Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ցանկանում եմ ծառայել հայոց բանակում, բայց ինձ անհիմն կալանքի տակ են պահում». 22-ամյա կալանավորը պատրաստ է հացադուլ հայտարարել

Հունիս 13,2019 17:44

ՀՀ զինապարտ քաղաքացի, «Արմավիր» ՔԿՀ-ի  կալանավորված անձ, 22-ամյա Գոռ Գորոյանը ցանկանում է իր պարտքը կատարել հայրենիքին, սակայն նրա պատմելով, «քննիչի պատճառով չի կարողանում»։ Խմբագրություն զանգահարած Գոռի խոսքով՝ 2013 թվականի փետրվարի 4-ից հաշվառված է ՀՀ ՊՆ Էջմիածնի զինկոմիսարիատում։2014-ին ընդունվելով Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի անվճար համակարգ՝ ստանում է տարկետման իրավունք մինչեւ 2018թ-ի հունիսի 28-ը։ Սակայն 2017 թ-ի սեպտեմբերի 23-ին հեռացվում է ԲՈՒՀ-ից, ներկայանում է զինկոմիսարիատ, անցնում է բուժզննում: Նա ենթակա է եղել զորակոչման՝ 2017թ-ի ձմեռային զորակոչին։

Գոռը «Սոսե մայրիկ» բարեգործական հիմնադրամի անդամ է եւ զբաղված էր տարբեր մարզերում՝ բարեգործական ծրագրերով։ Ծանուցագիր չի ստացել զինկոմիսարիատից, ուստի չի ներկայացել։ Նրա խոսքով զինկոմիսարիատում գիտեին իր բնակության հասցեն։

Անկեղծանում է՝ ինքը երբեք չի հետաքրքրվել, թե ինչո՞ւ չեն կանչում բանակ։ Հետագայում պարզվում է՝ խուսափել է զինծառայությունից, հարուցվում է քրգործ եւ մեղադրանք է առաջադրվում ՀՀ քրօրենսգրքի 327 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Այն է՝ ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելը՝ այդ ծառայությունից ազատվելու օրինական հիմքերի բացակայության դեպքում։ Պատիժը՝ երկու ամիս կալանքից՝ մինչեւ երկու տարի ազատազրկում։

Գոռի խոսքով՝ ինքը մինչեւ հիմա լռել է՝ հույս ունենալով, որ շուտով կազատվի ու կզորակոչվի բանակ։ «Բայց երեկ դատական առաջին նիստն էր։ Պարզվեց, որ իմ գործից փաստաթղթեր են անհետացել։ Մասնավորապես, որ ինքնակամ ներկայացել եմ քննչական, ասել եմ պատրաստ եմ ծառայելու, նաեւ չկան էն թղթերը, որ տարկետումը կորցնելուց հետո անցել եմ հանձնաժողով, պիտանի եմ ճանաչվել»,-պատմեց Գոռը։

Նախաքննական մարմինը, ըստ կալանավորված երիտասարդի՝ գործը կազմել է այնպես,  որ իբր «խուսափել եմ, չեմ ներկայացել»։ «Դատավորն էլ ասաց, որ եթե այդ փաստաթղթերը լինեն, ապա կազատի պատժից եւ կգնամ ծառայելու»,-ասաց Գոռը։ Նա արդեն դիմել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ գտնելու մեղավորներին սխալ նախաքննության համար, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին՝ խնդրելով վերականգնելու իր իրավունքները։«Ես առողջ եմ, ես պիտանի եմ, ես ուժեղ եմ։ Ես ցանկանում եմ ծառայել հայոց բանակում, բայց ինձ անհիմն կալանքի տակ են պահում»,- ասաց Գոռը՝ ավելացնելով, որ պատրաստ է դիմելու ծայրահեղ միջոցի՝ հացադուլի, որպեսզի իր պահանջը լսելի լինի պատկան մարմիններին։

Ավելացնենք, որ Գոռ Գորոյանը անազատության մեջ է 2019-ի ապրիլի 22-ից։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Լուսանկարը՝ Գոռ Գորոյանի ֆեյսբուքյան էջից

Հ.Գ.  ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Տիգրան Կարապետյանն արձագանքել է «Ես ցանկանում եմ ծառայել հայոց բանակում, բայց ինձ անհիմն կալանքի տակ են պահում.22-ամյա կալանավորը պատրաստ է հացադուլ հայտարարել»  հոդվածին։

«Անկեղծ զարմացա, որ նոր Հայաստանում հնարավոր է նման բարքեր։ Հենց այս պահից՝ ես ու իմ գործընկեր, առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի անդամ Արփի Դավոյանն արդեն սկսել ենք զբաղվել Գոռի գործով»,- ասաց Տիգրան Կարապետյանը։ Նրա խոսքով համապատասխան բոլոր ատյանները պիտի ամեն ինչ անեն, որպեսզի երիտասարդը զորակոչվի բանակ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930