Լրահոս
Օրվա լրահոսը

Վահրամ Աթանեսյանը «հիմնավոր կասկածներ» ունի, որ Սամվել Բաբայանի համակիրները գումար են բաժանում

Հունիս 13,2019 14:48

Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր, քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանն այսօր ֆեյսբուքյան գրառում էր կատարել` դիմելով Արցախի իրավապահ մարմիններին: «Սահմանադրական փոփոխությունների նախագծին միանալու ստորագրահավաքի նախաձեռնող խմբի անդամները տեղերում շրջայցեր են կատարում քաղաքացիների տներ: Կան հիմնավոր կասկածներ, որ այդ ընթացքում գումար են բաժանում: Ներգրավվում են Հայաստանում եւ Ռուսաստանում բնակվող մարդիկ, որոնք այցելում են արցախաբնակ հարազատներին, բարեկամներին, համագյուղացիներին եւ փորձում համոզել, որ միանան ստորագրահավաքին: Ոստիկանությունը չի արձագանքում բազմաթիվ ահազանգերին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, տարածքային ընտրական հանձնաժողովները հրաժարվում են միջամտել եւ ստորագրահավաքը վերադարձնել օրինականության դաշտ: Ստորագրահավաքի կազմակերպիչները չեն խորշում մարդկանց վրա ազդելու եւ ոչ մի միջոցից: Այսպես շարունակվելու դեպքում իրավիճակը կարող է վերաճել լուրջ դիմակայության»,- գրել է նա:

Aravot.am-ի հետ զրույցում պարոն Աթանեսյանը հավելեց նաեւ, որ նախաձեռնող խմբում առանձնացված խմբեր կան, որ տրանսպորտային միջոցներ են օգտագործում՝ մարդկանց տներից համայնքապետարան տանելու-ետ բերելու համար. «Գյուղերում բնականոն կյանքը խաթարված է, ծագում են վեճեր, մարդիկ դժգոհում են, որ էդ խմբերից հանգիստ չունեն, նույնիսկ ուշ գիշերվա ժամերին են անհանգստացնում մարդկանց»: Վահրամ Աթանեսյանը չի բացառում, այս կերպ շարունակվելու դեպքում, բախումներ են լինելու:

Սահմանադրական փոփոխությունների նախագծին միանալու ստորագրահավաքի նախաձեռնող խմբի համակարգողներից Ամալյա Ասատրյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ նման բան չկա. «Եթե նույնիսկ հազար դրամի առաջարկ լինի` ես ինքս եմ պատրաստ դիմել ոստիկանություն: Այդպիսի բան հնարավոր չի, մենք բացառում ենք ցանկացած տեսակի կաշառք: Մարդիկ գալիս են, կամովին ներկայանում են եւ ստորագրում են: Մարդկանց ոչ ոք ոչ համոզում է, ոչ էլ ինչ-որ բան է առաջարկում: Դա ուղղակի սադրանք է: Մենք աշխատում ենք բաց եւ թափանցիկ, հրապարակային տարբեր եղանակներով մարդկանց ներկայացնում ենք, թե ի՞նչ է իրենից ներկայացնում նախագիծը»: Ամալյա Ասատրյանը միայն արձանագրում է, որ Վահրամ Աթանեսյանը մշտապես ընդդիմադիր է եղել Սամվել Բաբայանին եւ նրա հետ կապված բոլոր գործողություններին:

Հետաքրքրվեցինք` եթե հնչած ահազանգն իրականությանը չի համապատասխանում, պատրաստվո՞ւմ են իրենք զրպարտության հայց ներկայացնել Վահրամ Աթանեսյանի դեմ: Ամալյա Ասատրյանը պատասխանեց. «Չգիտեմ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Խոսենք փաստերով. մտահոգվողը թող հետաքրքրվի այն փաստով, թե ինչպես են Արայիկ Հարությունյանի կուսակցության շարքերում հայտնվել գյուղաբնակ զառամյալ՝ 90-ամյա ծերունիներ՝ իրենց ողջ գերդաստանով։ Դա հեշտ է ստուգել, այնպես չէ՞։ Եվ ինչու են գյուղերում պատմում, որ արդեն գիտեն, թե նախօրոք կազմած ցուցակներով իրենց գյուղերում կոնկրետ որ մարդիկն են ձայն տալու Արայիկ Հարությունյանին։ Սա էլ փաստ է և հեշտ է ստուգել։ Իսկ եթե Բաբայանի կողմնակիցները օրենք են խախտում, նույնպես պետք է փաստեր ներկայացնել և միայն դրանք հաստատվելուց հետո մեղադրել։ Եթե, իհարկե, տվյալ դեպքում մեզ անհանգստացնում է ոչ թե լրիվ ուրիշ բան, այլ հենց օրինախախտումների փաստը։

  2. Մանվել says:

    Աթանեսյանը անուղղակի հաստատեց որ Արցախում իշխանություն չկա; Այլապես ինչպես է հնարավոր համատարած կաշառք բաժանել և ոստիկանությունը դա չբացահայտի

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930