Շիրակի պետական համալսարանի դասախոս Գագիկ Համբարյանն,անդրադառնալով ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի այն հայտարարությունը, թե Շիրակի պետական համալսարանում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը չշտկվելու դեպքում հարց կդնեն բուհի կամ լուծարման կամ միավորումների, կարծիք հայտնեց, որ այս ամենն անում են նախարարի յուրայինին ռեկտոր կարգելու համար։ Ըստ մեր զրուցակցի, այն, ինչ հնչեցրեց նախարարը երեկ, Գյումրիում վաղուց էր շրջանառվում, նրա ծրագիրը վաղուց գիտեին։
«Ինձ համար ուղղակի անընդունելի է այն հանգամանքը, որ նախարարը կարող է իրեն թույլ տալ այդպիսի արտահայտություններ անել մի բուհի հասցեին, որն ունի 85-ամյա պատմություն։ Այսինքն՝ եթե կան ինչ-որ խնդիրներ, դրանց լուծման փոխարեն պետք է գլխատե՞ն։ Այս խոսակցությունները, որ Շիրակի պետական համալսարանը պետք է լուծարվի, շատ վաղուց էին պտտվում քաղաքում, և ես շատ վաղուց եմ այդ հարցին անդրադարձել իմ գրառումներում։ Պարոն նախարարի հայտարարությունն ընդամենը փաստեց այն իրողությունը, որ իշխանությունները ոչ թե մտածում են բարելավել կամ բարեփոխումներ անցկացնել Շիրակի պետական համալսարանում, այլ գնալ իրենց ցանկալի ուղիով․, այսինքն` Շիրակի պետական համալսարանը լիկվիդացնել և նրա փլատակների վրա ինչ-որ մուտանտ բուհ ստեղծել, որի մեջ կմտնեն նաև երևանյան բուհերի մասնաճյուղերը, որոնք գործում են Գյումրիում և ամենկարևորը՝ իշխանությունների համար այդ բուհի ռեկտոր նշանակել իրենց յուրայինին»,- ասաց Գագիկ Համբարյանը։
Ըստ նրա, Գյումրիում գործող տարբեր բուհերի մասնաճյուղերը պիտի միավորվեն Շիրակի պետական համալսարանին, որովհետև դրանք այնքան փոքր են, որ նույնիսկ Շիրակի պետական համալսարանի մի ֆակուլտետի չափ ուսանող չունեն։
«Հիմա նախարարն ինչպե՞ս է պատկերացնում, 85-ամյա բուհը կործանի, ինչ է թե իր յուրայինին պիտի նշանակի ռեկտո՞ր», -ասում է Գագիկ Համբարյանը։
Կարդացեք նաև
Նա նաև նշում է, որ նախարարին ապատեղեկատվություն են տրամադրել բուհի ֆինանսական վիճակի մասին։
«Ի՞նչ է նշանակում Շիրակի պետական համալսարանը ֆինանսական խնդիրներ չունի, ո՞վ է այդ ապատեղեկատվության հեղինակը, որ պարոն Հարությունյանն այդ ապատեղեկատվությունը բարձրաձայնում է Ազգային ժողովում։ Շատ հետաքրքիր է, բա 2018 թվականի սեպտեմբերի 1-ին գիտական խորհրդի և հոգաբարձուների խորհրդի ընդլայնված նիստը, որը տեղի ունեցավ, մոտավորապես 4-5 ժամ ի՞նչ էինք քննարկում։ Այսինքն` մենք քննարկել ենք մի հարց, որն իրականում չկա, պարոն նախարարը գտնում է, որ մենք շատ լավ ֆինանսական վիճակում ենք», -ասում է Գագիկ Համբարյանը։
Ըստ նրա, ռեկտորի ժ/պ Երվանդ Սերոբյանը չի կարողանում նորմալացնել բուհի բարոյահոգեբանական մթնոլորտը։
«Ռեկտորի ժ/պ-ն գտնում է, որ իրոք կան այդ խմբավորումները և շատ տարօրինակ ձևով ինքը չի փորձում այդ խմբավորումների հետ նորմալ հարաբերություններ հաստատել։ Նախ ի՞նչ է նշանակում խմբավորում, խմբավորում բոլոր բուհերում, բոլոր կոլեկտիվներում էլ կան, իսկ ո՞վ է ասել, որ մեկը մյուսի հետ պետք է հավասար հարաբերություններ ունենան։ Արայիկ Հարությունյանը լավ կլինի բարձրաձայնի, թե իրեն ո՞ր խմբավորումից է այս ապատեղեկատվությունը, ինքը չի փորձում որևիցե մեկի հետ կապ հաստատել կամ գալ բուհի աշխատակիցների հետ հանդիպման, ինքն անընդհատ իր յուրայինների միջոցով է այս տեղեկատվությունը ստանում և փորձում է դա ընդունել որպես վերջին արդարություն և բարձրաձայնում է։
Ի՞նչ խմբավորման մասին է խոսքը, եթե ես բարձրաձայնում եմ Շիրակի պետական համալսարանում գոյություն ունեցող ապօրինությունների մասին, ուրեմն դա խմբավորո՞ւմ է, իսկ մի մասն էլ, որոնց հետ ինքը սերտ կապեր ունի, չեն բարձրաձայնում, մյուս խմբավորո՞ւմն են, չեմ հասկանում։ Բուհում գոյություն ունեցող խնդիրների լուծման համար պիտի ընտրվի բուհը լիկվիդացնելու գաղափա՞րը։ Սա ուղղակի անընդունելի է»։
Գագիկ Համբարյանը նաև հարցնում է, թե ինչու ՊՎԾ-ի մակարդակով որևէ ստուգում չի եղել Շիրակի պետական համալսարանում, երբ կան բացահայտ խախտումներ, ֆինանսական չարաշահումներ, խայտառակ մրցույթներ «Նոր կենտ» ծրագրով։
«Սա հովանավորչություն է իշխանությունների կողմից ապօրինություններին և անօրինականություններին։ Ես բարձրաձայն կարող եմ հիմա էլ պարոն նախարարին պատասխանել, որ, այո՛, պարոն նախարար, դուք հովանավորում եք ապօրինությունները Շիրակի պետական համալսարանում, որովհետև մեկ տարուց ավել նշանակված ռեկտորը նախ չի կարող կարգի հրավիրել բուհը և ինչո՞ւ տեղի չեն ունենում ստուգումներ։ Եվ ամենակարևոր հարցերից մեկը, որն ինձ շատ է հուզում՝ ինչպե՞ս է ստացվում, որ Երևանի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար պետք է նշանակվի այն անձը, ով պետք է համապատասխանի ռեկտորի պաշտոնի համար դրված պահանջներին, իսկ Շիրակի պետական համալսարանում ռեկտորի ժ/պ-ն չի համապատասխանում ռեկտորի պաշտոնի համար դրված պահանջներին»,- ասում է Գագիկ Համբարյանը։
Ըստ Գագիկ Համբարյանի, ինչպե՞ս է լինում, որ ԵՊՀ-ում ռեկտորի պաշտոնակատարին ընտրում են, իսկ Շիրակի պետական համալսարանում նախարարն է նշանակում, դրանից հետո ռեկտոր չեն ընտրում։ Դասախոսի ասելով, այս փաստերը խորհելու, մտորելու տեղիք են տալիս։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ