Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Լիլիթ Սարգսյանի, այսօր ավարտվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործի քննությունը:
Դատական ակտը կհրապարակվի հունիսի 24-ին:
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը հայց է ներկայացրել դատարան: Հայցի առարկան է՝ պարտավորեցնել պատասխանող Նիկոլ Փաշինյանին հրապարակային ներողություն խնդրել հետևյալ արտահայտության համար․ «Ասում է անձեռնմխելի է, ի՞նչ է նշանակում անձեռնմխելի է, այսինքն կարելի է մարդկանց սպանությունը կազմակել և ասել անձեռնմխելի եմ: Այդ որտե՞ղ է այդպես գրված»:
Նախօրեին կայացած դատական նիստում պատասխանող կողմի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանն ասաց․ «Այդ արտահայտությունը, որն արվել է Նիկոլ Փաշինյանի կողմից վերաբերվել է Սահմանադրաիրավական նորմի մեկնաբանությանը և միանշանակ չի վերաբերել պարոն Քոչարյանին»:
Կարդացեք նաև
Ուստիև այս պայմաններում՝ այսօրվա դատական նիստում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը գրավոր դիմում ներկայացրեց դատարանին՝ հայցից հրաժարվելու վերաբերյալ:
Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանը պահանջեց 650 հազար դրամ դատական ծախսերի համար. «Իմ վստահորդը կատարել էր դատական ծախսեր, բոլորդ գիտեք, որ իմ վստահորդի միակ եկամտի աղբյուրը աշխատավարձն է, և ես կարծում եմ, որպեսզի հետագայում կանխվի նմանատիպ անհիմն հայցերի ներկայացումն իմ վստահորդի դեմ, մենք հետամուտ ենք լինում, որ հետագայում այդ հարցը լուծվի և այն անձինք, ովքեր անհիմն հայցեր կներկայացնեն իմ վստահորդի դեմ, ապա այդ մարդիկ պետք է դրա համար վճարեն»:
«Ես ուղղակի պատասխանող կողմի ներկայացրած դատական ծախսերը համարեցի ոչ ողջամիտ՝ նկատի ունենալով, որ այս դատավարությունը փաստացի տեղի չի ունեցել: Եթե այս դատավարությունը տեղի ունենար եւ տեւեր բավական երկար ժամանակ, ապա ես էլ իմ հերթին դատական ծախսեր կներկայացնեի եւ դա կլիներ ողջամիտ»,–ասաց Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանը: