«Անցումային արդարադատությունը գործիքակազմ է եւ ոչ թե գործընթաց: Նույն կերպ վեթինգի մասին առանձին օրենքն արդյունավետ լինել չի կարող»,-այսօր այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը: Ըստ նրա, հարկավոր է համակարգային փոփոխությունների փաթեթ, ոչ թե առանձին օրենք անցումային արդարադատության մասին:
Հարցին՝ այդ գործողությունների ընթացքում հնարավո՞ր է Սահմանադրական փոփոխություններ լինեն, փոխնախարարը պատասխանեց, որ եթե երկարաժամկետ գործողությունների ծրագրում նման բարեփոխումների անհրաժեշտություն լինի, գուցե սահմանադրական փոփոխություններ լինեն. «Բայց ինչ վերաբերում է վեթինգի գործընթացին, ապա դա բացառապես գործող Սահմանադրության եւ միջազգային պարտավորությունների շրջանակում է լինելու: Որեւէ այլ արտագործընթաց չի լինելու: Փաթեթը կարող է տարբեր անուն ունենալ՝ բարեվարքության գնահատում, վեթինգ՝ նայած ինչ տերմինաբանություն կընտրի կառավարությունը, բայց դա բովանդակային մասով բան չի փոխում»:
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Արդյոք վեթինգի արդյունքում ունեզրկման գործընթացներ կլինեն, Վարդապետյանն ասաց, որ ունեզրկում բառը տեղին չէ, բայց. «Մենք ունենք ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձման օրենքի նախագիծ, որն այս պահին գտնվում է միջազգային փորձաքննության փուլում, շուտով կտան եզրակացություն: Եվ սա չի վերաբերում միայն դատավորներին, սա վերաբերում է ապօրինի ճանապարհներով ձեռք բերված գույքին, ոչ թե անձին»:
Մանրամասն՝ տեսանյութում
Արդյոք միայն դատավորներին են ենթարկելու վեթինգի, թե ասենք՝ նախաքննական մարմնի աշխատակիցներին էլ. փոխնախարարն ասաց, որ վերջնական կարող է պատասխանել երբ նախագիծն ավարտեն, եւ արդարադատությունը միայն դատարանները չեն, գործողությունները հատվածային չեն լինելու: Արդյոք այդ ընթացքում դատարաններն անխափան կաշխատեն, փոխնախարարն ասաց, որ դա իրենց գերնպատակն է:
Մանրամասն՝ տեսանյութում
Հարցին՝ կարող ենք ասել, որ արդարադատության նախարարը հրաժարական տվեց, որովհետեւ այդ վեթինգի նախագծի վրա թերի էր աշխատում, Վարդապետյանը բացասական պատասխան տվեց:
Aravot.am-ի հարցին էլ՝ կիսո՞ւմ նախկին նախարար Արտակ Զեյնալյանի կարծիքը՝ ՀՀ արդարադատության ոլորտի զարգացումը գնում է էվոլյուցիոն ճանապարհով եւ պե՞տք հեղափոխությունից հետո էվոլյուցիոն զարգացում, Վարդապետյանը պատասխանեց. «Եթե խոսում ենք կարճաժամկետ գործողությունների մասին, ապա պետք են հրատապ եւ նախկինից տարբերվող գործողություններ, իսկ եթե երկարաժամկետ՝ այո, էվոլյուցիոն»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ