագանքեն: Էս հանրապետական/դաշնակցակամ բռնի մշակույթը թույլ չենք տալու որ հաղթի կամ տարածվի:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930