Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոլոր բուհերում էլ կան բարոյահոգեբանական խնդիրներ, ի՞նչ անենք, լուծարե՞նք»․ դասախոսը՝ նախարարին

Հունիս 13,2019 19:44

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի այն հայտարարությունը, թե Շիրակի պետական համալսարանում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը չշտկվելու դեպքում հարց կդնեն բուհի կամ լուծարման կամ միավորումների, մտահոգության մեջ է գցել բուհի աշխատակիցներից շատերին։ Այսօր բավական լարված իրավիճակ էր բուհում․ աշխատակիցներն անտրամադիր էին, նույնիսկ գիտխորհրդի նիստ գումարեցին՝ պատասխանելով նախարարին, նրան հայտնելով, որ բուհի մասին իրեն ներկայացված տեղեկատվությունը կողմնակալ է ու ընտրողական, և որ կան ուժեր, որոնք հեռահար հավակնություններ ունեն, այդ պատճառով էլ փորձում են բուհի ճակատագիրը դնել զոհասեղանին։

ՇՊՀ պատմության և փիլիսոփայության դասախոս Արշավիր Գասպարյանն Aravot.am-ի հետ զրույցում կտրականապես դեմ արտահայտվեց բուհի լուծարմանը։ «Շիրակի պետական համալսարանն այս մարզի մայր բուհն է, և եթե քննարկվում է միավորման գործընթացը, կա այդպիսի ծրագիր, ապա դա պետք է իրականացնել Շիրակի պետական համալսարանի գլխավորությամբ։ Եվ եթե կա կարիք, ինձ թվում է գուցե և կա կարիք՝ կապված ուսանողության քանակի պակասելու հետ, Շիրակի մյուս բուհերը իրենք պետք է միավորվեն Շիրակի պետական համալսարանին»,-ասաց մեր զրուցակիցը։

Մեր դիտարկմանը, որ որպես պատճառ նախարարը նշում է բարոհյահոգեբանական վատ մթնոլորտը, Արշավիր Գասպարյանն ասաց․ «Բարոյահոգեբանական մթնոլորտ ասվածը լայն հասկացություն է, նախ պետք է կարևորենք՝ ի՞նչ ենք հասկանում բարոյահոգեբանական մթնոլորտ ասելով և չեմ գտնում, որ ինչ-որ մարդկանց, խմբակների շահերով պայմանավորված՝ պետք է բուհի կարգավիճակի հարցում փոփոխություն լինի։ Ընդհակառակը ես գտնում եմ, որ պետք է այդ ամենը կարգավորվի և դրանք չպետք է պատճառ դառնան, որպեսզի ազդեն բուհի բնականոն գործունեության ընթացքի վրա։ Դրանք շատ հեշտությամբ կարելի է կարգավորել, որն էլ հնարավորություն կտա Շիրակի պետական համալսարանին շարունակել իր գործունեությունը։ Իմ կարծիքով, բոլոր բուհերում էլ կան բարոյահոգեբանական խնդիրներ, ուղղակի պետք է ճիշտ միջոցներ կիրառել այդ ամենը վերացնելու, հարթելու համար»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930