Հունիսի 13-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպեց Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ։
Զոհրաբ Մնացականյանը և Ֆեդերիկա Մոգերինին քննարկեցին ՀՀ-ԵՄ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ: Կողմերն ընդգծեցին, որ Հայաստանի և Եվրամիության միջև գործընկերության խորհրդի երկրորդ նիստը լավ առիթ է՝ ամփոփելու և գնահատելու խորհրդի առաջին նիստից հետո կատարված աշխատանքները և ուրվագծելու գործընկերության շրջանակներում ձեռնարկվելիք հետագա քայլերը:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն առանձնահատուկ կարևորեց կառավարության որդեգրած բարեփոխումների և զարգացման օրակարգին ԵՄ աջակցության շարունակականությունը: ՀՀ ԱԳ նախարարը ընդգծեց ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսություն ծավալելու կարևորությունը՝ հատկապես մարդկանց միջև շփումներն ընդլայնելու համատեքստում:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք օրակարգային հարցերի շուրջ:
Կարդացեք նաև
Բարձր հանձնակատարի խնդրանքով նախարար Մնացականյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները։ Նախարար Մնացականյանն ընդգծեց խաղաղ գործընթացի առաջմղման համար բարենպաստ միջավայրի ձևավորման անհրաժեշտությունը և այս տեսակետից կարևորեց հրադադարի անվերապահ պահպանումը և ամրապնդումը: Երկուստեք արժևորեց վստահության ամրապնդման միջոցառումների և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստման պայմանավորվածությունների իրականացումը: Ֆեդերիկա Մոգերինին վերահաստատեց ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից հիմնահարցի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ գործադրվող ջանքերին։
ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ