Լրահոս
Օրվա լրահոսը

Ուղղակի կապվածություն խորհրդարանական ընտրությունների եւ ներդրումների միջեւ գոյություն չունի, սա բացասական ազդակ էր խոշոր ներդրողներին. Սուրեն Պարսյան

Հունիս 13,2019 18:45

Երեկ ՀՀ նախկին վարչապետ  Հրանտ Բագրատյանը մտահոգություն հայտնեց, որ ուղղակի ներդրումների հոսքը 11 անգամ պակասել է: Մոտ մեկ ամիս առաջ էլ ներդրումների մակարդակը մտահոգիչ համարեց տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:

Ինչո՞ւ են ներդրումները նվազել, կառավարությունն այս մեկ տարվա ընթացքում ի՞նչ պետք է աներ, որ չարեց: Aravot.am-ն այսպիսի հարցեր ուղղեց տնտեսագետ Սուրեն Պարսյանին:

Մեր այն դիտարկմանը, թե մեկ տարի առաջ կառավարության պատասխանատուները վստահ էին, որ հեղափոխական ալիքի վրա ներդրումները ոչ միայն չեն նվազելու, այլ՝ մի բան էլ ավելանալու են, բայց այսօր հակառակ պատկեր ենք տեսնում, Սուրեն Պարսյանն ասաց, որ մեր ներդրումային միջավայրի վրա ազդող մի շարք գործոններ կան՝օբյեկտիվ եւ սուբյեկտիվ:

Տնտեսագետի համոզմամբ, օբյեկտիվ գործոնն այն է, որ մեր շուկան բավականին փոքր է եւ մեր ինտեգրացիոն կապերը չենք օգտագործում ամբողջ ծավալով. «Մենք ունենք լավ հնարավորություն արտահանում իրականացնել դեպի ԵԱՏՄ երկրներ, Եվրամիություն, ԱՄՆ, շուտով նաեւ Իրանի հետ ուժի մեջ կմտնի ազատ առեւտրի համաձայնագիրը, սակայն կառավարությունը եւ բիզնես հանրությունը բավարար չափով տեղեկացված չեն այս հնարավորություններից եւ չի օգտագործում դա»,-ասաց պարոն Պարսյանը՝ նշելով, որ ներդրումների խոչընդոտներից են նաեւ ենթակառուցվածքները, որոնք շարունակում են մնալ բավականին անմխիթար վիճակում. «Այս կառավարությունը եւս շարունակում է նախորդ կառավարության կողմից ձախողված նույն Հյուսիս-հարավ ռազմավարական ծրագրի նման ծրագիրը:

Ըստ ծրագրի, երկրորդ, երրորդ տրանշերը, որոնք գտնվում են Աշտարակ-Գյումրի հատվածում, պետք է ավարտվեր 2019 թվականի սեպտեմբերին, սակայն անզեն աչքով էլ երեւում է,որ այն չի ավարտվելու 2019-ին եւ ստիպված ենք լինելու երկարացնել»:

Ներդրումների նվազման պատճառներից մեկն էլ տնտեսագետ Սուրեն Պարսյանը պայմանավորում է հարկային դաշտի անընդհատ փոփոխություններով, ինչը ներդրումների տեսանկյունից երկիրը չի դարձնում գրավիչ. «Ընդհակառակը ռիսկային է դարձնում: Բացի այդ, Հարկային փաթեթի շրջանակներում հանվում է Հարկային օրենսգրքից այն դրույթը, համաձայն որի, մեկ տարվա ընթացքում նոր հարկատեսակ կամ հարկաչափի բարձրացում չի լինի: Երբ որ այդ դրույթը հանում ես, ցանկացած ժամանակ կառավարությունը կարող է մտնել Ազգային ժողով եւ նոր հարկատեսակ առաջարկի կամ հարկաչափ բարձրացնի»:

Սուբյեկտիվ գործոնն, ըստ պարոն Պարսյանի, այն է, որ այս կառավարությունը քաղաքական գործընթացներն ուղղակիորեն կապել է տնտեսական գործընթացների հետ. «Մասնավորապես՝ կառավարությունը նշեց, որ խորհրդարանական ընտրություններով պայմանավորված, մեր ներդրումները կավելանան,ինչը միջազգային խոշոր ներդրողների համար ընկալելի չեղավ, որովհետեւ, ուղղակի կապվածություն խորհրդարանական ընտրությունների եւ ներդրումների միջեւ գոյություն չունի, սա բացասական ազդակ էր խոշոր ներդրողներին»:

Երկրորդ սուբյեկտիվ գործոնն, ըստ պարոն Պարսյանի, քաղաքական սեւ-սպիտակ տարանջատումն էր, որը նաեւ տեղափոխվեց տնտեսական դաշտ, բաժանվեց սեւ եւ սպիտակ տնտեսավարողների, բիզնեսմենների. «Այն գործարարները, որոնք մոտ են կանգնած իշխանություններին կամ փողեր են փոխանցում այս կամ այն հիմնադրամին, նրանք ստանում են «սպիտակի» կարգավիճակ եւ նրանց նկատմամբ որեւիցե հակաքարոզչություն, որեւէ պատժիչ միջոցառումներ, նվաստացումներ չեն իրականացվում: Իսկ այն բիզնեսմենները, որոնք «սեւ» դաշտում են, կապված են նախկին իշխանությունների հետ, նրանց նկատմամբ իրականացվում են պատժիչ միջոցառումներ եւ այլն: Սա ճիշտ մոտեցում չէ եւ սրա արդյունքում, հատկապես, մեր ներքին ներդրողները որոշակի երաշխիքների խնդիր են ունենում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Daniel says:

    Անորակ, կողմնակալ «դաշնակցական» վերլուծություն: 2019 թվականի հունվար-մարտ ամիսների ուղղակի ներդրումները, առանց հանքաարդյւոնաբերական և կոնվերտորային պղինձի ոլորտի՝ կազմել են 21303.5 մլն.դրամ, որը 2018 թվականի համադրելի ցուցանիշի (11429.3 մլն.դրամ) նկատմամբ ավել է 9874.2 մլն.դրամով: Իսկ հանքաարդյունաբերական և պղնձի արադրության հետ կապված բոլորիս հայտնի են խնդիրները դրանք կապված են հիմնականում Լիդիանի գործունեության կասեցման հետ, որի հարցը կարող պարզ լինի հուլիս ամսին, թեղուտի հարցն է, որը կշահագործվի տարվա վերջ և Ալավերդու պղինձի գործարանի հարցն է: Այս խնդիրները նոր կառավարությունը ժառանգել է հնից

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930