«Ռազմինֆո» – Հունիսի 13-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ հունիսի 12-ի առավոտյան հայկական կողմը «ՕՍԱ» ԶՀՀ-ից փորձել է խոցել իրենց ավիացիոն միջոցները, սակայն հրթիռները թիրախին չեն դիպել:
Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարության տեքստում գրել է նաև, որ հարվածից հնարավոր է եղել խուսափել «իրենց ռազմական օդաչուների վարպետության և ժամանակակից տեխնիկայի շնորհիվ»: Նյութին կից հրապարակվել են նաև տեսանյութ և լուսանկարներ, որոնք, ըստ ադրբեջանական կողմի, արվել են ԱԹՍ-ից, ինչը ուղեկցում էր իրենց ավիացիոն միջոցներին՝ ուսումնական թռիչք կատարելիս:
Ադրբեջանական տեքստից կարող է տպավորություն ստեղծվել, թե հայկական կողմը փորձել է խոցել ուսումնական թռիչք կատարող ուղղաթիռ կամ ինքնաթիռ, ինչը, կարծում ենք՝ իրականությանը չի համապատասխանում մի քանի պատճառով:
- Նախ, դատելով հրապարակված տեսանյութից, հրթիռը շարժվում է դեպի հենց նկարող օբյեկտի՝ ԱԹՍ-ի ուղղությամբ, իսկ կադրում որևէ այլ թռչող օբյեկտ չկա:
- Հրապարակած կադրերից մենք կարողացել ենք հասկանալ վայրը, ինչը առաջնագծից դեպի հայկական տարածք շուրջ 13կմ խորության վրա է, այսինքն՝ սա չէր կարող լինել ուսումնական թռիչք:
- Բացի այդ, չենք կարող վստահ լինել՝ արդյոք տեսանյութը արվել է հենց հունիսի 12–ին, թե ոչ։
Ուստի կարծում ենք, որ հրթիռը շարժվել է հետախուզական թռիչք իրականացնող ադրբեջանական ԱԹՍ-ի ուղղությամբ, այլ ոչ թե ուսումնական թռիչք կատարող ինքնաթիռի կամ ուղղաթիռի: Մեզ հետ զրույցում ադրբեջանական կողմի պնդումները հերքեց նաև Պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը: